Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՒՌՆԱԼԻՍՏԱԿԱՆ ԴՎԻԺԵՆԻ ԶԱՍՏԱՎՈՒՄ»

Դեկտեմբեր 02,1999 00:00
sahman

Գրեթե այսպես որակեց լրագրողների այցելությունը Ամասիայի շրջանի Վահրամաբերդի սահմանապահ ուղեկալի հետադարձ ճանապարհին մեր ցուրտ ու դանդաղաշարժ ավտոբուսը բարձրացած տեղացի երիտասարդը, երբ իմացավ, թե ինչ գործով ենք հայտնվել իրենց կողմերում։

Ճիշտն ասած, լրագրողներիս համար այդպես էլ գաղտնիք մնաց, թե ինչո՞ւ են մեզ հասցրել աշխարհի ծայրին գտնվող այս ուղեկալը։ Համենայնդեպս, մենք համոզվեցինք, որ Հայաստանի սահմանները պաշտպանող ռուս սահմանապահներն իրենց ծառայությանը մոտենում են նույնքան լուրջ, որքան 10-15 տարի առաջ։ Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի օպերատիվ խմբի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Իվան Իվանովիչ Ժիրենկոն, որն ուղեկցում էր լրագրողներին Երեւանից ուղեկալ եւ ետ, եւ զինվորական ստոյիկությամբ դիմանում էր լրագրողներին բաժին հասած դժվարություններին, դեռեւս ճանապարհին, մեզ բաժանեց մամուլի հաղորդագրություն այն մասին, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած դեպքի կապակցությամբ ՀՀ նախագահը պարգեւատրել է Ռուսաստանի վեց սահմանապահների եւ երեք տեղացիների։

Դեպքի մասին մամուլում հրապարակումներ եղել են, այնուամենայնիվ, համառոտ կհիշեցնեմ երկամսյա վաղեմության պատահարը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.25-ին երկու թուրք սահմանապահներ, խախտելով պետական սահմանը, զինված պատանդ են վերցնում տեղացի երեք հովիվների։ Շուտով իրադրությունը փոխվում է. հովիվները զինաթափում են թուրք սահմանապահներին եւ նրանց քարշ տալիս դեպի սահմանապահ ուղեկալ։ Թուրքիայի վեց զինվորներ կրակ են բացում հովիվների վրա, որպեսզի փրկեն իրենց ընկերներին։ Ռուսական սահմանապահ ուղեկալից օգնության են հասնում հովիվներին եւ կրակ բացում թուրք զինվորների ուղղությամբ, որոնք փախուստի են դիմում՝ մի կերպ ազատելով հովիվների ձեռքն ընկած իրենց երկու զինակիցներին։ Քանի որ վերջիններս իրենց ողջ զենքն ու ռազմամթերքը չեն կարողանում ետ վերադարձնել, հայկական կողմը Թուրքիային համապատասխան բողոք է ներկայացնում, եւ Թուրքիայի սահմանապահ կոմիսարը ընդունում է իրենց մեղքը։ Սակայն երեկվա մեր այցելությունը Վահրամաբերդ չավարտվեց մամուլի հաղորդագրության տեքստին ծանոթանալով։ Ուղեկալում մենք տեսանք, թե ինչպես են սահման խախտողին ձերբակալում. հաստ կիսամուշտակ հագած զինվորի վրա «քսի» տվեցին հատուկ վարժեցրած շանը, տագնապով ոտքի հանեցին ողջ ուղեկալը, երեք կարմիր հրթիռ արձակեցին, որոնցից մեկը քիչ մնաց դիպչեր «Ավանգարդ» թերթի լուսանկարչին, իսկ մյուսի ընկած տեղում առաջացած հրդեհը «լոկալիզացվեց» եւ վտանգազերծվեց «Հայոց Աշխարհի» թղթակցի հակահրդեհային հմուտ գործողությունների շնորհիվ։

Խորհրդային լավագույն ավանդույթներով այսօր էլ ապրող սահմանապահ ուղեկալներում զգացվում է ոչ միայն հայ եւ ռուսաստանցի զինվորների համերաշխ, համատեղ ծառայությունը, այլեւ ռուս սահմանապահների եւ տեղի հայկական ստորաբաժանումների սերտ համագործակցությունը։ Յուրաքանչյուրն իր տեղում է։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031