Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն արդեն քանդակել է Նոյի եւ Տիգրան Մեծի արձանները, որոնք պիտի տեղադրվեն նախագահի նստավայրի բակում։ Ըստ որոշ լուրերի, արձաններից յուրաքանչյուրը 3 տոննա է կշռում։
ՈՐ ՄԱՔՈՒՐ ԼԻՆԻ ԵՎ ԿՈՒՇՏ
Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության նորանշանակ պետ Տիգրան Հակոբյանին շնորհավորելու համար այցելուներից մեկը նվերներ էր բերել՝ ատամի խոզանակ, «Քոլգեյթ» մածուկ, «Սեյֆգըրդ» օճառ, «Ժիլեթ» սափրվելու պարագաներ եւ «XL» դեզադոր։ «Ամբողջ օրն այստեղ ես անցկացնելու»,- իր նվերն այսպես բացատրեց այցելուն, որը թերեւս մտահոգ էր Տիգրան Հակոբյանի հիգիենայի հարցերով։ Եվ ոչ միայն. նվերների մեջ էր նաեւ մի առանձնապես սննդարար «Սնիկերս»։
Կարդացեք նաև
Տիգրան Հակոբյանի հետ հարցազրույցը կարդացեք 2-րդ էջում։
ԱԻՄ-ՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԱԻՄ-ՈՒՄ
Երեկ ԱԻՄ-ի 19-րդ համագումարում կուսակցության ղեկավար ընտրվեց Ներսես Զեյնալվանդյանը։ Թեկնածուները չորսն էին՝ Մեխակ Գաբրիելյան (10 ձայն), Ներսես Զեյնալվանդյան (281 ձայն), Նորայր Խանզադյան (22 ձայն), Արամ Հարությունյան (98 ձայն)։ Արամ Հարությունյանը, սակայն, ընտրությունների արդյունքները փորձեց անօրինական հայտարարել։
Մանրամասները՝ էջ 3։
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ՉԻ ԵՂԵԼ
ՀՀ ԱԱՆ հասարակայնության եւ մամուլի հետ կապերի ծառայությունը «Առավոտին» հայտնեց, որ նոյեմբերի 26-ի տեղեկությունը ՀՀ ԱԱՆ նախնական քննչական մեկուսարանում գտնվող Վահան Հարությունյանի մասին իրականությանը չի համապատասխանում։ Վ. Հարությունյանի առողջության վատթարացման դիմումի համաձայն՝ նա, ըստ կարգի, բժշկական քննության է ենթարկվել ս/թ նոյեմբերի 15-ին։ Արդյունքում պարզվել է, որ նրա մոտ գոտկային-սրբանոսկրի քրոնիկ ռադիկուլիտի սրացում է սկսվել, որը բուժում է պահանջում, ինչի մասին հայտնվել է համապատասխան դատարանին։