Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՂ ՕՐԵՐԻՑ ՀԵՐԹԱԿԱՆԸ

Նոյեմբեր 24,1999 00:00
Azgayin joxov

Քանի որ հայոց խորհրդարանի աշխատանքներն արդյունավետությամբ աչքի չեն ընկնում (նրբանկատորեն դա կապում ենք հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ), հետեւաբար նաեւ պատգամավորների անդուլ աշխատանքը ներկայացնելու հաճույքից լրագրողները զրկված են։ Քվեարկություններ երեկվա նիստում այդպես էլ չարձանագրվեցին շատ պրոզայիկ պատճառով՝ դահլիճում պատգամավորների շարքերը նոսր էին։

Ուշագրավ էր թերեւս «1992-95 թթ. ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաեւ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հանձնաժողովի անդամ Մանուկ Գասպարյանի առաջարկը։ Նախ պրն Գասպարյանը խնդրեց մեկ ամսով երկարացնել հանձնաժողովի հաշվետվության ժամկետը։ Ապա եւ հանձնաժողովի ուսումնասիրությունները չսահմանափակել 92-ից 95 թվականներով, այլ ընդարձակել այն մինչեւ 99 թվականը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը Վահան Զատիկյանի մահից հետո չի համալրվել։ Իսկ անդամներից մյուսը՝ Անդրանիկ Մանուկյանը, հիվանդանոցում է։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը խոստացավ, որ «Միասնություն» դաշինքը թեկնածուներ անպայման կառաջադրի։ Անդրանիկ Մանուկյանին հանձնաժողովից հանելուն Մանուկ Գասպարյանը կտրականապես դեմ էր։ Նման խոսակցություն ԱԺ ամբիոնից չի եղել, հետեւաբար ենթադրում ենք, որ այն վարվել է ԱԺ կուլիսներում. «Մանուկյան Անդրանիկը պետք է մնա հանձնաժողովում, եթե անգամ երկու ամիս ի վիճակի չլինի աշխատել։ Մեր կողմից բարոյական աջակցություն պետք է լինի»։ Հանձնաժողովի աշխատանքներին, ըստ պատգամավորների, խոչընդոտում են մեկ-երկու նախարարներ՝ չտրամադրելով պահանջվող փաստաթղթեր։ Սակայն Մանուկ Գասպարյանը որոտաձայն հիշեցրեց, թե. «Հանձնաժողովն ԱԺ պատիվն է, այն ներկայացնում են խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը։ Ո՞վ կարող է մեր դեմ գալ (հիշեցնում էր՝ «մեր դեմ խաղ չկա» տխրահռչակ միտքը- Լ. Ա.)։ Էդպիսի պլոճիկ, ինձ թվում է, ոչ մեկը չունի («ո՞վ է այն տղամարդը…»- Լ. Ա.)»։ Կարծելով, որ անկյունաքարային եւ հանձնաժողովի աշխատանքը խրախուսող միտք է ասում՝ Տիգրան Թորոսյանը հավաստիացրեց, թե «Միասնություն» դաշինքը կարեւորում է հանձնաժողովի աշխատանքը։ Այսինքն, կարող էր եւ չկարեւորել։

Երեկ նաեւ հայտարարությունների օր էր, որից օգտվեցին միայն վեց պատգամավոր։ Կոմկուսի ֆրակցիայի անդամ Գագիկ Թադեւոսյանը հիշեցրեց, որ անցած ուրբաթ եւ շաբաթ ԱԺ-ում տեղի են ունեցել պատգամավորական լսումներ առողջապահական եւ սոցիալական հարցերով։ Պրն Թադեւոսյանը նկատել էր, որ լսումներին ներկա պատգամավորների թիվը զգալի չէր։ Հայ, հեղափոխական եւ, վերջապես, դաշնակցական Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ԱԺ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հանձնաժողովն իրեն կից ստեղծել է հասարակական փորձագիտական խորհուրդ։ Արդեն հաջորդ շաբաթ կլինեն լսումներ «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքի շուրջ։ Ըստ պրն Հովհաննիսյանի, դա «այն կուրսի շարունակությունն է, որը մենք բոլորս պարտավորվել ենք շարունակել՝ մաքրելով այս երկիրը այն բոլոր էլեմենտներից, որոնք հնարավորություն չեն տալիս զարգանալ եւ ապրել»։ Կոռուպցիայի դեմ պայքարելու են ելնում ե՛ւ կառավարությունը, ե՛ւ փաստորեն, ԱԺ-ն։ Քանի որ կոռուպցիա երեւույթը խորթ է ե՛ւ կառավարությանը, ե՛ւ Ազգային ժողովին, դրա դեմ պայքարելը լուրջ դժվարություններ չի խոստանում։ «Օրինաց երկիր» խմբակցությունը առիթը չկորցրեց դարձյալ խոսել իրենց օրենսդրական հերթական նախաձեռնության մասին։ Այն է՝ սեփականաշնորհվող օբյեկտների ցուցակից հանել Երեւանի ՋԷԿ-ը, Սեւան-Հրազդան կասկադը, ատոմակայանի սպասարկումն իրականացնող հատուկ նշանակության պետական ձեռնարկությունները, Քաջարանի եւ Կապանի պղնձամոլիբդենային «հսկաները»։

Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց վիճպետկոմից ձեռք բերած մի քանի տվյալներ՝ զուգահեռ խոսելով ահագնացող արտագաղթից։ Պատգամավոր Սամվել Ավետիսյանը մտահոգ էր գյուղական բնակավայրերով, որոնք զրկված են բաղնիքից, կենցաղի տնից, մշակույթի տնից եւ «մի քիչ էլ» փոստային բաժանմունքից։ Վանյա Հովհաննիսյանի՝ համարյա շշուկով արված հայտարարությունից պարզվեց, որ նրա թեման Բագրատաշենի Սադախլոյի շուկան է։ Սա՝ ԱԺ-ի երեկվա նիստի ընթացքի մասին։ Մի (գուցե անկարեւոր) նկատառում էլ. պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված եւ ձերբակալված Մուշեղ Մովսիսյանի աշխատասենյակի ցուցանակը իր տեղում է։ Չճշտված աղբյուրներով՝ նախաքննության ժամկետն ավարտվելուն պես նա կվերադառնա պատգամավորական ստեղծագործ աշխատանքին։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930