Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՎՈՒՏՈՒՄ

Նոյեմբեր 23,1999 00:00

Զրույցների միջոցով փոխանցված փաստերի այս վերաշարադրանքի ընթացքում ձգտում ենք զերծ մնալ որեւէ կերպ սեփական վերաբերմունքը արտահայտելուց կամ մեկնաբանություններից։ Սակայն այս առիթով չենք կարող չնշել. ուղղակի սարսափելի էր գիտակցումը, թե իրականում ինչքան մոտ ենք եղել քաղաքացիական պատերազմին։

Սկիզբը՝ «Առավոտի» նախորդ համարում

Միջանկյալ

Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 16-ին հեռուստալրագրողների քառյակի հետ հարցազրույցում ՊՆ-ի հոկտեմբերի 28-ի հայտարարության մասին ասել էր. «Վերաբերմունքս բացասական է։ Միանշանա՛կ։ Ես կարող եմ հասկանալ շարժառիթները, կարող եմ հասկանալ իրավիճակը, կարող եմ փորձել նաեւ բացատրել, բայց բանակը չպետք է անի քաղաքական հայտարարություններ։ Եվ ես գիտեմ նաեւ, որ բանակում սա եւս շատ լավ հասկանում են եւ ինձ բացատրում են, որ սա պահից բխող երեւույթ էր։ Ես հավատում եմ, որ սա իսկապես պահից բխող երեւույթ էր, քանի որ Վազգեն Սարգսյանը բանակի, մեր հրամանատարական կազմի համար միայն իրենց նախարարը կամ վարչապետը չէր։ Նա շատ ավելի մեծ նշանակություն ուներ ե՛ւ որպես գործընկեր, ե՛ւ ընկերական ու հայրական փոխհարաբերություններ կային։ Եվ այդ առումով, կրկնում եմ, կարելի է հասկանալ, կարելի է հանդուրժողական լինել։ Մեկ այլ հարց է, որ այդ օրերին բանակում հայտնվեցին մարդիկ, որոնք իրավունք չունեին լինել այնտեղ եւ, որոնք հրահրում էին, որոնց ձեռնտու էր, հավանաբար, վիճակի ապակայունացումը եւ փորձում էին հրահրելով, վիճակն ապակայունացնելով՝ պղտոր ջրում ձուկ որսալ։ Սա է մտահոգիչ։ Եվ ասեմ, որ սա բանակի կողմից ընդունվում է միանշանակ։ Եվ բացատրությունը մեկն է՝ տվյալ պահի անվստահության, նյարդային այդ մթնոլորտը հնարավորություն ստեղծեց նման երեւույթի համար»։

… Զրուցակիցներս վկայում էին, թե ՊՆ-ի հայտարարությունն առավել էր վրդովել ու գրգռել Ռոբերտ Քոչարյանին, թե այժմ էլ իր հետ վերջնագրերով են խոսում։ «Ես երբեք հենակով նախագահ չեմ լինի»,- ասել էր նա ըստ հրամանատարներին հասած լուրերի։

Եվ նորից Գագիկ Հարությունյանը սկսեց հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, համոզել, թե ՆԳ եւ ԱԱ նախարարներին ու գլխավոր դատախազին իսկապես հարկավոր է պաշտոնազրկել, ընդ որում՝ այդ քայլերը պետք էր անմիջապես անել… Որեւէ դրական արդյունք այդ այցելությունները չունեցան։ Մթնոլորտը շարունակում էր շիկանալ։

Հոկտեմբերի 29

Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը նախագահին հանդիպեցին նաեւ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը եւ պաշտպանության փոխնախարար Գեղամ Հարությունյանը։ Հանդիպումից հետո փոխանցեցին, թե Ռոբերտ Քոչարյանը խոսել անգամ չի ցանկանում այդ երեքին ազատելու մասին, կտրականապես մերժում եւ հայտարարում է, թե այդ դեպքում ինքը կհեռանա։

Հաջորդ անգամ նախագահի հետ հանդիպեցին Սեյրան Սարոյանը եւ երեք այլ հրամանատարներ։ Հետ գալուց հետո նրանցից մեկն ափսոսանք եւ հիասթափություն էր հայտնել այդ հանդիպմանը գնալու համար. «Վազգենի մահն արդեն լրիվ երկրորդական է դարձել ցուցակի համեմատ»։ Եվ երբ հրամանատարները, որ քաղաքական գործիչներ չեն, դիվանագիտություն խաղալ չեն կարողանում՝ ուղղակի խնդրում են բացատրել, թե ինչու չի ցանկանում Սերժ Սարգսյանին հեռացնել՝ Ռոբերտ Քոչարյանն ի վերջո պատասխանում է. «Մենք ընկերներ ենք»։

