Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունները տեղիք են տվել զանազան վարկածների։ Քանի որ Հայաստանում արտաքին գործոնը դիտարկվում է որպես կարեւորներից մեկը, այդ վարկածների մեջ փորձում են գտնել ոչ միայն Արևմուտքի, այլեւ Արեւելքի հետքը։
Վերջին դեպքում խոսքը Ռուսաստանի եւ Իրանի մասին է։ «Իրանական» վարկածը ի հայտ եկավ մի փոքր ուշ, հավանաբար, հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի տեսակետները։ Նշենք, որ հայ- իրանական հարաբերությունների նկատմամբ իրենց խիստ բացասական վերաբերմունքն են արտահայտում հայաստանյան քաղաքական դաշտի երկու բեւեռները՝ ծայրահեղ ազատական եւ ծայրահեղ ձախ։ Ըստ երեւույթին, հենց այս երկու բեւեռներն են հիմք դրել համապատասխան ասեկոսեների տարածմանը։
Սնամեջ իրանական վարկածը հիմնավորելու համար բերվում են հետեւյալ փաստարկները։ Իբր Կարեն Դեմիրճյանը սկզբունքային պայմանավորվածություն ուներ Իսրայելի դեսպանի հետ եւ պլանավորում էր այցելել այդ երկիր։ Իբր ԱԺ նախագահը, լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ, նախատեսում էր Հայաստանի ինտեգրացումը ՆԱՏՕ-ի մեջ, դրա փոխարեն ապահովելով ԱՄՆ-ի ֆինանսական զգալի օգնությունները մեր երկրին՝ մոտ 250-300 մլն դոլար չափով։ Նույն ասեկոսեները տարածվում էին նաեւ Վազգեն Սարգսյանի հասցեին՝ իբր նա ընդունել էր Ալբերտ Գորի նախնական պայմանները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Խոսվում է նաեւ այն մասին, որ Վազգեն Սարգսյանը, գտնվելով համոզված ամերիկամետ գործիչների Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի ազդեցության տակ, նույնպես սկսել էր որպես ռազմավարական գործընկեր տեսնել ԱՄՆ-ին։
Նման փաստարկների հիման վրա առաջ է քաշվում այն վարկածը, իբր Իրանը շահագրգռված էր վարչապետի եւ ԱԺ նախագահի ֆիզիկական վերացման մեջ։ Բայց խոսքն իրականում կարող է լինել միայն այն մասին, որ Իրանն իսկապես տարակուսած է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մերձ շրջապատի մտադրություններից՝ Ադրբեջանին հանձնել ազատագրված տարածքների մի մասը եւ այդպիսով բացել Երեւան-Նախիջեւան-Մեղրի-Բաքու ռազմավարական ճանապարհը։ Իրանը՝ չունենալով սպառիչ տեղեկատվություն Քոչարյան-Ալիեւ բանակցությունների մասին, մեծ վերապահումներով է վերաբերվում այդ բանակցություններին։ ԼՂՀ-ի հետ սահմանի առկայությունը, որը կրճատում է Իրանի սահմանն Ադրբեջանի հետ, այդ երկրի համար պետական անվտանգության եւ անդրկովկասյան ռազմավարության կարեւոր գործոն է։ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որեւէ, նույնիսկ աննշան, առաջընթաց եւ որեւէ զիջում Ադրբեջանին շոշափելի հարված է հասցնելու Իրանի անվտանգությանը հյուսիսային ուղղության վրա։
Կարդացեք նաև
1999 թվականին արտաքին ուժերը փորձում էին ապակայունացնել Իրանի ներքին իրավիճակը տարբեր ուղղություններով։ Այդ ուղղություններից մեկն էլ Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ սահմանակից Իրանի հյուսիս-արեւմտյան շրջաններում անջատողական գործունեության խթանումն է։ Ուստի հասկանալի է, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն Թեհրանի կողմից դիտվում են որպես կարեւորագույն արտաքին քաղաքական գործընկերներ, որպես Թուրքիան եւ Ադրբեջանը զսպելու գործոն: Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական եւ պետական վերնախավը Իրանի կողմից ընկալվում են այդ համատեքստում։ Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին, Արկադի Ղուկասյանին եւ Սամվել Բաբայանին Թեհրանը դիտում էր որպես շատ մոտ դաշնակիցներ։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հարցում իրանցիներն ունեին որոշակի խնդիրներ, սակայն նրանք էլ էին, ընդհանուր առմամբ, գործընկերներ դիտվում։ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը իրանցիներին գցեց տարակուսանքի մեջ՝ խաթարելով այդ երկրի ծրագրերը Անդրկովկասում։ Իրանական քաղաքագետների կարծիքով Թեհրանը այդ ահաբեկչությունից շատ ավելի մեծ վնասներ կրեց, քան Մոսկվան, քանի որ Իրանը Հայաստանում մանեւրելու եւ քաղաքական գործընկերներ գտնելու շատ ավելի փոքր շրջանակ ունի։ Իրանական ԶԼՄ-ների հրապարակումները թույլ են տալիս պնդել, որ Թեհրանը պատրաստ է աշխուժացնել երկխոսությունը Երեւանի հետ երկու ուղղությամբ՝ ԼՂՀ-ի շահերի պաշտպանության եւ ատլանտամետ կողմնորոշումները կանխելու։
Իգոր ՄՈԻՐԱԴՅԱՆ