Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հատկապես ո՞ւմ է ձեռնտու Երկրապահի վարկաբեկումը

Նոյեմբեր 25,1999 00:00
Manvel Grigoryan

Ազգային ժողովի պատգամավորներից մի քանիսն այն կարծիքին էին, որ պառլամենտի ներկա՝ անհավես ու անօգնական վիճակի փրկություն կարող է դառնալ գոնե պատգամավորների հասանելիք ձմեռային արձակուրդը։ Բայց դե մինչեւ արձակուրդ դեռ մեխանիկորեն կգան նիստերի։

Պետք է նկատել նաեւ, որ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո պատգամավորները բավականաչափ զգուշավոր են դարձել միջանցքային եւ կաբինետային շփումներում։ Որոշ պատգամավորներ առանձին զրույցներում անհանգստացած էին Երկրապահ կամավորական միության համագումարի եւ նախագահի թեկնածուների հարցով։ Կարծում են, թե ՀՀ նախագահը եւ որոշ պաշտոնյաներ շահագրգռված են գեներալ Մանվել Գրիգորյանին (Էջմիածնի Մանվելին) Երկրապահի նախագահի պաշտոնում նշանակել՝ Երկրապահ կամավորական միությունը հասարակության աչքում վարկաբեկելու միտումով։

Իշխանությանը չհարող թեւը մտածում է, թե ԵԿՄ նախագահ պետք է ընտրել Երեւանի քաղաքապետ, ԵԿՄ վարչության փոխնախագահ Ալբերտ Բազեյանին, որը, ի տարբերություն վերոնշյալ գեներալ թեկնածուի՝ մաքուր է իր գործունեությամբ։ Որքան հայտնի է, այդ հարցով մտահոգ մի շարք պատգամավորներ Ա. Բազեյանին համոզում են ստանձնել ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը։

Պետք է սպասել, թե դեպքերն ի շահ որ թեւի կզարգանան։ Այնուամենայնիվ, ԵԿՄ համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած քաղաքական գործիչների քառասունքից ոչ շուտ։

Ռոբերտ Քոչարյանը վերջերս տված հեռուստահարցազրույցում այսպիսի հայտարարություն արեց. «…Այս կտրվածքով հնչեց նաեւ հայտնի, այսպես ասենք, իմ հրաժարականի մասին հայտարարությունը։ Որից հետո ես պարզել եմ, որ, այո, բանակը կապ չուներ։ Հիմնականում այն մարդիկ էին, որոնք հենց այդ պահին փորձում էին կրքերը բորբոքված այդ վիճակն օգտագործել իրենց խնդիրները լուծելու համար։ Միանշանակ իմ գնահատականը սա է։ Որովհետեւ բոլոր հրամանատարները, բանակի կազմը, հատկապես հրամանատարները, որոնք շատ ակտիվ մասնակցել են մարտական գործողություններին, իրենց շատ վատ զգացին, նույնիսկ, իրենց լսելով, որ այդպիսի երեւույթ տեղի է ունեցել (…)»։

Ըստ տեղեկությունների, ՀՀ նախագահի խոսքից մեջբերվածի վերջին տողը վերաբերում էր հենց Մանվել Գրիգորյանին։ Սա շատերին մտածելու տեղիք է տալիս, թե գեներալը կրկնակի խաղ է խաղում։

Իսկ առայժմ քաղաքականապես էական հարց է՝ ներկայիս քաղաքական վիճակի առաջ կամ հետ զարգացման առումով, թե ով կլինի ԵԿՄ վարչության նախագահը։ Սրանով կարելի է լուրջ կանխատեսումներ կատարել։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930