Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՎՈՒՏՈՒՄ

Նոյեմբեր 20,1999 00:00

Կարծում եմ, ամենաանհաշտ ընդդիմախոսներն անգամ չեն առարկի, որ մինչեւ Վահան Շիրխանյանի եւ Անդրանիկ Քոչարյանի՝ «Առավոտին» տրված հարցազրույցները, հոկտեմբերի 27-ի եւ դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ ասպարեզում եղած տեղեկատվությունը բավական միակողմանի էր՝ ներկայացվում էին միայն Ռոբերտ Քոչարյանի տեսակետները։

Անհրաժեշտ նախաբան

Նախագահի կողմից մեղադրվող ուժերը եւ գործիչները՝ այդքան հոլովված զինվորական հրամանատարները տեւականորեն լռեցին։ Այս առումով հակառակ կողմի տեսակետների բաց, թափուր կար։ Մինչդեռ միշտ ինչ-որ տեղ՝ մեջտեղում գտնվող ճշմարտության բացահայտման համար կարեւոր է, որ հրապարակվի նաեւ այդ հակառակ կողմի ներկայացրած պատկերը։ Առաջ անցնելով նշենք, որ այն բավական տարբեր է հեռուստալրագրողների քառյակին եւ զանազան հանդիպումների ընթացքում քաղաքական ուժերին Ռոբերտ Քոչարյանի մատուցած պատկերից։

Ինչեւէ, ներքոշարադրյալը խճանկար է, որ կազմել ենք այդ օրերի բազմաթիվ գործող անձանց հետ զրույցներից քաղած տեղեկություններով։ Նրանց գերակշիռ մասն այս կամ այն կերպ առնչվում է պաշտպանության նախարարությանը, հանրային եւ, առավել եւս, քաղաքական գործիչներ չեն եւ գոնե առայժմ նպատակահարմար չէին գտնում Վահան Շիրխանյանի եւ Անդրանիկ Քոչարյանի պես հարցազրույցներով, հրապարակավ ներկայացնել դեպքերի իրենց շարադրանքը (ի դեպ, հարցազրույցները նրանց գործունեությանը նաեւ խորթ երեւույթ են)։

Հոկտեմբերի 27-ից հետո կատարված իրադարձությունների վերաբերյալ նրանց մատուցած փաստերը ներկայացնելու ենք օրագրային հաջորդականությամբ։

Միջանկյալ

Նշենք, որ մեր բոլոր զրուցակիցներն առանձնացնում եւ կարեւորում էին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի մեծ դերը։ Նա այն մարդկանցից էր, որոնք հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եկան ՊՆ, քանի որ լրջորեն անհանգստացած էին առկա վիճակով։ ՍԴ մամլո քարտուղարը հայտնեց, թե այս օրերին պրն Հարությունյանը մերժում է հարցազրույցի բոլոր խնդրանքները։ Մերժեց նաեւ «Առավոտին», ուստի ստիպված ենք միջնորդավորված ներկայացնել նրան վերաբերող տեղեկությունները։

Նա խիստ անհանգստացել էր ՊՆ-ում տեսածով ու լսածով եւ շատ սթափ ու հավասարակշռված սկսել էր ջանքեր գործադրել լարված մթնոլորտը լիցքաթափելու համար։ Մի քանի անգամ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, փորձել համոզել նրան։ Փորձել է համոզել նաեւ հրամանատարներին եւ յուրօրինակ կամուրջ է դարձել այս երկու բեւեռների միջեւ, որ գնալով ավելի էին հեռանում միմյանցից։ «Երեւի թե այդ օրն ավելի մեծ գործ, քան արեց նա՝ չէր արել ոչ ոք։ Եվ դա շարունակվեց մինչեւ կառավարության ձեւավորումը եւ անգամ դրանից հետո էլ, քանի որ դեռ խնդիրներ կային»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։

