Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից Նիկոլի դատ

Նոյեմբեր 30,1999 00:00
dat

Երեկ Վերաքննիչ դատարանում շարունակվեց Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի որոշման դեմ «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննությունը։ Այս անգամ նիստին ներկայացել էին «տուժողների» շարքից երկուսը՝ ԵՊՀ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Նորիկ Այվազյանը եւ նրա որդի Վարդան Այվազյանը (ԵՊՀ դասախոս)։ Նիստի ընթացքում Ն. Փաշինյանը ստիպված էր ուղղումներ տալ հայր եւ որդի Այվազյանների խոսքերին, մինչեւ հոգնեց անընդհատ առարկություններ անելուց։ Հարցուպատասխան էր ընթանում երկու կողմերի միջեւ, թե հրապարակելիս Փաշինյանն ինչ միտումներ է ունեցել եւ կամ Այվազյանները հատկապես ինչից են վիրավորվել։

Փաշինյանը հետաքրքրվեց Ն. Այվազյանից, թե վերջինս ինչով է բացատրում այն փաստը, որ Ն. Այվազյանի երկու որդիներից միայն մեկը՝ Վ. Այվազյանն է վիրավորվել հորը հասցված «չուգուն» մականունից։ Սակայն նիստին կողմնակի հետեւողը կնկատեր, որ այդ մականունից առանձնապես չէին զայրանում կամ ցնցվում «տուժողները»։ Այնպես որ Փաշինյանը չէր կնքողը, որը խոսքի մեջ տեղ-տեղ շրջանցում էր կոնկրետ այդ բառը։ Փաշինյանը հարց ուղղեց Ն. Այվազյանին, թե վերջինս դարձյա՞լ պնդում է իր այն ցուցմունքը, թե Փաշինյանը ԵՊՀ-ից հեռացվել է ցածր առաջադիմության համար։ Ն. Այվազյանը ոչ միայն դա կրկնեց, այլեւ ավելացրեց, որ համալսարանի դասերից բացակայելը նշանակում է, որ Ն. Փաշինյանը կրթություն չունի, պրոֆեսիոնալ չէ, մասնագետ չէ, թերի բարձրագույն կրթություն ունի։ Ն. Փաշինյանը ասվածը հերքեց՝ ցուցադրելով ԵՊՀ-ի ստուգման գրքույկը, որում 5 տարվա քննությունների գնահատականների մեջ բացի «5» թվանշանից չկան 4, 3, 2, նույնիսկ՝ 1 թվանշաններ։

Դատավորը ամրագրեց. «Ամբաստանյալ Փաշինյան, դուք ճշտեցիք Այվազյանի վերաբերմունքը ձեր կրթության նկատմամբ»։ Ն. Այվազյանը կրկնեց իրեն, որ Փաշինյանի հրապարակումները կոնկրետ միտումներ են ունեցել եւ պատվերով են եղել. «Հոդվածը գրվել է մայիսի 20-ին, նախընտրական քարոզարշավի ամենաեռուն փուլում, երբ թեկնածուները զգում էին՝ ով առավել շանսեր ունի… գրվել է որոշակի անձանց պատվերով։ Նիկոլ Փաշինյանն ինձ ասել է, որ դուք ինձնից լավ գիտեք՝ ում պատվերն է…»։ Ն. Փաշինյանն ասաց, որ ինքն ասել է՝ «Դուք եք պատվերների մասին խոսում, ուրեմն դուք էլ գիտեք։ Ես պատվերների հետ չեմ առնչվում»։ Ապա նիստի թեմա դարձավ այն, որ «Օրագիրը» չի տպագրել հերքումը։ «Օրագիրը» փակվել է, եւ այժմ Ն. Փաշինյանը խմբագրում է «Հայկական ժամանակը», որը բոլորովին այլ թերթ է, իրավաբանական ուրիշ անձ է, եւ հիմնադիրներն էլ տարբեր են։

Բնականաբար, ինչո՞ւ «Օրագրի» հերքումը պիտի տպագրի «Հայկական ժամանակը», հետո՞ ինչ, որ խմբագիրը նույն մարդն է։ Որքան էլ Ն. Փաշինյանը կրկնեց վերոնշյալը, Ն. Այվազյանը իրենն էր պնդում։ Նույնիսկ թռչունների հետ կապված համեմատություն արեց, որ «Եթե ագռավի անունը սիրամարգ էլ դնենք, մեկ է՝ սիրամարգ չի դառնա»։ Ն. Փաշինյանը չդիմացավ. «Եթե կաշառակերին չեն ասում՝ նա կաշառակեր է, դա չի նշանակում, որ կաշառակեր չէ»։ Սա արդեն ընդունվեց, բայց քանի որ սուր էր ասված՝ դատավորը խաղաղության սպիտակով միջամտեց։ Հետո լսվեց կրտսեր Այվազյանի խոսքը։ Վ. Այվազյանը ասաց, որ չի հրաժարվում նախաքննության մարմիններում եւ առաջին ատյանի դատարանում իր տրված ցուցմունքներից։ Ապա, իբրեւ արդարացում դատական նախորդ նիստերից բացակայության, դատարան ներկայացրեց Մոսկվա գործուղման վկայական։ Այսինքն, թե ԵՊՀ-ն 15.11.99թ. մինչեւ 30.11.99թ. Վ. Այվազյանին գործուղել է Մոսկվա։ Ամրագրենք՝ երեկ նոյեմբերի 29-ն էր, եւ Վ. Այվազյանը դատարանում էր։ Դատավորը փաստաթուղթը զննելուց նկատեց, որ վերադարձի կնիքը չկա, փաստաթուղթը չի ձեւակերպվել։ Վ. Այվազյանը ասաց, որ չի ձեւակերպվել, քանի որ շուտ է վերադարձել՝ 15 օրվա փոխարեն 5 օր է մնացել։ Լրագրողներս կատակեցինք տեղում՝ համաձայն փաստաթղթի՝ Վարդան Այվազյանը դեռ Մոսկվայում է։ Վ. Այվազյանի հաջորդ խոսքերը հնի կրկնությունն էին։ Նորից չկրկնենք։

Նիստն ընդհատվեց մինչեւ դեկտեմբերի 9-ը։ Հաջորդ նիստում կխոսեն մյուս տուժողները՝ արդարադատության նախարարության հարկադիր երկու կատարողները։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930