1998 թ. փետրվարին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ձնաբքից եւ ուժեղ քամիներից տուժել էր տեղի բնակչության զգալի մասը, կրել նյութական մեծ վնասներ։ Այդ թվում՝ Արագած գյուղի բնակչությունը։ Մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով՝ մարդկանց նյութական վնասների չափերը որոշելու եւ փոխհատուցելու համար։
Հանձնաժողովի անարդարացի աշխատանքից ժողովուրդը դժգոհել է. պատճառված վնասին անհամապատասխան հատկացումներ են արվել։ Բնակիչներից ոմանք ասել են, որ ցուցակներում կան մարդիկ, որոնց վնաս չի պատճառվել, սակայն գումար են ստացել, եւ՝ հակառակը։ Ապարանի տարածքային դատախազության կողմից (1998 թ. նոյեմբեր 5) քրեական գործ է հարուցվել՝ յուրացում կատարելու փաստի հիման վրա։
1999 թ. սեպտեմբերի 22-ին Արագածոտնի մարզի դատախազության ավագ քննիչ Լեւոն Կարապետյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 90 հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Արագած գյուղի նախկին գյուղապետ Ալեքսան Սեւոյանի դեմ, իբր նա, որպես Արագած գյուղի գյուղապետ, գյուղի բնակիչներին դրամական փոխհատուցման ցուցակով գումար բաժանելիս 98 թ. ապրիլի 17, 18 եւ 19-ին, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, ցուցակով նշված գումարն ամբողջությամբ չի բաժանել եւ յուրացրել է 1 մլն 428 հազար դրամ։ Արագած գյուղի մի խումբ բնակիչներ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գրել են. «Մեր բողոքի հիման վրա 5.11.98 թ. Ապարանի տարածքի դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 90 հոդվածի 1-ին մասով հարուցվում է քրեական գործ՝ տրամադրված վարկի բաշխման ժամանակ տեղ գտած խախտումների եւ չարաշահումների կապակցությամբ։ Ս/թ հունվար ամսից հարուցված քրեական գործի նախաքննությամբ զբաղվում է Արագածոտնի մարզային դատախազությունը։ Նախաքննությունը տեւել է մինչեւ 30.09.99 թ.։ Նախաքննության ավարտմամբ մեր պահանջները չեն բավարարվել։ Քրեական գործում հայտնվել է մի սուտ փաստաթուղթ՝ կեղծ ցուցակ, որ իբր մենք ստացել ենք մեզ հատկացված գումարները։ Նախաքննության ընթացքում մենք հարցաքննվել ենք որպես վկաներ, քննիչին հայտնել ենք, որ մեր անունների դիմաց դրված ստորագրությունները մերը չեն, կեղծված են, մենք գումարները չենք ստացել։
… Ըստ մեզ հասած տվյալների, հանձնաժողովի այն անդամները, ովքեր կեղծել են ցուցակը, մեզ հասանելիք գումարները մեզ տալու փոխարեն՝ մուծել են դատախազությանը, որն էլ դատախազությունը ցույց է տվել որպես պատճառված վնասի փոխհատուցում։ Տվյալ դեպքում ոչ թե պետությանն է վնաս պատճառվել, այլ մեզ։ Այդ գումարներն ինչո՞ւ է դատախազությունը յուրացրել եւ մեզ չի տվել։ Հանցագործներին պատժելու փոխարեն մեղադրանք է առաջադրվել անմեղ անձի նկատմամբ՝ նախկին գյուղապետ Ալեքսան Սեւոյանին…»։
Կարդացեք նաև
Ա. Սեւոյանի դատապաշտպանն է փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, որի կարծիքով Արագածոտնի մարզի դատախազության ավագ քննիչ Լեւոն Կարապետյանը նախաքննությունը վարել է «մանկապարտեզի մակարդակի». «Որովհետեւ օրենքով սահմանված կարգով նախաքննություն տեղի չի ունեցել։ Կատարվել է իրեն ձեռնտու նախաքննություն։ Արագած գյուղում ազգաբնակչությանը պատճառվել է 13 մլն դրամի (մի քիչ ավելի) վնաս։ Գումարը ստանալուց հետո, մարզպետի կարգադրությամբ գյուղապետը՝ պաշտպանյալս, կարգադրություն է ստանում Արագածոտնի մարզի գանձապետարանից ստանալ Արագած գյուղին հատկացված գումարը եւ ըստ ցուցակի բաժանել։ Երբ դժգոհություն է առաջանում, երկու օր բաժանելուց հետո, գյուղապետը գնում է մարզպետարան՝ պատճառաբանելով, որ ինքը կապ չունի այդ գումարների հետ, վրդովված դիմում է գրում, հրաժարվում՝ որպես գյուղապետ հետագա աշխատանքը վարելու»։ Նոր պաշտոնակատար է նշանակվում մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Սիրազնիկ Հովսեփյանը։ Երկրորդ հանձնաժողովն է ստեղծվում, որը պետք է վերահաշվարկեր՝ ում ինչ վնաս է պատճառվել, եւ ավել բաժանված գումարները հետ վերցվեին։
