Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՎՈՒՏՈՒՄ

Նոյեմբեր 24,1999 00:00
aram sargsyan

Մինչեւ կառավարության ձեւավորումը՝ մինչեւ նոյեմբերի 13-ը, զինվորականներն ու տանկերը մնացին Երեւանի մատույցներում։ Նրանք հեռացան միայն այնժամ, երբ համոզվեցին, որ ՊՆ-ի հայտարարության մեջ առաջ քաշված պաշտոնանկության պահանջները բավարարվում են։

Սկիզբը՝ «Առավոտի» 216217 համարներում։

Միջանկյալ

Շատ է խոսվում եւ գրվում այն մասին, որ հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանը երկու շաբաթից ավելի տենդի մեջ պահող իրադարձությունների հետ բանակն իրականում կապ չուներ եւ բոլոր հրամանատարներն իրենց հետո անգամ վատ էին զգացել, լսելով, որ ցուցակի նման փաստեր են եղել։ Սակայն մեր զրուցակիցները վստահեցնում էին, որ, ասենք, հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը, երբ զինտեխնիկան գործ էին գցել քաղաք շարժվելու համար՝ ՊՆ-ում էին գնդերի, կորպուսների, առանձին գումարտակների բոլոր հրամանատարները, բոլոր վարչությունների պետերը՝ շուրջ 200 հոգի, որոնցից ամեն մեկի, այսպես ասած, ձեռքի տակ, զորք կա։ Եվ զորքերի հսկայական քանակ արդեն իսկ դուրս էր եկել զորամասերից ու դիրքավորվել Երեւանի մատույցներում։ «Բանակն այդ օրը պատրաստ էր ամեն ինչի՝ Վազգենի համար,- ասաց բարձրաստիճաններից մեկը։- Եվ սա շարքային դեպք դարձնել կարող էին միայն անտեղյակներն ու անհասկացողները»։

Իսկ այն տեսակետի առնչությամբ, թե սա թայֆայական կռիվ էր ու, որ այս տարիներին հսկայական հարստություն կուտակած հրամանատարներն իրականում իրենց անձնական ունեցվածքն էին պաշտպանում, մեր զրուցակիցը նախ ասաց, թե ՆԳ-ի կամ ԱԱՆ-ի անգամ շարքային քննիչների ապրելակերպն ու միջոցները համեմատության եզր չունեն այս էլ 9 տարի սահմաններում անցկացնող հրամանատարների ունեցվածքի հետ. «Եվ հետո, կույր էր պետք լինել այդ օրերին նույն հրամանատարների լացն ու արցունքները չտեսնելու համար։ Իսկ ով չի ուզում այս ամենը հասկանալ… անօգուտ է նրան ինչ-որ բան բացատրել փորձելը»։

Հոկտեմբերի 30

Մնում է ներկայացնել, թե ինչպես հետ կանգնեցին դեպի քաղաք շարժվելու մտադրությունից, չնայած տանկերը սկսել էին ընդհուպ մոտենալ Երեւանին։ Բայց ինչ-որ մի պահից հաստատուն դարձավ այն կասկածը, թե այս դաժան հեռանկարը գրեթե ցանկալի է եւ դիտմամբ է հրահրվում։ Այս ենթադրության տրամաբանությունն այսպես էին բացատրում՝ հնարավոր չէր, որ նախագահը տեղյակ չլիներ իրական վիճակին, նրան պիտի զեկուցած լինեին, թե քանի տանկ է կանգնած քաղաքի շուրջ, քանի զինվոր, քանի մեքենա։ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 28-ին ՊՆ-ի դահլիճում հրամանատարներին հանդիպելուց հետո պիտի որ շատ լավ պատկերացներ նաեւ նրանց հոգեվիճակը։

Արդյոք այս ամենը հիմնավորո՞ւմ է այն, ըստ իս, անհավատալի եւ անհեթեթ վարկածը, թե բախումը սադրում էին իշխանություններն, իսկ՝ մեր հարցին հետեւեց այս պատասխանը. «Եթե բախում, իրոք, լիներ, նախագահը միանշանակ կարող էր ողջ դաշտը մաքրել, ամբողջովին տիրել, ասել՝ տեսա՞ք, թե ինչ էին ուզում»։ Սակայն անկախ արդյունքներից՝ սա նաեւ բանակի վերջնական վարկաբեկման կբերեր եւ իրոք խելքին մոտ չի թվում, թե սթափ դատողության տեր որեւէ մեկը կգնա այս քայլին (չնայած այժմ Աշտարակի խճուղու վերաբերյալ պաշտոնական ամենազանգվածային լրատվամիջոցով հեռասփռվող հեգնական մեկնաբանությունները հակառակ միտման ապացույց են)։

