Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ է՝ սիրամարգն ամենագեղեցիկ երգող թռչունն է

Նոյեմբեր 27,1999 00:00
Artashes Geghamyan

Հինգշաբթի օրը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը մի հարցի առիթով դարձյալ անդրադարձավ իր սիրած թեմային՝ հարուստներին։ Հարցը երկրի կայունության մասին էր։ Ըստ Ա. Գեղամյանի՝ «Քաղաքական էլիտաների կայունությունը դեռ չի նշանակում, թե կայունություն ունենք հանրապետությունում։ Դրանք տարբեր բաներ են։ Հատկապես՝ Հայաստանի նման պետության համար, ուր բացարձակապես չկա դասակարգային բաժանում ազգաբնակչության միջեւ։ Մենք ունենք 5-6% կազմով մեծահարուստների խավ, որոնց հարստության դիզման աղբյուրները լուրջ կասկածանքներ են հարուցում քրեական օրենսգրքի տեսակետից, եւ ունենք 90-92 % մարդիկ, ովքեր վաղվա հանապազօրյա հացի խնդրով են ապրում։… Այսօր ամենածանր խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ հույսը չունեն, թունելի միջի լույսը չեն տեսնում։ … Հայաստանը դախլավաճառների տրամաբանությամբ է առաջնորդվում…»։

Եթե մինչ Գեղամյանի քաղաքական ակտիվացումը սովետական՝ քաղաքական-հասարակական իրարանցումներից հեռու մարդը Արշակ Սադոյանի միայն ձայնից արդեն կռահում էր խոսքի բովանդակությունը, հիմա Արտաշես Գեղամյանի ձայնն ու հնչերանգն էլ է մի թեմայի վրա զարգացած։ Այդ թեման՝ մեծահարուստներն են, որոնց մասին ցանկացած քննադատական խոսք հասարակ ժողովրդի սրտով է՛ ու խոսքերի հեղինակն անմիջապես ճիշտն ասող, արդարության համար կռվող հեղինակություն է դառնում։ Ամբոխները սիրում են (բոլոր ժամանակներում) նրանցպեսներին։ Մի բան, սակայն, անհասկանալի է։ Ինչո՞ւ Արտաշես Գեղամյանն այդքան արտահայտված չի սիրում «Հայկական ժամանակ» օրաթերթը եւ պատեհ առիթի դեպքում՝ «կպնում է»։

Վերոնշյալ թերթում Ա. Գեղամյանի կնոջ մասին գրվել է, թե վերջինս ներքնաշորերի մեջ թաքցրած ադամանդներ է ապօրինի արտահանել եւ որ մաքսային ծառայություններն առգրավել են։ Այդ հրապարակումը դարձավ երկու կողմերի փոխադարձ ատելության պատճառ։ Սակայն, եթե սա չլիներ, պետք է որ սիրեին միմյանց, քանզի «Հայկական ժամանակն» էլ է լայն հասարակության սրտի հետ խոսող բաներ գրում, հարուստների կյանքի մանրամասները բացահայտում։ Ու ամենաընթերցվող երկու թերթերից մեկն է։ Նախընտրած թեմաները նույնն են, ոճն էլ է համարյա նույնը, երկուսն էլ կռվում են (մեկը՝ խոսքով, մյուսը՝ գրչով) հանուն արդարության, ժողովրդի շահերի… Բայց արդարության համար կռվող իսկական հերոսը հեքիաթներում միշտ անձնականից ավելի գերադասում է համայն ժողովրդինը։ Վերադառնալով Ա. Գեղամյանի վերը նշված խոսքին, նա լրագրողների՝ հոկտեմբերի 27-ի դեպքերի հետաքննության ընթացքի մասին հարցին պատասխանեց հարցով՝ «Ո՞ւմ էր ձեռնտու դա»։ Եվ հանգեց այն մտքին, թե՝ նրանց, ովքեր կորցնելու բան ունեն, այսինքն՝ հարուստներին։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930