Երկրորդ հանձնաժողովը բացահայտ ապօրինություններով է աշխատել։ «Նախկին հանձնաժողովի նախագահը Արագածոտնի մարզի դատախազության բյուջե է մուծել 1 մլն 210 հազար դրամ, իբր թե բաժանելուց հետո գումարը մնացել է իր մոտ։ Հարց է առաջանում. եթե այդ 13 մլն դրամն ամբողջությամբ բաժանվել է բնակչությանը, ապա ինչպե՞ս է ավելացել 1 մլն 210 հազար դրամը, որը մուծվել է դատախազություն եւ վերջինիս կողմից ոչ մի վերաբերմունք երկրորդ հանձնաժողովի նախագահի նկատմամբ չի կատարվել։ Չեն հարցրել՝ որտեղի՞ց է ձեզ այդ գումարը…»,- ասում է փաստաբանը։
Սիրազնիկ Հովսեփյանը մայիսի 9-ի առթիվ գյուղում միջոցառում է կազմակերպել բնակչությանը հասանելիք գումարների հաշվին։ Արդեն դատական չորս նիստ է եղել։ Նախորդ նիստը ավարտվել է հանձնաժողովի անդամ Լյովա Հովհաննիսյանի հարցաքննմամբ։ Երեկ Արագածոտնի մարզի առաջին ատյանում դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով՝ նույն Լյովա Հովհաննիսյանի չներկայանալու պատճառով, որը տեղյակ էր նիստի մասին։ Նախորդ նիստում Լ. Հովհաննիսյանը հայտարարել է, թե ինքը բացարձակ կապ չի ունեցել գումարների հետ։ Զարմանալի է քրեական գործում եղած այն փաստաթուղթն, ըստ որի՝ առաջին հանձնաժողովը, որի անդամ է եղել Լ. Հովհաննիսյանը, դատախազությանը մուծել է 2 մլն 40 հազար դրամ։ Եթե գումարի հետ առաջին հանձնաժողովը կապ չի ունեցել, ինչո՞ւ պետք է այդ հանձնաժողովը եւ այդ թվում՝ Լյովա Հովհաննիսյանը գումար մուծեն դատախազությանը։
Ալեքսան Սեւոյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 90 հոդվածի 3-րդ մասով։ Գործով վկա 11 բնակիչներից 10-ը հարցաքննվել են։ 10-ն էլ հայտարարել են, որ ամբաստանյալ Ա. Սեւոյանից ստացել են այնքան գումար, որքան նշված է եղել ցուցակում՝ իրենց անվան դիմաց։ Սա ապացուցվել է նաեւ նախաքննության ընթացքում։ Փաստաբան Կ. Գրիգորյանը զարմացած է, թե քրեական գործը պաշտպանյալիս վերաբերյալ ի՞նչ ապացույցների հիման վրա է ուղարկվել դատարան։ Այս պատմության արդյունքում՝ Ա. Սեւոյանը ս/թ փետրվարի 18-ից մարտի 12-ը գտնվել է կալանքի տակ եւ փաստաբանի վերաքննիչ բողոքի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել։
Ամբաստանյալի եւ պաշտպանի կողմից նախաքննությունն ավարտելուց հետո գործի նյութերին ծանոթանալիս պարզվել է, որ Լյովա Հովհաննիսյանը Արագած գյուղում չունի սեփական տուն, որը հաստատեց նաեւ ինքը՝ դատաքննության ժամանակ, սակայն ստացել է 80.000 դրամ «փոխհատուցում», որից 30000-ը՝ իր անվամբ, իսկ 50000-ը՝ կնոջ։ Դատական նախորդ նիստում փաստաբան Կ. Գրիգորյանը Լ. Հովհաննիսյանին հարցաքննել է 3 ժամ, աշխատանքի ավարտի կապակցությամբ վկայի հարցաքննությունը որոշվել է շարունակել հաջորդ դատական նիստում։ Հարցաքննվելուց հետո Լ. Հովհաննիսյանը, զարմացած իր կարգավիճակից, հարցրել է՝ «Ես վկա՞ եմ, թե՞ ամբաստանյալ»։ Փաստաբան Կ. Գրիգորյանը երեկ միջնորդեց հաջորդ նիստին բերման ենթարկել վկա Լ. Հովհաննիսյանին։ Միջնորդությունը բավարարվեց։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