Ինչեւէ, այն վարկածը, թե իրենց հատուկ մղում են այդ քայլերին եւ, որ դա սադրանք է՝ անմիջապես համոզել էր հրամանատարներին: Եվ հերթական ու արդեն վերջին անգամ զինտեխնիկայի շարժիչներն անջատելուց հետո նրանք հայտարարել էին, թե տանկերը քաղաքի մատույցներից չեն հեռացնի, քանի դեռ ԱԱ եւ ՆԳ նախարարներին ու գլխավոր դատախազին պաշտոնազրկելու իրենց պահանջները բավարարված չեն։ Պայմանականորեն համարենք, թե այս պահից հետո խնդիրների լուծումը ուժայինից տեղափոխվեց քաղաքական դաշտ։

Նոյեմբերի 1-3

Այս օրերն իրար նման էին՝ բանակցային շրջապտույտի առումով, որոնց մասնակցում էին արդեն ոչ միայն «Միասնություն» խմբակցության ղեկավարը կամ ՍԴ նախագահը, այլեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանում ԱՄՆ դեսպանը, Երեւանի քաղաքապետը եւ այլք։ Այս եւ հետագա շրջանն արդեն մամուլում փոքրիշատե ավելի իրազեկ է լուսաբանվել։ Զուտ որպես նրբերանգ առանձնացնենք՝ վարչապետի համար կարծես առաջնային չափանիշը ոչ այնքան այն էր դիտվում, թե տվյալ անձի նշանակումից հետո ինչ կլինի տնտեսության վիճակը, այլ քաղաքական նկատառումներով կարեւորում էին, որ նա անպայման կոշտ մարդ լինի։

Բազեյանին ավելի մեղմ էին համարում, առավել ընդունելի էր դիտվում «կոշտ» Սմբատ Այվազյանի թեկնածությունը, որն էլ Գագիկ Հարությունյանի միջոցով ներկայացվել էր նախագահին։ Նա համաձայնել էր քննարկել երկուսի թեկնածություններն էլ։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը շարունակում էր կտրականապես մերժել Սերժ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի հրաժարականի պահանջը եւ պնդել Վաղարշակ Հարությունյանի եւ Վահան Շիրխանյանի պաշտոնազրկման մտադրությունը։ Այս հարցերի շուրջ էին հիմնականում տարաձայնությունները։

Հետո մեջտեղ եկավ Արամ Սարգսյանի թեկնածությունը։ Ոչ ոք չէր կարողանում ճշգրիտ նշել, թե ով է առաջինը տվել այդ անունը։ Աղոտ մտաբերում էին, թե դա երկրապահներից մեկն էր։ Իմիջիայլոց, բոլորը նշում էին, թե Արամ Սարգսյանն իրեն շատ լուրջ եւ հասուն դրսեւորեց։ ՊՆ եկավ, երբ արդեն հայտնի էր, որ նրա թեկնածությունն առաջադրվել եւ հավանության է արժանացել։

Արամ Սարգսյանը նախ չէր համաձայնել՝ թերագնահատում էր տնտեսություն ղեկավարելու իր կարողությունը եղբոր համեմատ եւ համարում էր, թե այդ նշանակումը Վազգեն Սարգսյանի հիշատակի խայտառակությունը կլինի։ Նաեւ գիտակցում էր քաղաքական դաշտում իր բացակայության հանգամանքը։ Սակայն եւ ասել էր. «Կարո՞ղ է մտածում եք, որ եթե վարչապետ դառնամ՝ ամեն օր գալու եք, ամեն մեկդ մի բան ուզեք։ Ես այդ մարդը չեմ՝ եթե հույսներդ դրա վրա է»։

Նոյեմբերի 4-13

Հետաքրքրական էր, թե որ պահին նախագահն ի վերջո համաձայնեց Աղվան Հովսեփյանի եւ Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Վերջինիս ներկայացրած, բայց չընդունված հրաժարականը հրամանատարները շինծու եւ միայն խաղ գնահատեցին։ Չնայած, արդեն հետո՝ նոյեմբերի 16-ին, Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Ես չեմ ասել, որ նոր կառավարության մեջ անպայման այդ մարդիկ կլինեն։ Ինձ համար շատ պարզ է եւ հասկանալի, որ նման արտառոց երեւույթից հետո կադրային փոփոխություններ պետք է տեղի ունենային»։

