Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՉԷ։ ՍԱ ԿԵՂԾ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ Է»

Նոյեմբեր 27,1999 00:00
aim

Այսպիսի հուսահատ կոչով դիմեց ԱԻՄ-ի 19-րդ համագումարի պատվիրակներին կուսակցության հնարավոր նախագահ Արամ Հարությունյանը, որին Հայրիկյանը երեկ որեւէ կերպ ձայն չէր տալիս։ ԱԻՄ-ը ունեցավ նոր նախագահ՝ ի դեմս Ներսես Զեյնալվանդյանի, սակայն Հայրիկյանի ծիրանին պրն Զեյնալվանդյանի ուսերին գցելու տոնական արարողությունն ակնհայտորեն փչացավ։ Միջանցքում իրավապաշտպան Հայրիկյանն Արամ Հարությունյանին «հոգեկան հիվանդ» էր անվանում։ Սակայն, ամեն ինչ՝ հերթով։

ԱԻՄ-ի համագումարին իրենց ներկայությամբ «շուք էին հաղորդել» Հրանտ Բագրատյանը, Վազգեն Մանուկյանը, Վիգեն Խաչատրյանը, Ռուբեն Միրզախանյանը, Ռազմիկ Դավոյանը։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը հատուկ ողջույնի խոսքով հանդես եկավ. «Երբեք անտարբեր չենք եղել ԱԻՄ-ի նկատմամբ (դա պարզ երեւում է 96 թ. սեպտեմբերի 26-ին- Լ. Ա.)։ ԱԻՄ-ի հետ իմ շփումները ցույց են տալիս, որ ԱԻՄ-ականները սկզբունքային մարդիկ են (՞)»։ Հետո արդեն Հայրիկյանի ելույթն էր։ Առաջարկելով հեռանալ գռեհիկ մատերիալիզմից եւ մոտենալ քրիստոնեությանը՝ Հայրիկյանը վերհիշեց ԱԻՄ-ի հանդիպումը Վեհափառի հետ։ Վերջինս Հայրիկյանին հարցրել է, թե ինչո՞ւ է միայն ԱԻՄ-ը որդեգրել քրիստոնեական ուղղությունը, եւ ոչ մի այլ կուսակցություն։ (Ի դեպ, համագումարին ներկա էր Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Իդա Մարտիրոսյանը)։ Պրն Հայրիկյանը քրիստոնեության կրող համարեց Հայկ Նահապետին (այլապես նա Բելին չէր հաղթի)։

Թեեւ ԱԻՄ-ը քրիստոնեադեմոկրատական ինտերնացիոնալի անդամ դառնալու ծրագիր ունի, սակայն ամենեւին քրիստոնեական հեզությունը չէր պրն Հայրիկյանի ելույթի առանցքը։ Վերապատմելով նախորդ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի ընդունման պատմությունները՝ նա սպառնաց, որ վաղ թե ուշ ՀՀ նախագահը կզգա, թե ինչ է նշանակում մարդու իրավունքները ոտնահարած ընտրությունների պտուղը եւ դա նախագահի համար անհետեւանք չի մնա։ Խոսելով գործող ԱԺ-ի մասին՝ Հայրիկյանը խորհրդարանական 7 կուսակցություններից միայն երկուսը եվրոպական չափանիշներին համապատասխան գտավ։

Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնությանը, որն այս ընտրություններին ստացել էր յուրաքանչյուր երկրորդ ընտրողի քվեն, նոր ընտրություններում (որը, ըստ Հայրիկյանի, հնարավոր է երեք ամիս անց) կստանա 50 ընտրողից մեկի ձայնը։ Հայրիկյանը մինչ օրս չի համակերպվում այն մտքի հետ, որ բնական ընտրության արդյունքում ԱԻՄ-ը չդարձավ խորհրդարանական կուսակցություն։ «Սակայն ԱԻՄ-ի դեմ «լա՜վ» էին աշխատում։ Չընտրվեցինք։ Մենք կորցրինք, այո՛, բայց ավելի շատ կորցրեց մեր հասարակությունը»։ Հայրիկյանը համոզված է, թե ԱԻՄ-ի դեմ պայքարել են Կոմկուսը, ՀՀՇ-ն, «իր սնանկությունն ապացուցած «Միասնությունը», բայց իրենք քաջաբար շարունակում են իրենց գործը։ ԱԻՄ-ի «ընթացիկ ղեկավարը» իրեն տեսնում է «ճակատագրի բերումով պատմական առաքելություն» ունեցող մեկի դերում, եւ այդ մտքից տոգորվում պատասխանատվությամբ։