Հոկտեմբերի 28

Ռոբերտ Քոչարյանը պատմեց, թե երբ իրեն ներկայացրել էին հնգյակի ցուցակը, խոստացել էր, որ երբ ավարտվի ամեն ինչ՝ գնալու է ՊՆ եւ պարզելու, թե ովքեր են այդ պահանջների հեղինակները։ ՊՆ կոլեգիան, բարձրաստիճան բոլոր հրամանատարները սպասում էին իրեն, եւ հոկտեմբերի 28-ին, կեսօրին մոտ, նախագահն, իրոք, գնացել էր ՊՆ։ Ռոբերտ Քոչարյանը զարմանք էր արտահայտել, թե ինքն ահաբեկիչների հետ մենակ բանակցել էր, ստիպել հանձնվել, պատանդներին ազատել, փրկել, մինչդեռ նրանք ՊՆ-ում հավաքվել, իր թիկունքում այլ խաղերով էին զբաղված, պաշտոններ էին բաժանում, առանց իր հրամանի քայլեր ձեռնարկվում։

Վերջին միտքը մանրամասնենք. նախագահը պնդել էր, թե զորքը զորամասերից ընդհանրապես չպիտի դուրս գար։ Ինքը նախապես համաձայնել էր, որ ՊՆ-ի հատուկ նշանակության գունդը մարտական պատրաստության վիճակի բերվի։ Սակայն սա նշանակում էր, որ ԱԺ-ն չպիտի շրջափակեին, փորձելով կասեցնել հեղաշրջման հնարավոր շարունակությունը, չպիտի կենսապահովման կարեւորագույն նշանակության օբյեկտները հսկողության տակ առնեին եւ այլն։

Ռոբերտ Քոչարյանը կշտամբել էր, որ իրեն մենակ են թողել, թե ողջ գիշերը չի կարողացել գտնել ո՛չ Վաղարշակ Հարությունյանին, ո՛չ Սուրեն Աբրահամյանին, եւ ոչ էլ ՊՆ-ում գտնվող որոշ այլ նախարարների։ Խնդիրն այն է, որ նրանցից եւ ոչ մեկը հեռախոսների մոտ չի եղել՝ հավաքված են եղել դահլիճում եւ որեւէ մեկը նրանց չի փոխանցել, թե նախագահը փնտրում է իրենց։ Եվ, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն ԱԺ-ում մենակ չի եղել այն իմաստով, որ կողքին են եղել պաշտպանության նախարարի տեղակալը, ՆԳ եւ ԱԱ փոխնախարարները, ռազմական ոստիկանության ղեկավարը եւ այլք։ Վիճելի է, թե արդյոք այնտեղ նոր մարդկանց անհրաժեշտություն կամ կարիք կա՞ր։ Մանավանդ, որ կեսգիշերից անց արդեն գրեթե ակնհայտ էր թվում, թե ահաբեկիչներն այսպես թե այնպես հանձնվելու են։ Այս մասին արդեն շատ է գրվել, թե ինչ վիճակում էին հրամանատարները Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո։ Եվ նախագահի անառարկելի տոնով մեղադրանքները, զորացրելու եւ այլ սպառնալիքներն ավելի շատ կրակի վրա յուղ լցրին։

Եթե Գագիկ Հարությունյանի եւ այլոց ջանքերով մինչ այդ հաջողվել էր բանակը վերադարձնել կառավարելի հուն՝ Ռոբերտ Քոչարյանի գնալուց հետո իրավիճակը շատ կտրուկ սրվեց։ Նրա հեռանալուց անմիջապես հետո է որոշվել, թե պիտի հայտարարությամբ ներկայացնեն իրենց պահանջները։ Ուստի չենք բացառում, որ եթե նախագահի տոնն այդքան կոպիտ չլիներ՝ կոշտ հակազդեցություն էլ չէր լինի եւ չէր ծնվի այդ վերջնագիրը։

