Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստ «նաղդելու» ժամանակը

Նոյեմբեր 23,1999 00:00
tigran naghdalyan

Լրատվության միջոցների որոշ ներկայացուցիչներ հոկտեմբերի 27-ի եւ հաջորդած իրադարձությունների առնչությամբ իրենց պարտքն են համարում ոչ միայն մատուցել բացառապես մեկ՝ ՀՀ նախագահի տեսակետները, այլեւ մեղադրել այդ իրադարձությունները համակողմանի լուսաբանողներին, ուսուցողական հեռակա դասընթացներ վարել իրենց նվիրվածության եւ ճոխ բառապաշարի սահմաններում։

Հոկտեմբերի 27-ի եւ 28-ի իրադարձությունների ճշգրիտ հաջորդականության հրապարակումն ակնհայտորեն նյարդայնացնում է ոմանց։ Ավելորդ չենք համարում մեկ անգամ եւս արձանագրել.

ա) հոկտեմբերի 27-ին ժամը 22.30-ի սահմաններում ՀՀ նախագահին ներկայացվել է հինգ պաշտոնների թեկնածուների ցուցակ,

բ) հոկտեմբերի 28-ին ժամը 11.30-ի սահմաններում ՊՆ-ում հավաքվել են մի շարք կուսակցությունների ղեկավարներ,

գ) հոկտեմբերի 28-ին մոտավորապես նույն ժամին ՊՆ է այցելել ՀՀ նախագահը,

դ) հոկտեմբերի 28-ին ՊՆ այցելելուց հետո ՀՀ նախագահին է փոխանցվել ՊՆ հայտարարությունը։

Մի կողմ թողնենք լրագրային այն հրապարակումները, որոնցում ակնհայտորեն կեղծվում է կուսակցությունների ղեկավարների՝ ՊՆ-ում հավաքվելու ժամը եւ համառորեն պնդվում, թե դա եղել է գիշերը։ Սա, ըստ ամենայնի, հիշյալ կուսակցությունների վրա գաղափարական գրոհ ձեռնարկելու միտումով տարածվող սուտ է։

Անդրադառնանք միայն ՀԱՀ-ի տնօրեն Տիգրան Նաղդալյանի կիրակնօրյա ելույթին նոյեմբերի 21-ի «Օրակարգում»։ Պրն Նաղդալյանին ամենեւին դուր չեն եկել «լրագրային լավաշ» այն հրապարակումները, որոնցով փորձ է արվել վերականգնել իրադարձությունների պատկերը, կատարվածի մանրամասները։ Սրանց նա հակադրեց իր «եթերային լավաշը»՝ մասնավորապես փորձելով անտեղյակներին համոզել, թե ՀՀ նախագահին հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ներկայացվել է վերջնագիր։ Ակնհայտ է, որ վերջնագիր ասելով՝ ՀԱՀ-ի տնօրենը նկատի ունի հոկտեմբերի 27-ի ցուցակը, եւ ոչ հրաժարականների պահանջով ՊՆ հոկտեմբերի 28-ի հայտարարությունը։ Ցուցակը որակելով «վերջնագիր»՝ նա դատողություն արեց իր գործընկերների՝ «վերջնագիր» բառի չիմացության կամ թյուրըմբռնման վերաբերյալ։

Տիգրան Նաղդալյանի համար մեջբերենք «ցուցակ» եւ «վերջնագիր» բառերի բացատրությունը Էդ. Աղայանի բացատրական բառարանից.

ա) Ցուցակ

1. Որեւէ կարգի բաների կամ անձանց գրավոր թվարկումը ներկայացնող փաստաթուղթ, ցանկ։

2. Փխբ. Իրար ետեւից թվարկվող բաների շարք։

3. Տաբել։

բ) Վերջնագիր

1. Վճռական՝ ստիպողական պահանջ պարունակող դիվանագիտական հայտագիր, որի չկատարելը սպառնում է դիվանագիտական հարաբերությունների խզում կամ ուժի գործադրություն։

2. Սպառնալիքով ուղեկցվող պահանջ (ուլտիմատում)։

Բերենք կիրառական մի օրինակ. եթե հրապարակվի, դիցուք, ՀՈՒԴ-ի ղեկավարների կամ էլ այն անձանց ցուցակը, ում զանգահարել է Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ին, Տիգրան Նաղդալյանը դա ցուցա՞կ կհամարի, թե՞ վերջնագիր։ Ուրեմն, ինչո՞ւ է Տիգրան Նաղդալյանն ստանձնել իր թյուրըմբռնածն ուսուցանելու առաքելությունը։ Ո՞րն է սրա շարժառիթն ու նպատակը։ Ինչո՞ւ է Ազգային հեռուստատեսության տնօրենն այս եւ այլ պնդումներով ու մեկնաբանություններով փորձում սրել ՀՀ նախագահի եւ ՊՆ փոխհարաբերությունները։ Մի՞թե դա է իշխանության թեւերի միջեւ փոխհամաձայնությունն ապահովելու, պետականությունն ամրապնդելու ամենակարճ ճանապարհը։ Համարենք սրանք հռետորական հարցեր։

ԱՇՈՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930