ԱԻՄ-ը համարելով մեր քաղաքական կյանքի կարեւոր օղակը՝ Հայրիկյանն անընդհատ գնահատականներ ու որակումներ էր տալիս, որոնք, ստիպված ենք հիասթափեցնել, լուրջ արձագանք մեր սրտերում այդպես էլ չեն գտնում։ Հանրապետության նախագահին «անգլիական թագուհուց էլ թույլ կարգավիճակ» վերապահելով՝ հռետորը պատասխանատվությունը «այսպես կոչված» պառլամենտական մեծամասնության շնորհը համարեց։ Մի խոսքով, չկայացածի նեղացկոտ կեցվածքով արտասանված ճառ էր։ Ինչպես արդեն նշեցինք, նորանշանակ ԱԻՄ նախագահի «օծման» արարողությունը փչացավ ԱԻՄ-ից հեռացված Արամ Հարությունյանի «Սա կեղծ Հայրիկյանն է» բացականչությամբ։

Պրն Հարությունյանը հատուկ ելույթ էր նախապատրաստել, որն ընթերցել նրան թույլ չտրվեց։ Տեղում մամուլի ասուլիս հրավիրելով՝ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ ընտրություններն ուղեկցվել են ճնշումներով։ Արամ Հարությունյանը ԱԻՄ-ի վերջին վեհաժողովում անզգուշություն էր ունեցել ԱԻՄ-ի անհաջողությունը կապել Հայրիկյանի անձի հետ. «Մեզ արգելվում է խոսել թերությունների մասին այն դեպքում, երբ, մեղմ ասած, չենք հաղթել»։ Ու դա անում է մարդու իրավունքների պաշտպան Հայրիկյանը։ Իջեւանի ԱԻՄ-ի մարզային կառույցում Հարությունյանը ստացել էր 14 ձայն, Զեյնալվանդյանը՝ 3։ Հայրիկյանը սպառնացել է ցրել Տավուշի մարզային կազմակերպությունն ու անվայել խոսքեր է ուղղել ներկաներին։ Արամ Հարությունյանն ինքնաբացարկ է հայտնել։ «Նման երեւույթների պատճառով այսօր ԱԻՄ-ում չեն հիմնադիր Ռազմիկ Մարկոսյանը, Մովսես Գորգիսյանի այրին, ԻՄ նախկին 2 նախագահները եւ շատերը։ Եթե որեւէ տեղ կա անհատի պաշտամունք, չի կարող չլինել 37 թիվ, ժողովրդի թշնամի, օտարերկրյա գործակալ, լրտես»։

Ի դեպ, ԱԻՄ-ի Դիվանի 12 անդամներից մեկը Հայրիկյանի կինն է, մյուսը՝ քենին, երրորդը՝ փեսան։ «Առավոտը» զրուցեց նորընտիր ղեկավար Ներսես Զեյնալվանդյանի հետ։ Նա Հարությունյանի բոլոր ասածները սուտ համարեց, մեղադրեց, թե նա ինչ-որ մեկի առաջ պարտավորվել է դառնալ ԻՄ նախագահ, նրան օգտագործում են։ Ամեն դեպքում, ժամանակի ընթացքում ցրվում է Հայրիկյան հումանիստի, մարդու իրավունքների պաշտպանի միֆը։ Իսկ համագումարի մասնակիցները թեեւ Հայրիկյանի ներկայությամբ նախընտրում էին լռել, սակայն իմ հարցումներին ի պատասխան՝ ափսոսում էին, որ «Արամի նման մեկն է թողնում կուսակցությունը»։ Հայրիկյանը, սակայն, նրան «հոգեկան հիվանդ» որակելով՝ պտտվում էր միջանցքում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930