Այնուամենայնիվ, մեր զրուցակիցները շարունակում էին պնդել, թե վերոհիշյալ երկու խնդիրները երկարատեւ ու հոգեմաշ խորհրդակցությունների եւ բանակցությունների միջոցով էին լուծվել։ Արամ Սարգսյանը ՆԳ նախարարի պաշտոնի համար ներկայացրել էր Արարատի մարզային ոստիկանության ղեկավար Գրիգոր Գրիգորյանի եւ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանի թեկնածությունները։ ԱԱ նախարարի պաշտոնում վարչապետի թեկնածուներն էին արտակարգ իրավիճակների վարչության պետ Վյաչեսլավ Հարությունյանը եւ ՊՆ հետախուզության պետ Բասենց Ազոյանը։ Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը դրվատանքով էր խոսել Գրիգոր Գրիգորյանի մասին, ԱԱ նախարարի պաշտոնում երկու թեկնածուների մասին էլ ասել էր, թե իսկապես լուրջ մասնագետներ են։ Այնուամենայնիվ մերժել էր բոլորին։ Պատճառաբանությունները՝ որ ՊՆ-ից չպիտի լինեն եւ այլն, արդեն բազմիցս են հրապարակվել։

Մյուս կողմն էլ համաձայն չէր նախագահի առաջարկին փոխնախարարներից որեւէ մեկին նշանակելու վերաբերյալ, որոնք կիսում էին կատարվածի համար պատասխանատվությունը եւ անվտանգության, ըստ էության, չձեւավորված կառույցի, համակարգի մի մասն էին կազմում։ Տասնօրյա բանավեճերի մի պահի վարչապետն, իրոք, պատրաստ էր կառավարության սեփական կազմը հրապարակել, որտեղ չկային Արմեն Դարբինյանը, Խոսրով Հարությունյանը, Դավիթ Զադոյանը, Լեւոն Բարխուդարյանը եւ այլք։ Ընդհանուր առմամբ, փոխվելու էին շուրջ 7-8 նախարարներ։

Ռոբերտ Քոչարյանը նախ տնտեսական բլոկի նախարարների նշանակումը վերապահել էր վարչապետին, եթե նա էլ նախագահին վերապահեր ուժային նախարարներին ըստ իր հայեցողության նշանակելու իրավունքը։ Եվ մի խնդիր էլ կար. Արամ Սարգսյանն տնտեսական նախարարներին զիջեց Վահան Շիրխանյանին պահելու համար, որին մինչեւ վերջին պահն էլ Ռոբերտ Քոչարյանը չէր ցանկանում նույն պաշտոնում թողնել։

Սա էլ է հետաքրքիր, նախագահն, իր վկայությամբ, վարչապետի խնդրանքով մի մարդու թողեց իր նախկին պաշտոնում, որն ինքն էլ վարչապետի թեկնածու էր ուզում դառնալ՝ դեռ դիակները չսառած։ Բարեբախտաբար, գտնվեց փոխզիջում՝ նախագահն ուժային նախարարների պաշտոնների համար մի քանի մարդկանց անուններ տվեց, համաձայնելով նշանակել նրանցից ցանկացածին։

Համաձայն էր նաեւ, որ Արամ Սարգսյանն իր թեկնածուներին նշանակեր առաջին փոխնախարարներ եւ վարչությունների պետեր։ Չնայած այժմ էլ այս հարցերում ինչ-ինչ հակասություններ կան։

Սակայն ամփոփենք, որ այս եւ այլ հակասությունների, փոխադարձ անվստահության պատճառների առիթները նոր չէին՝ վաղուց էին կուտակվել եւ ուղղակի ծայրահեղ իրավիճակն առիթ դարձավ, որ դրանք ողջ ուժով երեւան գան։ Բայց մի բան կասկած չի հարուցում. ժամանակն այժմ Ռոբերտ Քոչարյանի օգտին է աշխատում։

Անհրաժեշտ վերջաբան

Նշենք, որ իրադարձությունների մասնակիցների միայն մի կողմի զրույցներից քաղած այս փաստերը հնարավորինս փորձել էինք ճշտել համապատասխան բարձրաստիճանների մամուլի ծառայությունների հետ։ Ընթերցողներից քչերն էին ըմբռնել, թե այս հոդվածաշարն ինչու ենք «Թավուտում» անվանել։ Ակուտագավայի համանուն պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրն իրարից տարբեր, յուրովի, բայց նույնքան համոզիչ էր ներկայացնում նույն եղելությունը։ Կարծում եմ, հոկտեմբերի 27-ից հետո ծավալված իրադարձությունների հերոսների պահվածքը նույնն է։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930