Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԴՅՈ՞Ք ԻՄ ԱՆՎԱՆ ԴԻՄԱՑ ԱՐԴԵՆ ԴՐՎԱԾ Է ԽԱՉԸ»

Նոյեմբեր 25,1999 00:00

 «Արմատ»-ական կանխատեսումներ

Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների շուրջ քննարկումները դեռ երկար կշարունակվեն։ Քիչ, թե շատ համակողմանի, հնարավորինս օբյեկտիվ եւ զարմանալիորեն աղավաղված քննարկումների կողքին հայտնվում են գրեթե նոստրադամուսյան կռահումներ։

Որքան էլ ողբերգական էին հոկտեմբերի 27-ի դեպքերը, այնուամենայնիվ դրանք նախադեպ ունեին։ Բոլորը շատ պարզ հիշում են 1996-ի սեպտեմբերի 25-26-ի դեպքերը։ Խորհրդարանի վրա բոլշեւիկյան ավյունով հարձակվողները կան, հարձակման վկաները կան, ինչպես նաեւ՝ տուժածները։ Բնական էր մեր ցանկությունը՝ իմանալ հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ 1996-ին տուժածներից մեկի, այն ժամանակ՝ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի կարծիքը։ Պրն Արարքցյանը կտրուկ մերժեց այդ մասին խոսելու մեր խնդրանքը, սակայն հարկ համարեց հիշեցնել, որ ինքն այս ամենը կանխատեսել է դեռ շատ առաջ։ Բաբկեն Արարքցյանը մասնավորապես ասաց, որ հոկտեմբերի 27-ը նախատեսվում էր դեռեւս երկու տարի առաջ, երբ իշխանափոխությունից հետո շրջանառության մեջ մտան նախկիններին պատժելու, ջարդել-փշրելու տրամադրությունները։ Այդ տրամադրությունները ուրիշ կերպ չէին կարող ավարտվել։

Մենք պարզապես կմեջբերենք Բաբկեն Արարքցյանի՝ փետրվարի 17-ին ԱԺ-ում ունեցած ելույթից մի հատված. «Քարոզչական այն փսիխոզը, որ տիրում է այսօր հանրապետությունում, զուգակցվում է ահաբեկչությամբ։ Այս փսիխոզը նոր հնարք չէ։ Դա արվել է մեզանում 1937-ին եւ 1947-ին։ Իսկ ահաբեկչությունն ուղղված է քաղաքական ուժերի ղեկավարների դեմ՝ լռեցնելու համար նրանց ձայնը։ Եվ այսօր պաշտոնապես արձանագրենք՝ 1994-ի դեկտեմբերին սպանվեց Համբարձում Գալստյանը։ Դրանից հետո քաղաքական ահաբեկչական գործողություններ տեղի չեն ունեցել։ Բայց որոշ քաղաքական ուժեր այսօր հայտարարում են՝ որ դեռեւս այն ժամանակ ունեցել են ահաբեկչական գործողություններ կատարելու մտադրություն, չնայած նրանք կասեցրել էին իրենց գործունեությունն այդ ուղղությամբ։ Ահաբեկչական գործողություն էր նաեւ սեպտեմբերի 25-ը։ Դեռեւս 1997-ի հունիսին ես ասել եմ. «Գուցե պատահական չէ, որ այսօր նախագահի աշխատակազմում պաշտոնները բաշխվել են հենց այն կուսակցությունների միջեւ, որոնք 1996-ին գրոհ էին կազմակերպել խորհրդարանի վրա»։

Հիշենք, թե ո՞ր կուսակցություններն էին դրանք. ԱԺՄ-ն, Դաշնակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը, ԱԻՄ-ը։ Այդ ուժերն են այսօր նախագահի աշխատակազմում։ Այնուհետեւ դաշնակցության ներկայացուցիչները հայտարարել են, թե նրանք մահափորձ էին պատրաստում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ՝ նրա ինքնաթիռը պայթեցնելու կամ ամառանոցում սպանելու ճանապարհով։ ԱԺՄ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում էին փետրվարի 12-ին կրկնել 1996 թվի գործողությունները, այս անգամ նախագահի աշխատակազմի նկատմամբ։

Մեջբերենք մի հատված Հրանտ Խաչատրյանի կողմից ուղարկված եւ իր կողմից ստորագրված նամակից. «Առաջինը չեք, երկրորդն եք Համբարձում Գալստյանից հետո… Ուրեմն կա այդպիսի ցուցակ։ Եվ ես համոզված եմ, որ այս դահլիճում նստածներից շատերը մտածում են՝ ո՞վ է հաջորդը։ Իսկ մի մասը մտածում է. «Արդյո՞ք իմ անվան դիմաց արդեն դրված է խաչը»։ Զավեշտ է, ֆարս է։ Եկեք վերջացնենք այս ֆարսը, որովհետեւ ես համոզված եմ, որ սա մեկ ակտանոց գործողություն չէ»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930