Հեյդար Ալիեւն իր առջեւ խնդիր է դրել Հայաստանի հետ խաղաղություն հաստատել: Այս մասին նա հայտնել է երկուշաբթի երեկոյան, Բաքվում ընդունելով աշխարհահռչակ երաժիշտ Մստիսլավ Ռոստրոպովիչին: Նշված նպատակին հասնելու ճանապարհին Ադրբեջանի պետության ղեկավարն առաջխաղացում է տեսնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ուղղակի բանակցությունները շարունակելու մեջ, որոնց Ստամբուլի գագաթաժողովում հավանություն են տվել եվրոպական հանրակցության պետությունների բոլոր ղեկավարները: Ալիեւը կարեւորել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղարար գործընթացի վերսկսումը:
«Չնայած հակամարտության ընթացքում կրած կորուստներին, ադրբեջանական կողմը հաստատակամորեն պաշտպանում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման դիրքորոշումը»,- նշել է Ադրբեջանի նախագահը:
ԵՎՍ ՄԵԿ ԱՂԱՍԻ
«Единство» («Միասնություն») միջտարածաշրջանային շարժման առաջնորդ Սերգեյ Շոյգուն հանդես է գալիս հօգուտ այն միութենական պայմանագրին Հայաստանի միանալու, որ ծրագրում են կնքել Բելառուսը եւ Ռուսաստանը: «Բելառուսի եւ Ռուսաստանի միությանը մենք դրականորեն ենք վերաբերվում, -ասել է նա՝ Սարատովում պատասխանելով լրագրողների հարցերին:- Ավելին, մենք շատ կուզենայինք, որ այդ Միությանը կարողանար միանալ դեպի Ռուսաստան ձգտող Հայաստանը… Ցանկալի կլիներ, որ այդ Միության մեջ լիներ նաեւ Ուկրաինան»:
ՕՊԵՐԱՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի նախաձեռնությամբ հիմնվել է «Օպերա-Երեւան-Ռենեսանս» հիմնադրամը, որի շուրջ համախմբված են ճանաչված շատ արվեստագետներ:
Այս մասին ասաց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Հիմնադրամը ծառայելու է Օպերայի թատրոնի վերածննդին, կաջակցի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը եւ այլն: Հնարավոր է, որ հիմնադրամը իր մասնաճյուղերը բացի արտերկրի մի շարք հայաշատ գաղթօջախներում:
ԻՐԱՐԱՄԵՐԺ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ
ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի հիմնական փաստաթուղթը, ղարաբաղյան խնդրի մասով, տարբեր կերպ է մեկնաբանվում Հայաստանի կուսակցությունների կողմից: Մասնավորապես, ԱԻՄ-ը եւ ՀՅԴ-ն դրական են գնահատում գագաթաժողովի արդյունքները: Եւ ԱԻՄ-ի փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը, եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նոյեմբերի 23-ին նշեցին, որ Հայաստանին հաջողվել է վերացնել Լիսաբոնի գագաթաժողովում նախագահողի հայտնի հայտարարության՝ Հայաստանի եւ ԼՂ-ի համար բացասական հետեւանքները: Բոլորովին այլ կարծիքի է Հայաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին համապատասխան՝ 20-րդ, կետը որեւէ նոր բան չասող, չեզոք ձեւակերպումներ է պարունակում: Եվ որեւէ առաջխաղացում այս հարցում տեղի չունեցավ»: Նա անիմաստ է համարում խնդիրն անցյալի հետ համեմատելը: Ավելին, ըստ Վ. Խաչատրյանի, Ստամբուլի գագաթաժողովի արդյունքում Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային ինտեգրացման գործընթացներից:
ԱՐՄԵՆՊՐԵՍ ԵՌԱԿՈՂՄ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարար Իգոր Սերգեեւի նախաձեռնությամբ տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ Ադրբեջանի նրա գործընկեր Սաֆար Աբիեւի մասնակցությամբ։ Եռակողմ հանդիպումից հետո առանձնազրույց տեղի կունենա Իգոր Սերգեեւի եւ Սաֆար Աբիեւի միջեւ։ Վերջինս մտադիր է բողոք հայտնել, թե անթույլատրելի է, որ Ռուսաստանը հրթիռներ ու ինքնաթիռներ է առաքում Հայաստան։
ԶՈՀԸ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՉԷՐ ԳՐԵԼ ՈՉ ՈՔ
Մոսկվայի «ԿոքՈ255 չՈջպՑՈ» թերթի թղթակից Վադիմ Ռեչկալովը Հայաստանի ԱԺ-ում հոկտեմբերի 27-ին կատարված դեպքերի մասին իր ռեպորտաժում մի այսպիսի փաստ է նշել. «Կա ահաբեկչության եւս մի զոհ, որի մասին չի գրել ոչ ոք՝ Էդվարդ Օհանյանն է, Կապանից մի գործարար, որ Երեւանի «Շիրակ» հյուրանոցում իմ հարեւանն էր։ Լուրերի թողարկման մեջ լսելով հրաձգության մասին, հունից դուրս եկավ եւ հոկտեմբերի 28-ի երեկոյան մահացավ սրտի տագնապից՝ հենց հյուրանոցի համարում»։
ԱՆՀՆԱՐԻՆՆ ԱԿՆՀԱՅՏ
Վաղուց թերեւս որեւէ մեկը չի տեսել հասարակական փոխադրամիջոցներով երթեւեկող ժողովրդի մի որեւէ ընտրյալի։ «Առավոտի» թղթակիցն ականատես է՝ այս ԱԺ-ում երթուղայինով երթեւեկող երկու պատգամավոր կա՝ Ժիրայր Գեւորգյանը եւ Վարդեւան Գրիգորյանը։ Վերջինս «Առաքելություն» կազմակերպության ղեկավարն է։
Սեփ. լր.