«Հավանական եմ համարում, որ որոշ ժամանակից խորհրդարանում քաղաքական վերադասավորում տեղի կունենա, մանավանդ ո՛չ Կարեն Դեմիրճյանի, ո՛չ Վազգեն Սարգսյանի շուրջ համախմբված մարդիկ, ո՛չ «Կայունություն» խումբը գաղափարական առանցքի շուրջ չի համախմբվել, այլ անհատական համակրանքով»,- այսպես պատասխանեց ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը «Առավոտի» հարցին, թե ԱԺ-ում ուժերի տեղաբաշխումը ՀՅԴ-ն հնարավոր համարո՞ւմ է կամ պատրա՞ստ է դաշինք կազմել խորհրդարանական որեւէ ուժի հետ։ Միավորվել որեւէ ուժի հետ ՀՅԴ-ն չի պատրաստվում, սակայն, եթե կլինեն առանձին պատգամավորներ կամ խմբավորումներ, որոնք դաշնակցության «գիծը» ճիշտ կհամարեն, ՀՅԴ-ն նրանց հետ կհամագործակցի։
Մեր այն հարցին, թե արդյո՞ք ՀՅԴ-ն այլեւս նախագահի քաղաքական հենարանը չէ, այլ, ինչպես մի առիթով ասել էր Դավիթ Լոքյանը, պարզապես ընտրություններին աջակցել է նրան, ինչպես 96-ին աջակցել է Վազգեն Մանուկյանին, պրն Մարգարյանը պատասխանեց. «Մենք Ռոբերտին պաշտպանել ենք եւ այսօր էլ պաշտպանում ենք»։ Իսկ նախագահին «ըստ ամենայնի» հենարան լինելու համար միայն կուսակցության ցանկությունը քիչ է։ Նախագահը, ըստ Մարգարյանի, չի կամենում հենվել դաշնակցության վրա. «Նրա իրական հենարանը անցած մեկուկես տարվա ընթացքում եղել է «Միասնություն» դաշինքը»։ Դժվար է ասել, այս հարցում դաշնակցականների բախտը բերել է, թե ոչ, սակայն այն, որ Նաիրի Հունանյանը դահլիճից հենց իրեն է զանգահարել, պրն Մարգարյանը «դաշնակցականի բախտի հարց» է համարում. «Կարծում եմ, այդ զանգը միտումնավոր էր, սխալ հետքի վրա դուրս բերելու նպատակ էր հետապնդում։ Համենայնդեպս, հեռախոսազրույցից չէի կարող ճանաչել Նաիրի Հունանյանին, որին 7 տարի է՝ չեմ տեսել»։
Դաշնակցական գործիչը հնարավորինս մեծ թվով մարդկանց կասկածվողների ցուցակում ընդգրկելու միտում է տեսնում. «Սա քաղաքական ծրագիր է»։ Գովերգելով ՀՅԴ-ի զսպվածությունը, «անհարկի մեջտեղ չնետվելու» կարողությունը, սկզբունքայնությունը՝ պրն Մարգարյանը ողջունեց նաեւ նոր վարչապետի նշանակումը. «Սակայն նրանից է կախված, թե որքանով Արամ Սարգսյանը կկարողանա ինքնուրույնաբար աշխատել»։ Չկասկածելով ՀՅԴ-ի ինքնուրույնությանն ու դրսից չկառավարվելու հմտությանը՝ մեջբերենք պրն Մարգարյանի հերթական մտավախությունը Հայաստան-Սփյուռք կապի տատանման առնչությամբ. Համահայկական խաղերը, «Հայաստան-Սփյուռք» համաժողովը, այն է՝ պիտի ամրապնդեր Սփյուռքի կապը Հայաստանի հետ, սակայն վերջին իրադարձությունների պատճառով այդ լավ միտումների մեջ բեկում մտավ։ Եթե իրոք այդպես է, ապա պարզապես զարմանալի է, թե այդ ինչպես ողջ աշխարհը կարող է հասկանալ Հայաստանին պատահած ողբերգությունը, իսկ Սփյուռքը՝ այն «վատ ու ահավոր ընկալել» եւ բեկում մտցնել Հայաստանի հետ իր հարաբերություններում։ Իսկ «նոր թափ ստացած դրական մթնոլորտը՝ վտանգված» համարել։ Մանավանդ, որ անգամ դաշնակցությունն է գտնում, որ «մինչ այս վայրկյանը լավ ենք դուրս եկել վիճակից», մանավանդ որ, հենց դաշնակցությունն է աշխատում «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի վրա։
Ի վերջո, Հայաստանն ընտրության լիարժեք հնարավորություն ունի եւ չի սահմանափակվում ընտրելով կա՛մ մահը, կա՛մ ազատությունը։
Կարդացեք նաև
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