Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Նոյեմբեր 23,1999 00:00

Խորհրդարանում երեկ թեեւ այդպես էլ մեջտեղներում չերեւաց ամենածաղիկ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, սակայն սույն փաստը չխոչընդոտեց ի թիվս օրենքների այլ նախագծերի՝ ընդունել նաեւ «Բուսական աշխարհի մասին» օրենքի նախագիծը։ Մինչ այդ ԱԺ նախագահը շնորհավորեց «Կայունություն» խմբի նորընծա ղեկավար Վարդան Այվազյանին եւ խմբի քարտուղար Կարեն Կարապետյանին՝ նշանակման առիթով։ Արմեն Խաչատրյանը Եզովպոսին հատուկ բառապաշարով շնորհավորեց նաեւ երգահան-պատգամավոր Ռոբերտ Ամիրխանյանի 60-ամյակը՝ նշելով, որ մաեստրոյի յուրաքանչյուր քայլը պտղաբեր է եղել։

ԱԺ խոսնակը մաղթեց նաեւ. «Այսուհետ ԱԺ-ում թող իշխեն կենսահարուստ ոգին, ծննդյան, ինքնահաստատման պահերը՝ ի փառս մեր ժողովրդի»։ Թե որքանով են պատգամավորների ինքնահաստատման պահերը ի փառս ժողովրդի, այնքան էլ պարզ չէ։ ԱԺ պատգամավորները չէին հավատում, որ Ռոբերտ Ամիրխանյանը 60 տարեկան է։ Ու որքան էլ պատկառելի լինի մեր պատգամավորների տարիքը, միեւնույն է, խորհրդարանն արտաքին եւ ներքին քաղաքական կյանքում այնքան էլ մեծ դեր չի խաղում։ Վկան մեր համարյա բոլոր խորհրդարանականների՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բացարձակ անտեղյակությունն է։ Ստամբուլի գագաթաժողովին Հայաստանի մասնակցության որեւէ մանրամասն նրանց հայտնի չէ. արդյունքներին ծանոթ են բացառապես մամուլից եւ հեռուստատեսությունից։

Օրերս «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պատմում էր, որ Վոլչիչի հետ հանդիպումից առաջ ԱԺ որեւէ խմբակցություն ինֆորմացված չի եղել, թե զրույցն ինչ թեմայով է լինելու։ Ամեն դեպքում փորձ արեցինք այս թեմայով զրուցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Նախապես ենթադրում էինք, թե գոնե նա՝ ի պաշտոնե, տեղյակ կլինի ստամբուլյան գագաթաժողովին ՀՀ նախագահի՝ այլ երկրների նախագահների հետ հանդիպումներին բարձրացրած հարցերի, Ղարաբաղի հարցի կարգավորման լուծումների մանրամասներին։ Սակայն պրն Հովհաննիսյանը դրսեւորեց համեստության ցայտուն օրինակ. «Ոչ։ Մինչ նախագահի՝ Ստամբուլ մեկնելը նման տեղեկություն չեմ ունեցել։ Քննարկումներ այս հարցի կապակցությամբ ո՛չ նախագահականում, ո՛չ խորհրդարանում չեն եղել։ Երեւի նրանից է, որ նոր եմ գլխավորում արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, կամ գաղտնիության չափը մեծ է»։

Գնահատել ստամբուլյան արդյունքները, պրն Հովհաննիսյանը կարող էր այնքանով, որքանով ծանոթ էր դրանց մամուլից, հեռուստատեսությունից։ Այսինքն՝ ինչքանով դա կարող էր անել ՀՀ համարյա յուրաքանչյուր քաղաքացի։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք անտեղյակության մեջ նրան պահելը միտումնավոր է արվում, պրն Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց. «Անկեղծորեն եմ ասում, որեւէ միտում չեմ տեսնում։ Կա իրավիճակի լարվածության, ժամանակի խնդիր։ ԱԺ-ում ընտրություններն արագ կատարվեցին, եւ, կարծում եմ, դա է պատճառը, որ ես՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, անհրաժեշտ չափով չեմ տիրապետում արտաքին քաղաքականության խնդիրներին»։

Բաքու-Ջեհյան գազամուղի աշխարհագրական դիրքը, որն ակնհայտորեն հօգուտ Հայաստանի չէ, պրն Հովհաննիսյանը մեր դիվանագիտության պարտությունը չհամարեց, գազամուղի անցկացման քարտեզն էլ՝ ոչ վերջնական։ Խորհրդարանում, սակայն, միայն անտեղյակության մթնոլորտ չէ։ Երեկ այստեղ պատգամավորների փոքր եւ ռոմանտիկ մասը սպասում էր կառավարության ծրագրին, որը վարչապետը պետք է ներկայացներ իր նշանակումից հետո 20 օրվա ընթացքում։ Սակայն կառավարությունից մարդ չերեւաց։ Պարզվեց, որ 20 օրը հաշվվում է կառավարության ձեւավորումից հետո, ոչ թե վարչապետի նշանակումից։

Ի դեպ, պայթուցիկների եւ կրակոցների հանդեպ ԱԺ պատգամավորները կարծես իմունիտետ են ձեռք բերել. երեկ սառը ժպիտով եւ միանգամայն անտարբեր հայացքով միմյանց տեղեկացնում էին, որ մի պայթուցիկ փաթեթ էլ, ասում են, էներգետիկայի նախարարությունում են գտել։ Լուրը, բարեբախտաբար, հերքվեց։ Իսկ փաթեթների եւ պայթյունների մասին ԱԺ-ում արդեն անեկդոտներ են պատմվում։ Դրանց սեւ հումոր են ասում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930