Խնդիր մեկ անհայտով. գտնել տարբերությունները
Լիսաբոնյան (1996թ.) եւ ստամբուլյան (1999թ.) գագաթաժողովների զուգահեռներով ծանրաբեռնված մամուլը փորձում է ինչ-ինչ ձեռքբերումներ գտնել եւ ինչ-ինչ բացթողումներ ջրի երես հանել։ Այս երկու գագաթաժողովների միջեւ ինչ-որ բանի փնտրտուքը հասկանալի է՝ լիսաբոնյանում ներկայացված էր մեկ այլ Հայաստան՝ Լեւոն Տեր-Պետրոսյանով, իսկ ստամբուլյանում այսօրվա Հայաստանն է՝ Ռոբերտ Քոչարյանով եւ երկրի համար խիստ լարված այս ընթացքով։
Մենք ձեռնպահ կմնանք որեւէ վերաբերմունքից, պարզապես զուգահեռաբար ներկայացնենք ՀՀ նախագահ (1996թ.) Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ նախագահ (1999թ.) Ռոբերտ Քոչարյանի ելույթները, համապատասխանաբար՝ Լիսաբոնում եւ Ստամբուլում։
ԵԱՀԿ-ի մասին– Հատված Ռոբերտ Քոչարյանի ստամբուլյան ելույթից. «Մենք մտադիր ենք շարունակել մեր մասնակցությունը եվրոպական ինտեգրացիայի գործընթացներին եւ ակնկալում ենք ձեր աջակցությունը։ Ժամանակակից Եվրոպան մենք տեսնում ենք որպես բազմաշերտ քաղաքական կառույց, որի միջոցով իրագործվում է անվտանգության, ժողովրդավարության կառուցման, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ավելի զարգացած տնտեսական համակարգերի անցնելու խնդիրների լուծման կոլեկտիվ ձգտումը։ (…) Հայաստանը ձգտել է ԵԱՀԿ շրջանակների բոլոր գործընթացներում լինել, ինչպես իր ներդրումը բերող, այնպես էլ դրանց արդյունքներից օգտվող, հետեւողական գործընթաց։ Մեր համագործակցությունը ԵԱՀԿ հաստատությունների հետ առանցքային դեր ունի ժողովրդավարության խորացման եւ ընտրական համակարգի զարգացման, իրավական պետության հիմքերի ամրապնդման գործընթացներում»։
Կարդացեք նաև
ԵԱՀԿ-ի մասին– Հատված Լեւոն Տեր-Պետրոսյանի լիսաբոնյան ելույթից. «Հայաստանը բարձր է գնահատում իր անդամակցությունը ԵԱՀԿ-ին։ Մենք շատ բան սովորեցինք ջանալով մեր ավանդը ներդնել համաեվրոպական ինտեգրացմանն ուղղված շարժման մեջ։ Այս գործընթացներին մասնակցությունը լուրջ ջանքեր եւ պատասխանատվություն պահանջող պարտավորություններ է դնում մեզ վրա։ Սակայն այդ պարտավորությունները բնականորեն համապատասխանում են մեր շահերին ու նպատակներին եւ ազատ ընտրության հետեւանք են հանդիսանում»։
Սպառազինությունների եւ անվտանգության մասին– Ռոբերտ Քոչարյանի ելույթից. «Մենք մասնակից ենք Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի, որտեղ բանակցությունների ողջ ընթացքում եղել ենք բաց գործընկեր։ Մեր հավատարմությունը Եվրոպական անվտանգության խարտիային բոլոր փուլերում եղել է կայուն եւ հետեւողական»։
Սպառազինությունների եւ անվտանգության մասին– Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից. «Մեր ընդհանուր անվտանգության ապահովման կարեւորագույն ուղղությունը Եվրոպայում սովորական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրի կատարելագործումը, համապատասխանեցումն ու իրագործումն է։ Այդ գործընթացն էապես համալրվում է անվտանգության բնագավառում համագործակցության համաժողովի փաստաթղթերով նախատեսված եւ յուրաքանչյուր կոնկրետ կոնֆլիկտի դեպքում մեծ հնարավորություններ ընձեռող մեխանիզմների կատարելագործմամբ»։
Ղարաբաղի հակամարտության մասին– Ռոբերտ Քոչարյանի ելույթից. «Հայաստանը համարել եւ շարունակում է համարել, որ Մինսկի խմբի համանախագահների առկա ֆորմատը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամենաընդունելին է։
Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկությունները, որոնք ընդունել են Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը, մերժվել են Ադրբեջանի կողմից։ Այդ պատճառով պահպանվում է հակամարտությունը, շարունակվում են հարյուր հազարավոր փախստականների տառապանքները։ Սակայն, հասկանալով, որ հակամարտության լուծումը ծառայում է մեր ժողովուրդների արմատական շահերին, մենք ուղղակի շփումների միջոցով փորձում ենք միմյանց եւ ողջ աշխարհին հավաստիացնել մեր մտադրությունների լրջությունը։ Մեր կողմից Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում, մենք ողջ ԵԱՀԿ-ի զորեղ աջակցության կարիքը կունենանք»։
Ղարաբաղի հակամարտության մասին– Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից. «Մեր խորին համոզմամբ, ղարաբաղյան հիմնախնդրի Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։
Սումգայիթի (1988 թ. փետրվար), Կիրովաբադի (1988-ի նոյեմբեր) եւ Բաքվի (1990-ի հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991 թ. մայիս-հունիս) փորձն ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումների, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել։ Ուստի մենք այն կարծիքին ենք, որ ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է։ Այդուհանդերձ, Հայաստանը վերահաստատելով հրադադարի պահպանման իր պարտավորությունը, պատրաստակամություն է հայտնում շարունակելու կառուցողական մասնակցությունը բանակցությունների գործընթացին՝ ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այդպես էլ ուղղակի երկխոսությամբ հակամարտությունը բնական եւ արդարացի փոխզիջման հիման վրա շուտափույթ կարգավորելու նպատակով»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