ԱԺ ավանդական բրիֆինգների ժամանակ խմբակցությունների եւ խմբերի բոլոր ղեկավարները թութակի նման կրկնեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեւակերպումը, ըստ որի «Ստամբուլը սրբագրեց Լիսաբոնը»: Հետաքրքիր է, այդ երեսփոխաններից ո՞ր մեկն է կարդացել ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերից գոնե մեկ տող: Հիշո՞ւմ եք, 70-ական թվերին նոմենկլատուրային գրողները, խառատներն ու կթվորուհիները կուսակցական ժողովներում հայտարարում էին. «Չենք կարդացել Սոլժենիցինի գրքերը, բայց միահամուռ դատապարտում ենք դրանք»:
Հրանտ Մարգարյանը
Հավանաբար, շուտով անհրաժեշտություն կառաջանա որոշակի սրբագրումներ մտցնել Դաշնակցության կանոնագրի մեջ: Անցած շաբաթ պրն Մարգարյանը պատրաստակամություն հայտնեց դուրս գալ պուտչիստների տանկերի դեմ՝ վառելանյութ պարունակող շշերով: Արդյոք այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ 21-րդ դարում հեղափոխական կուսակցության շարքերն ընդունվելիս ապագա դաշնակցականները երդվելու են ոչ թե զենքի, այլ «Մոլոտովի կոկթեյլի» վրա:
Կարդացեք նաև
Նռնակը՝ ՌԴ դեսպանատանը
Հերթական պայթյունը ՌԴ դեսպանատան բակում վերջնականապես սրբագրեց պաշտոնական վարկածն այն մասին, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործները կիսախանգարված ֆանատիկներ էին, որոնց հետեւը որեւէ ուժ չկա: Վահան Շիրխանյանի տան մոտ հայտնաբերված նռնակը, պայթուցիկ փաթեթը ԱԺ-ի դահլիճում եւ ուրբաթ օրվա պայթյունը դեսպանատան բակում տրամաբանական է ընկալել որպես ահաբեկիչների կողմից ուժի եւ անպատժելիության ցուցադրում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