Թերեւս հարկ է այլ մանրամասներ էլ ներկայացնել, որ առավել ակնհայտ լինի, թե ինչպես էր անցել այդ հանդիպումը։ «Սահմանադրությունն ինձ թույլ է տալիս նշանակել եւ ազատել զինվորական բարձրագույն պաշտոնյաներին»,- ասել էր նախագահը։ Նրան առաջարկել էին գոնե մի պահ մոռանալ իր պաշտոնի հանգամանքը եւ խոսել որպես Ռոբերտ Քոչարյան, որի համար ընկեր էր Վազգեն Սարգսյանը, ինչպես նաեւ՝ բոլոր ներկաների ընկերը, հավելյալ՝ նաեւ բանակի հիմնադիրը։ Սակայն մարդկայնորեն բանակի վիճակը հասկանալու կոչերն ապարդյուն էին։

Ռոբերտ Քոչարյանը շատ կոպիտ պատասխան էր տվել նաեւ գեներալ-գնդապետ, 70-նն անց Գուրգեն Դալիբալթայանին։ Ինչ-որ բան ասելու նրա փորձին ի պատասխան՝ նախագահը կոպտել էր. «ՄԵծ մարդ ես, մինչեւ հիմա էլ ոչինչ չհասկացար»։ Դալիբալթայանը շատ հուզված էր հեռացել այդ հանդիպումից։ Այժմ էլ հիվանդանոցում է։

Նախագահը նաեւ հայտարարել էր, թե Վաղարշակ Հարությունյանի հետ աշխատել չի կարող եւ պիտի ազատի նրան։ Հրամանատարներն ընդվզել էին, թե պաշտպանության այս նախարարին նախ Վազգեն Սարգսյանն է բերել՝ եւ հետո, արժե՞ այս վիճակում նախարար ազատել, ընդ որում արված ճիշտ քայլերի համար։ «Դա կարեւոր չէ»,- այսպես էլ նախագահը պատասխանել էր Վահան Շիրխանյանի այն հարցին, թե արդյոք որեւէ մեկը կարո՞ղ է իր վրա պատասխանատվություն վերցնելով երաշխիք տալ, թե ահաբեկչությունը շարունակություն չի ունենալու։

Մեկ այլ հարցի, թե արդյոք համաձայն չէ՞, որ անվտանգության համակարգը լուրջ բացթողումներ ունի, այլապես պիտի իրազեկ լինեին ծրագրվող գործողության մասին, կարողանային կանխել այն եւ այլն (ընդ որում, քննադատության չանձնավորված բնույթը շեշտելու համար ասել էին, որ Սերժ Սարգսյանն էլ է իրենց ընկերը, պաշտպանության նախարար է եղել)՝ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել էր, թե նրան չեն սիրում, քանի որ ղարաբաղցի է, թե չէ նա ի՞նչ մեղավոր է, շատ լավ է աշխատել։

Ե՛վ գեներալ Մանվել Գրիգորյանին, ե՛ւ այլոց նախագահն ասել էր, որ եթե ինքն իր թիկունքում բանակ չունի՝ հրաժարական կտա ու կհեռանա։ Հրամանատարները փորձել էին տարհամոզել, թե հրաժարականի խնդիր չկա, իրենք պահանջում են միայն ԱԱ եւ ՆԳ նախարարներին ու գլխավոր դատախազին պաշտոնազրկել։ Եվ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Ա՛յ, եթե Վազգեն Սարգսյանը լիներ, կասեր, թե իմ ամենակարեւոր հատկանիշը որն է. եթե ես ասացի հա՝ հա՛ է։ Եթե ասացի ոչ՝ ոչ է։ Հիմա ես ասում եմ՝ երկու շաբաթից հրաժարական եմ տալու»։

Եվ հեռացել էր՝ նշելով, թե եկել էր այդքանն ասելու։ Իսկ ի՞նչ պիտի անեին հրամանատարները, եթե նախագահը խոստանում էր պաշտոնազրկել պաշտպանության նախարարին, ազատել բոլորին կամ էլ հրաժարական տալ… Հայտարարությունն արվեց Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց ընդամենը 1-2 ժամ անց։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930