Սրան հավելենք հեռուստահարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի պատճառաբանությունը. «Ես ասում էի, որ չի կարելի նման պահերին, երբ որ գլխատված է կառավարությունն ընդհանրապես, երբ որ կառավարության ամբողջ կազմը պաշտոնակատարներ են, երբ որ գլխատված է ԱԺ-ն՝ չի կարելի պահանջել ուժային նախարարների հրաժարականը, քանի որ իշխանությունն առանց այն էլ թուլացված է»։ Իսկ այդ հանդիպմանը նախագահը նաեւ ասել է, որ եթե շատ են պնդում, որ ԱԱ նախարարին հանի՝ նրա հետ կպաշտոնազրկի նաեւ Վաղարշակ Հարությունյանին։ Եվ Ռոբերտ Քոչարյանի հերթական խոստմանը, թե այլապես ինքը հրաժարականը կտա՝ այս անգամ հրամանատարները չեն ընդդիմացել։ Ամենավատ շրջանը սկսվեց սրանից հետո։

Հոկտեմբերի 30

Հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը, երբ արդեն նահատակների աճյունները քաղաքացիական հոգեհանգստի համար պիտի տեղափոխեին Օպերայի եւ բալետի թատրոն՝ հրամանատարները որոշեցին, թե այդ գիշեր պիտի բոլոր հարցերը լուծեն, որ հաջորդ օրը կատարված պարտքի գիտակցությամբ ու հանգիստ սրտով գնան վերջին հրաժեշտը տալու։

Նորից նախագահի հետ հանդիպման գնացին պատգամավորները՝ մասնավորապես «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը, որն այդ գիշեր զանազան պատվիրակությունների կազմում մի քանի անգամ հանդիպեց Ռոբերտ Քոչարյանին։ Ամեն անգամ էլ մերժում էին ստանում, նախագահը կտրականապես չէր ցանկանում քննարկել նաեւ գլխավոր դատախազի պաշտոնազրկման հարցը՝ վկայակոչելով ե՛ւ նրա լավ աշխատանքը, ե՛ւ մտերիմ փոխհարաբերությունները։ Վերջին փաստարկն այս շրջանակի մարդկանց համար բավական համոզիչ է՝ նրանք գնահատում են քավոր-սանիկ, ընկերություն եւ նման փոխհարաբերությունները պահպանելու ձգտումը։

Սակայն կտրուկ մերժումներից հետո հրամանատարները ինչ-որ մի պահի ասացին՝ «Վե՛րջ»։ Եվ դեռ բանակցությունները շարունակվում էին, ու ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը զանգահարել էր պաշտպանության նախարարություն, որ հերթական անգամ հայտնի, թե նախագահն անզիջում է, երբ հեռախոսից լսել էր, որ զինտեխնիկայի՝ տանկերի եւ БМП-ների շարժիչները գործի են դրված։ «Պահեք, մի՛ թողեք»,- գոռացել էր Սասուն Միքայելյանը։

Այս ամենի մասին արդեն բավական հանգիստ պատմող զրուցակիցներիս երբ հարցրի. «Այսինքն, տանկերով գալու էին դեպի նախագահի նստավա՞յր»։ Նրանց դրական պատասխանը նույնքան սառնասիրտ հնչեց… «Այսպիսի համոզմունք կար բոլորի մեջ, որ եթե այս սպանդից հետո մինչեւ այսօր նախագահը չի ազատում եւ ոչ մեկին, ուրեմն բոլորը դրան խառն են։ Մեր Սպարապետին սպանել են եւ չեն ուզում այդ տեղերը տալ մեզ, քանի որ կպարզվի, որ իրենք խառն են»,- ըստ զրուցակիցներիցս մեկի, այս տրամաբանությամբ ձեւավորված կարծիք ունեին հրամանատարները եւ այս պատճառով էին զինտեխնիկա բերում հենց նախագահի նստավայրի մոտ։

Մեր հարցին, թե ի՞նչ էին պատրաստվում անել քաղաք մտնելով՝ մեկ ուրիշ զրուցակից փոքր-ինչ այլ պատասխան տվեց, թե որոշակի որեւէ ծրագիր չկար՝ ուր են գնալու, ինչ են անելու եւ այլն։ Սակայն բանակի նախապատրաստությունների մասին հայտնի էր դարձել։ Եվ պատասխան համարժեք նախապատրաստություններ էլ էին ընթանում՝ հատուկ նշանակության ջոկատը դիրքավորվել էր ԱԱՆ-ում, ուժեղացվել էր նախագահի նստավայրի պաշտպանությունը (ի դեպ, նախագահի աշխատակազմից ճշտեցինք, թե այս լուրը բացարձակ սուտ է, նման բան չի եղել եւ նստավայրի պաշտպանությունն իրականացվել է սովորական ռեժիմով)։

Ավելի ուշ Սերժ Սարգսյանն ասել էր, թե գայիք, տեսնեինք՝ ինչպե՞ս էիք գալու, սպասում էինք ձեզ։ Եվ այս ամենի մասին տեղեկություններն ավելի էին գրգռում հրամանատարներին, թե՝ «Ի՞նչ պիտի անեն մեր դեմ»։

Շարունակելի

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հուսանք, որ Հայաստանում այլեւս երբեք հնարավորություն չի լինի իշխանության հարց լուծել БМП-ների եւ տանկերի միջոցով, կամ նույնիսկ՝ դրանց սպառնալիքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930