Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՉԻ ՀԱՐՑԱՔՆՆՎԻ

Նոյեմբեր 24,1999 00:00
armen Ter-sahakyan

Երեկ շարունակվեց Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա խմբի անդամների դատավարությունը։ Ամբաստանյալ Տեր-Սահակյանը դատական նիստին ներկայացավ անտառային ձայներ հիշեցնող նմանակումներով, «Օձին, օձին ի՞նչ անենք» արտահայտություններով։ Ա.Շուխյանի եռյակը (նկատի ունեմ՝ վանդակաշարում նստած) ակնհայտորեն դժգոհ էր նիստը «հավերժացնող» օպերատորներից. «Դե, բոլ ա նկարեք»,- հնչեց մի քանի անգամ։ Նիստը սկսվեց թվով 108-րդ վկայի ցուցմունքներից։ Մինչ այդ նախագահող դատավոր Գ.Պողոսյանը ընթերցեց քննչական մեկուսարանից դատարանին ուղարկված պատասխանը, որը վերաբերում էր պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությանը՝ կապված իր պաշտպանյալի՝ Գ.Դարբինյանի առողջական վիճակի հետ։ Ըստ այդ տեղեկանքի, ամբաստանյալի վիճակը բավարար էր։ Հիմա էլ «խլրտոց» նկատվեց ամբաստանյալների պաշտպանական կազմում, լսվեց անգամ. «Բժիշկներին պատասխանատվության պետք է ենթարկել»։

Դատարանը լսեց եւս 2 վկայի, այսպիսով, 202 վկաներից 110-ը դատակոչվել են։ Մեղադրողները նշեցին, որ 12 վկաների մասին ընդհանրապես տեղեկություններ չկան (նրանց բերման ենթարկելու մասին դատարանի որոշումը չի կատարվել- Ռ.Մ.), իսկ 66 վկաների համար ներկայացվել են տեղեկանքներ։ Դատավոր Գ.Պողոսյանը կարճ ընդմիջում հայտարարեց, որ ավելի շատ կողմերի կողմնորոշման համար էր. թե արդյոք կարելի՞ է բավարարվել դատակոչված վկաների դատաքննական եւ մյուսների (եթե նրանք չգան) նախաքննական ցուցմունքներով։ Ընդմիջումից հետո Գ.Դարբինյանի պաշտպան Լ.Սահակյանը հանդես եկավ միջնորդությամբ։ Ըստ նրա, կարեւորագույն վկա Վահան Հարությունյանը չպիտի հարցաքննվի, քանի որ նա այս գործից առանձնացված մեկ ուրիշ քր. գործով գտնվում է ամբաստանյալի կարգավիճակում. «Եթե նա հարցաքննվի որպես վկա, մենք տալու ենք մեղադրող հարցեր»։ Մեղադրողը համաձայն չլինելով պաշտպանի «պատճառաբանության որոշ մասերին», այնուամենայնիվ, համաձայն եղավ միջնորդությանը, ինչպես համաձայն եղավ եւ դատարանը՝ «խորհրդակցելով ինքն իր հետ»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930