Բյուջեի ճեղքվածքն իր բացասական ազդեցությունն ունեցավ նաեւ «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկայի աշխատանքի վրա։ Պարտքերի պատճառով անջատվել էր այդ կարեւորագույն հիմնարկի էլեկտրամատակարարումը։ Այդպիսով ֆոտոխրոնիկայի աշխատակիցները ստիպված էին հայաստանյան եւ արտասահմանյան մամուլի համար այնքան անհրաժեշտ եւ հրատապ լուսանկարները նախապատրաստել «Առավոտում»։
ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
«Մրցակցային դատարանի կայացումը մոտ ապագայում անհնարին է»,- արձանագրեց առաջին ատյանի դատավորներից մեկը։ Դրա պատճառը դատավարությանը մասնակցող կողմերի մակարդակների տարբերությունն է։ Եթե դատախազությունը խիստ հետեւողականորեն իրականացնում է իր առաքելությունը, նույնը չես ասի փաստաբանների մասին։ Որպես օրինակ մեր զրուցակիցը նշեց փաստաբանական առաջատարներից մեկի աշխատաոճը՝ «Պրն Ջանոյանը մշտապես 1-2 ժամ ուշացումով է ներկայանում դատական նիստերին, գործին ծանոթանում է նիստերի դահլիճում եւ, որպես կանոն, չի սպասում դատավճռի հրապարակմանը»։
Կարդացեք նաև
ՈՒՇԱՑԱԾ՝ ՈՐՊԵՍ ՄԱՆԱՆԵԽ
Երեկվանից Ազգային ժողովում բարեհաջող գործարկվում է մետաղորսիչ սարքը։ ԱԺ-ի վրա հարձակում գործել կամ փաթեթ տեղադրել ցանկացողներին զգուշացնում ենք, որ շենքը վերահսկում են ավտոմատներով զինված ոստիկանները։ Ի դեպ, երեկվանից ամբողջությամբ վերափոխվել է ԱԺ-ն վերահսկող ոստիկանների կազմը։
ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության վարչապետը հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում հիշեցրեց, որ ինքը պայքարելու է կոռուպցիայի դեմ, եւ եթե հարկ լինի՝ դա անելիս հաշվի չի առնելու նաեւ այդ պահին դահլիճում նստած գործարարներին։ ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանից փորձեցինք ճշտել, թե վարչապետն իրենցից որեւէ մեկին նկատի ունե՞ր։
– Կարծում եմ, որեւէ մեկին ներկաներից նկատի չուներ։ Պարզապես նա ընդգծեց կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունը։