Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԴԱՏ՝ ԵՐԿՈՒ ԴԱՐՈՒՄ

Դեկտեմբեր 01,1999 00:00
Vano Siradexyan

Երեկ ժ. 12.25-ին Մալաթիա-Սեբաստիա դատարանի դատավոր Ռազմիկ Թովմասյանն ազդարարեց նախորդ օրն ընդմիջված նիստի սկիզբը։

Նախագահողը տեղեկացրեց, որ առավոտյան մինչեւ նիստը սկսվելը, ժ. 10.30-ին իրեն է ներկայացել փաստաբան Վանյա Սուքիասյանը եւ հայտնել, որ ինքը պետք է իրականացնի Վանո Սիրադեղյանի պաշտպանությունը։ Իսկ բերման մասին որոշման կապակցությամբ էլ հայտնեց, թե այն պետք է ի կատար ածվի ժ. 11.30-ին։ Հայտարարվեց մեկ ժամ ընդմիջում, քանի որ բացակա էին ինչպես Վ. Սիրադեղյանը, այնպես էլ նրա նախկին կամ ներկա պաշտպանները։ Ուղիղ ժ. 13.25-ին դահլիճ մտավ Վանո Սիրադեղյանը, որը տեղ զբաղեցրեց այս անգամ լրագրողներիս կողքին, մեզ համար հատկացված 2-րդ շարքում։ Նախագահող Ռ. Թովմասյանի այն հարցին, թե նախորդ դատական նիստին ինչո՞ւ չէր ներկայացել Վ. Սիրադեղյանը, վերջինս ասաց նախ. որ դատարանն անբարյացակամ է իր նկատմամբ եւ փոխարեն պարզի, թե ինչո՞ւ չի եկել, խուճապի է մատնել հանրությանն ու մամուլը։ Նա դատարանին տեղեկացրեց, որ աշխատավայրում է եղել եւ որ իր պաշտպանն է հայտնել բերման որոշման մասին։ Նախագահողն առարկեց, թե Վ. Սիրադեղյանի շահերի պաշտպանը որեւէ գրավոր փաստաթուղթ չէր ներկայացրել։

Իսկ երեկ նիստից ուշանալն էլ բացատրեց այսպես, թե՝ «Շենքում եղել եմ ավելի շուտ», ինչին հետեւեց Ռ. Թովմասյանի թռուցկախոսքը. «Շենք մտնելուց հետո Ձեր տեղն այստեղ է, նկատի ունեցեք»։ Թովմասյան-Սիրադեղյան երկխոսությունը դեռ չէր ավարտվել, երբ ներկայացավ Վանյա Սուքիասյանը։ «Վայ, անբախտ Կիկոս», չգիտես ինչու նրան այսպես դիմավորեց նույն փաստաբանական միության անդամ, պաշտպան Սոս Մկրտչյանը (որն, ի դեպ, հաճախ սիրում է զուգահեռներ անցկացնել հատկապես Թումանյանից, Նար-Դոսից- Ռ. Մ.)։ Ինչեւէ։ Գործում ներգրավված նոր պաշտպանը դարձյալ օր պահանջեց (քանի որ 42 հատոր է՝ 40 օր)։ Դատարանը նախ որոշեց ազատել նախորդ պաշտպանին, հաշվի առնելով գրավոր դիմումում նրա կողմից ներկայացված փաստարկները։ «Տվեք այնպիսի ժամկետ, որպեսզի ձգձգման մասին խոսք չգնա». Վ. Սուքիասյանն էր, իսկ Վ. Սիրադեղյանն ասաց, որ ինքը մինչեւ օրս ունեցել է մեկ պաշտպան եւ որ դատավարության ձգձգումը կապված է եղել հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված իրավիճակի հետ։

Տուժողներ Կիմ Բալայանն ու Մայիս Ռաֆայելյանը հիշեցրին իրենց միջնորդությունների մասին, դատավորը հարցով դիմեց Վ. Սուքիասյանին. «Մենք ի վիճակի չե՞նք կատարել այդ աշխատանքը»։ Պաշտպանն առարկեց, որ մինչեւ գործը չքննվի, չի կարող տեսակետ արտահայտել միջնորդությունների մասին։ Այնուամենայնիվ, դատարանը որոշեց քննության առնել միջնորդությունները, դրանց գրավոր օրինակները տրամադրելով ինչպես ամբաստանյալներին, այնպես էլ տուժողներին։

Ամբաստանյալ Հայկ Աղաջանյանի պաշտպան Ս. Մկրտչյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխել, ազատել, քանի որ նա 1998 թ. հունիսի 22-ից կալանքի տակ է, ենթարկվել է վիրահատության (մեկուսարանում) եւ կարիք ունի ստացիոնար բուժման։

Ամբաստանյալ Մովսես Ներսիսյանն ասաց, որ 1,5 տարի կալանքի տակ է, իր հերթին միջնորդեց իր կալանքը փոխել, քանի որ հոգեկան վիճակը վատ է, որ չի պատրաստվում փախչել հանրապետությունից։

Ամբաստանյալ Գագիկ Պետրոսյանն էլ նույնը պահանջեց, ասաց, որ խնամքի տակ ունի 3 անձ, ձեռք է բերել անբուժելի հիվանդություն, եւ որ մասնակցել է պաշտպանական մարտերին։ Երանոս Մելքոնյանն առաջվա պես չունի պաշտպան։ Նրա գրավոր ռուսերեն միջնորդությունն ավելի շատ ապացույցների հրապարակման, իր մեղավորությունը հերքելու կամ հաստատելու փորձ էր, ինչը կանխվեց մեղադրող եռյակի (Գ. Ավետիսյան, Զ. Թադեւոսյան, Հ. Գեւորգյան) կողմից։ Մուրադ Դաշտոյանը միացավ իր պաշտպանի միջնորդությանը։

Տուժող Մ. Ռաֆայելյանն ընթերցեց իր միջնորդությունը (տուժողների կողմից), որի մասին տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ։ Մեղադրողները գտան, որ ամբաստանյալների միջնորդությունները պետք է մերժել։ Դատավորը խորհրդակցական սենյակից դուրս գալով նույն կերպ վարվեց, գտնելով, որ ամբաստանյալների արարքները նախատեսում են կալանք, այն էլ երկար ժամանակով։ Հիմա էլ քննարկվեց Վ. Սիրադեղյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը՝ դատարանի միջոցով։

Պաշտպան Կարախանյանն ասաց, որ «նման միջնորդությամբ դատարանը ԱԺ-ին դիմել չի կարող», քանի որ այն արդարադատություն իրականացնող մարմին է եւ ոչ ԱԺ։ Սիրադեղյանը կոչ արեց «Առաջնորդվեք Սահմանադրությամբ»։ Այս միջնորդությանը միացավ մեղադրող կողմը։ Դատարանը կրկին խորհրդակցական սենյակ մտավ, արդյունքում՝ գտավ, որ միջնորդությունը չի բխում քր. դատ. օրենսգրքի 295 եւ 136 հոդվածներից, ընդհանրապես օրենսգրքից, հետեւաբար, մերժվեց այս միջնորդությունը։

Դատական հաջորդ նիստը կշարունակվի նոր դարում՝ 2000 թվականի հունվարի 10-ին։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031