ասում է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության նորանշանակ պետ Տիգրան Հակոբյանը։
-Խոսում էին, թե Ձեր նշանակման մասին Ռոբերտ Քոչարյանը գրեթե վերջին պահին է տեղեկացվել կամ ընդհանրապես տեղյակ չի եղել։ Որոշ մեկնաբանություններ էլ արդեն իսկ եղան, թե սա երկրի նախագահի համար անցանկալի նշանակում է եւ քարոզչական ոլորտում ազդեցության համար պայքարի արտահայտություն։
-Ես, բնականաբար, տեղյակ չեմ, թե հանրապետության նախագահը գիտե՞ր իմ նշանակման մասին, թե՞ ոչ, քանի որ այս պաշտոնին նշանակվում եւ ազատվում են վարչապետի որոշմամբ։ Արամ Սարգսյանն ինձ որեւէ բան չի հայտնել նախագահի հետ խորհրդակցելու մասին։ Բայց մի 10 օր առաջ կառավարության նիստից հետո, վարչապետի առանձնասենյակում Ռոբերտ Քոչարյանի հետ տեղեկատվական քաղաքականության որոշ խնդիրներ քննարկելու հնարավորություն եմ ունեցել։ Այս պաշտոնին նշանակումս էլ նորից քաղաքականացվեց, բորբոքեց որոշ մարդկանց եւ քաղաքական ուժերին, որը կար նաեւ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ իմ նշանակման ժամանակ։ Ես չէի ուզենա, որ այս վարչության եւ իմ անձի շուրջ ստեղծվեր նման քաղաքական մթնոլորտ, քանի որ իմ առջեւ դրված խնդիրը եւ նպատակը մի կառույց ստեղծելն ու զարգացնելն է, որը պիտի զբաղվի այս երկրի ու կառավարության տեղեկատվական քաղաքականության մշակմամբ։
-Այսինքն, Ձեզնից առաջ այդ խնդիրը չի՞ լուծվել, չնայած անընդհատ խոսում էին տեղեկատվական քաղաքականության մասին։
Կարդացեք նաև
-Բայց չի մշակվել եւ խոսքը քարոզչական աշխատանքների մասին չէ կամ միջկուսակցական ու քաղաքական վերնախավի պայքարում մեկի կողքին կանգնելու։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը պիտի քարոզչական ապահովում ունենա, որ ժողովուրդը հասկանա՝ ինչի են տանում սեփականաշնորհման գործընթացն ու ժողովրդավարության ինստիտուտները եւ այլն։ Ցավոք, այդ խնդիրը պետությունը ոչ մի անգամ չի կարողացել լուծել մինչեւ վերջ։ Դրանով է բացատրվում ժողովրդի օտարումն իշխանություններից եւ պիտի փորձենք այդ կապը վերականգնել։ Եվ այս առումով ես ակնկալում եմ համագործակցել Հայաստանի բոլոր ԶԼՄ-ների հետ։
-Այսինքն, նաեւ դաշնակցակա՞ն լրատվամիջոցների հետ եք համագործակցելու։ Այս առումով էլ մեկնաբանություններ կան, թե անգամ նախորդ պաշտոնի բերումով պիտի ավելի զուսպ լինեիք, մինչդեռ առանձնանում էիք հակադաշնակցական հրապարակումներով։
-Ես հակադաշնակցական հրապարակումներ չեմ ունեցել։ Ես իմ սկզբունքներն ունեմ եւ բոլոր այն պարոնները կամ ընկերները, որոնք ինձ մեղադրում են ինչ-ինչ հայացքներ դավանելու մեջ՝ թող հետեւեն իմ ողջ ուղուն՝ 1989-ի «Կոմունիստը», 1990-ի «Ռեսպուբլիկա Արմենիան» եւ այլն եւ կհամոզվեն՝ ես ազատական գաղափարների կրող եմ։ Եվ համոզված եմ, որ ազատական գաղափարները Հայաստանում այլընտրանք չունեն։ Երբեք չեմ թաքցրել իմ հայացքները եւ, բնական է, որ պետք է պայքարեմ ազգայնական գաղափարների դեմ, քանի որ մեր պետությունն, ի վերջո, այդ գաղափարներն իր գործունեության մեջ չի կիրառում՝ ես որեւէ հակապետական քայլ այսպիսով չեմ անում։
