Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսակցություններ օդի մեջ

Նոյեմբեր 20,1999 00:00
erkinq

Հոկտեմբերի 27-ի դեպքերից անմիջապես հետո, երբ մարդիկ սպասում էին ցանկացած ինֆորմացիայի, ոչ ոք հանրապետության ողջ եւ առողջ մնացած ղեկավարությունից ուժ չգտավ իր մեջ երկու խոսքով հանգստացնելու ժողովրդին։ Ակնկալվում էր, որ այդ բանը կանի հանրապետության նախագահը, բայց նա եւս լռեց, իսկ ավելի ուշ, չորս հեռուստաընկերություններին տրված հարցազրույցում ասաց, թե ինքն անչափ լարված օր ու գիշեր էր անցկացրել։ Իսկ երբ հարմար պահ գտնվեց ժողովրդին դիմելու համար (տեղադրված էին հեռուստահաղորդիչները), պարզվեց, որ նախագահը «անթրաշ» է։ Մտքի շարունակության մեջ չխորանանք։

Ըստ հավաստի աղբյուրների (որոնք, ինչպես միշտ, չեն ուզում բացահայտվել), հեռուստահաղորդիչները նախագահի նստավայրի մոտ այդ օրը տեղադրվել էին մեկ այլ նպատակով, այն է՝ սպասվում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։ Սա արդեն անցյալ է, բայց ըստ որոշ քաղաքական ուժերի, նախագահի հրաժարականը դեռեւս օրակարգից դուրս չի եկել։ Որոշ քաղաքական գործիչներ էլ ոչ միայն թաքուն հույս են փայփայում, թե նախագահը հրաժարական կտա եւ իրենք կամաց-կամաց ջրի երես դուրս կգան, այլեւ իրենց գործունեությամբ սադրում են այդ հրաժարականը եւ ջանք ու եռանդ չեն խնայում նախագահին սեւացնելու։ Որոշ քաղաքական ուժեր էլ իրենց հերթին հոխորտում են, թե կրծքով կպաշտպանեն նախագահին։

Մեր ժամանակների հունանավետիսյանների այս բուռն մղումը հասկանալի է, քանի որ պաշտպանելով նախագահին, նրանք իրենք իրենց են պաշտպանում։ Այնուամենայնիվ, ՀՀ նախագահի հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները դեռեւս օդի մեջ են։ Այսօր նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Ստամբուլից, եւ եթե մերոնք այնտեղ արտառոց «չարություն» չեն արել, ապա Հայաստանի քաղաքական կյանքը կընթանա առանց ստամբուլյան քննարկումների։ Երեկ փորձում էինք գտնել մի շարք կուսակցությունների ղեկավարների եւ իմանալ նրանց տրամադրվածությունը ՀՀ նախագահի հնարավոր հրաժարականի եւ ստամբուլյան գագաթաժողովի վերաբերյալ։ Ինչպես միշտ, մեր քաղաքական գործիչները «խիստ զբաղված էին»։

Կուսակցությունների գրասենյակներում մեզ պատասխանում էին, թե երկրի քաղաքական «խիղճը» խորհրդարանում է, իսկ խորհրդարանից պատասխանում էին, թե գրասենյակում են։ Ճիշտ եւ ճիշտ պոլիտեխնիկի ուսանողի անկեդոտի պես. «Կինը գիտի թե սիրուհու մոտ է, սիրուհին կարծում է՝ կնոջ։ Իրականում ուսանողը գծագիր է գծում»։ Ինչ լավ ա՜, չէ՞։ Ու քանի որ հայ լրագրողական տեխնիկական հնարավորություններն այնքան կատարյալ չեն, որ կարողանանք կուսակցությունների ղեկավարներին գետնի տակից էլ գտնել, ապա ստիպված էինք դիմել հին, փորձված մեթոդին՝ փչացած հեռախոսին։ Հենց հեռախոսով էլ ճշտեցինք միայն երկուսի կարծիքը։

«Հնարավո՞ր է, որ ստամբուլյան գագաթաժողովից հետո կրկին օրակարգային դառնա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի հարցը»։Այս հարցին «21-րդ դար» կուսակցության առաջնորդ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Դեռ պետք է վերլուծել Ստամբուլի գագաթաժողովում ստեղծված փաստաթղթերը, տեսնել, թե Ռոբերտ Քոչարյանը իր վարած ներքին եւ արտաքին քաղաքականությամբ ինչի՞ հասցրեց եւ հետո միայն եզրակացություններ անել»։

ԱԻՄ-ից հարցին պատասխանեց Նորայր Խանզադյանը. «Մեր անկատար, օրապակաս Սահմանադրությամբ ՀՀ նախագահը պարտավոր է ապահովել օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների գործունեությունը։ Նա նաեւ՝ Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է։ Նշվածի բնականոն ընթացքը չապահովելու դեպքում ԱԻՄ-ը կպահանջի նախագահի հրաժարականը։ Ինչպես նաեւ՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործությունների համար»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930