Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՐՇԵՋ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՀՐԴԵ՞Հ» Է

Նոյեմբեր 23,1999 00:00
hrshej

Ըստ ԱԺ եւ հանրապետության դատախազության աղբյուրների, վիճակն այնքան էլ բարվոք չէ հանրապետության հրշեջ պահպանության վարչությունում։ 1992 թվականից սկիզբ դրվեց համակարգի փլուզմանը։ Հրշեջ ծառայությունից հեռացվեցին եւ դուրս եկան բազմաթիվ մասնագետներ՝ նրա ներկայիս պետ Լեւոն Դավթյանի օրոք, որն ըստ դատախազություն ներկայացված փաստաթղթերի (կամ՝ ահազանգերի) մեղադրվում է ՆԳ նախարարության կողմից վարչությանը տրամադրված ծառայողական բնակարանի (Ռուբինյանց-23) սեփականաշնորհման եւ վաճառքի հետ։ Եվ ոչ միայն բնակարանի։ Լ. Դավթյանի անվան հետ է կապվում նաեւ ծառայողական ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենան պետական միջոցներով նորոգելն ու նրան տիրանալը, այն դեպքում, երբ նա «ուներ ՆԳՆ կողմից ստացված անձնական օգտագործման «ՎԱԶ-2106», «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ»։

Ընդհանրապես, որ վարչության պետին պատկանում են մի քանի բնակարաններ (նա կարող է հանդես գալ պատասխան խոսքով) խոսվում է նաեւ բուն վարչությունում եւ որպես բնակարաններ նշվում են Բ-2 թաղամասի 3, Տիգրան Մեծի 2 եւ 3, Մովսես Խորենացու 3 սենյականոցները, ամառանոց-հողամասերը (2 հատ Ջրվեժի ամառանոցային համալիր)… Վարչության աշխատակիցների (որոնց նույնպես կընձեռենք թերթում հանդես գալու իրավունք) հարցը հետեւյալն է, թե «նա ի՞նչ միջոցներով է ձեռք բերել այս ամենը, երբ նրա ընտանիքի եկամուտները սահմանափակվում են ՆԳՆ ստորաբաժանումներից ստացված աշխատավարձերով»։ ԱԺ ուղարկված ահազանգերից մեկում, օրինակ, նշվում է, որ նրա օրոք ձերբակալվել է կաշառակերության համար հրշեջ մասի պետ, հրշեջ տեսչության մի պետ էլ փորձել է… բռնաբարել իր աշխատակցուհուն, որ հրշեջները գողություն են արել հրդեհի վայրից… «Վարչության բոլոր ծառայողական ստորաբաժանումներում քաոսային վիճակ է տիրում։ Թալանվում է վարչության անձեռնմխելի պահեստներում եղած հրշեջ տեխնիկական զինվածությունը։ Մեկը մյուսի հետեւից անհետանում են հազարավոր դոլարների արժողություն ունեցող հրշեջ ավտոմեքենաներ»։

Ի դեպ, այս ամենին իրավական գնահատական տալը եւ ստուգելը բնավ թերթի խնդիրը չէ, այլ վերահսկողական-դատախազական մարմինների, որոնք, ըստ մեր տեղեկությունների, զբաղվում են սույն հարցի քննությամբ։

«Մինչեւ օրս հայտնի չդարձավ, թե ուր համբարձվեց թիվ 11 հրշեջ մասին պատկանող հրշեջ ավտոսանդուղքը, թե ինչ պայմաններում գողացվեց վարչությանը պատկանող «Մոսկվիչ» բեռնատար ավտոմեքենան, թե ինչպես թալանվեց Դիլիջանի հրշեջ մասին պատկանող հրշեջ ավտոմեքենան». մեջբերումները կարելի է երկար շարունակել, մանավանդ մի ոլորտից, որն ամենաքիչն է լուսաբանվում մամուլում, բայց եւ որը համարվում է եկամտաբեր (եկամտաբեր՝ ոչ շարքային աշխատակիցների եւ սպաների համար)։ Սակայն որ հրշեջ պահպանության վարչությունում «հրդեհ» չկա եւ կամ վաղը չի լինի, կիմանանք առաջիկայում։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930