-Ձեր նշանակումը նաեւ այս համատեքստում է դիտվում. քանի որ որոշակի դժգոհություններ կան ՀԱՀ-ի տնօրենի որդեգրած քարոզչական գործելակերպից, ենթադրվում է, թե պիտի փորձեք, այսպես ասած, զսպել նրան։
-Ես զսպանակի դերում երբեք հանդես չեմ գա։ Միայն ասեմ, որ Հայաստանի ազգային հեռուստատեսությունը պետական հիմնարկ է։ Տիգրան Նաղդալյանը պետական ծառայող է։ Եվ նրանք պիտի կատարեն պետպատվերը, որի համար եւ ֆինանսավորվում է հեռուստատեսությունը։ Միայն այդ պաշտոնական եւ իրավական շրջանակներում կլինեն վարչության եւ ՀԱՀ-ի փոխհարաբերությունները։
Ասեմ նաեւ, որ պետպատվերի մշակման, տեղադրման եւ կատարման վերահսկողության կարգն այժմ քննարկվում է կառավարությունում եւ այդ աշխատանքը կատարվել է ինձնից առաջ՝ Էդվարդ Միլիտոնյանի ղեկավարությամբ։
-Թերեւս նաեւ արժե անդրադառնալ «Իրավունքի»՝ Ձեր նշանակմանը հաջորդած մի հրապարակմանը, թե իբր «քաղաքական էքստրեմիզմի դեմ պայքարի» օրինագիծ էիք մշակել, որի համաձայն պիտի փակվեին մի շարք թերթեր ու կուսակցություններ եւ այժմ լծվելու եք ազգային գաղափարախոսությունն արմատախիլ անելու «նվիրական» գործին։
-Սա ուղղակի անհեթեթ է։ Հայտնի տեխնոլոգիա է՝ «ապացուցիր, որ ուղտ չես»։ Ես դա չեմ անի։ Ես կպատասխանեմ միայն այն թերթերի հրապարակումներին, որտեղ առողջ, նորմալ ու տեղին քննադատություն կա։ Իսկ «Իրավունքի» հետ որեւէ բանավեճի մեջ մտնել ես չեմ ցանկանում։ Խաբեբա են եւ ստախոս. նաեւ մի քանի համար առաջ գրել էին, թե ես ցուցումներ եմ ստանում Լեւոն Զուրաբյանից եւ ամիսը մի քանի անգամ հանդիպում եմ նրա հետ։ Այնինչ Լեւոն Զուրաբյանն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ուսումնառություն է անցնում ԱՄՆ-ում։
Ես երբեք չեմ թաքցրել նաեւ իմ վերաբերմունքը որոշ լրատվամիջոցների հանդեպ, եւ նման հրապարակումները նորից ցուցադրում են մեր մամուլի որակն ու մակարդակը։ Եթե ֆրեյդիստական ինչ-որ բացատրություններ տաս՝ այս մարդիկ իրենց ողջ գործունեությամբ եւ գաղափարախոսությամբ ուրեմն միշտ պատրաստ են իշխանության գալու դեպքում փորձել փակել իրենց գաղափարական կամ քաղաքական հակառակորդների լրատվամիջոցները։ Ես ի պաշտոնե ոչ դրա հնարավորությունն ունեմ, ոչ էլ ցանկությունը։
-Նույն թերթում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը նշել է, թե Դուք «քաղաքական թափոնների» խոսափողն եք կառավարությունում։
-Ի պաշտոնե չեմ կարող այժմ գնահատական տալ՝ ես պետական ծառայող եմ։ Եվ եթե հիշում եք, ինձ իրավունք վերապահեցի որպես քաղաքացի խոսել հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո, երբ Վազգեն Սարգսյանը չկար եւ նոր վարչապետ նշանակված չէր։ Ես խոսել եմ միայն այդ մեկ շաբաթվա ժամանակահատվածում, իսկ այժմ իրավասու չեմ՝ հարգում եմ պետական ինստիտուտները։ Սակայն կարող եմ ստորագրել իմ բոլոր նախկին գնահատականների տակ, որոնք վերաբերում են Վահան Հովհաննիսյանին։
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