Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՋՈՒՄՀՈՒՐԻԵԹ ԷՍԼԱՄԻ» ԹԵՐԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 20,1999 00:00
iran

Հոկտեմբերի 27-ի հայաստանյան իրադարձությունների ուշագրավ քաղաքական մեկնաբանությամբ հանդես է եկել «Ջումհուրիե Էսլամի» թերթը (Ինտերնետի տարբերակ 9.11.1999), ուշագրավ հատկապես այն առումով, որ թերթը սովորաբար արտահայտում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական տեսակետը, հետեւաբար, որպես կանոն, լավ տեղեկացված է։ Հրապարակման մեջ մասնավորապես ասված է. «Այդ օրը չորս զինյալներ, թափանցելով Ազգային խորհրդի նիստերի դահլիճ, կրակահերթով սպանել են երկրի վարչապետին, խորհրդարանի նախագահին, նրա երկու տեղակալներին, մեկ նախարարի եւ հինգ պատգամավորի։ Փոխհրաձգության հետեւանքով վիրավորվել են նաեւ այլ պատգամավորներ, որոնցից երեքի վիճակը, ինչպես հաղորդվում է, ծանր է։ Մարդասպանները, որոնց ղեկավարն էր Նաիրի Հունանյանը, այդ զանգվածային սպանությունն իրականացնելուց հետո, հանձնվեցին ոստիկանությանը։ Հունանյանը եղել է ազգայնական- դաշնակցական կուսակցության անդամ եւ իր գործունեությունն սկսել է այդ կուսակցության շարքերում։

Դաշնակցությունը, որն ամենածայրահեղական հայկական կուսակցությունն է, դավանում է Հայաստանի հողերի վերականգնման, Մեծ Հայաստանի ստեղծման գաղափարը։ Հայաստանի նախկին վարչապետ եւ ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հաջորդեց պաշտոնից հրաժարված նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ երկփուլ ընտրություններից հետո դարձավ նախագահ, նույնպես այդ կուսակցության ղեկավարներից է։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունն իրականացվեց այն կուսակցության անդամների կողմից, որ գլխավորում է այսօրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թեեւ Հայաստանի մամուլը շարունակ կրկնում է, թե դրանք կուսակցությունից արտաքսված անդամներ են։ Սակայն, եթե նրանք մինչեւ նշված իրադարձությունները շարունակեին պահպանել իրենց անդամությունը, ապա դա կարելի կլիներ մեկնաբանել որպես կոնկրետ կուսակցության կողմից իրականացված պետական հեղաշրջման փորձ եւ պետական հանցագործություն։ Ուստի, նկատի առնելով գաղտնիության քողի ետեւում եղած եւ հրապարակման չարժանացող մութ հանգամանքները, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների մեջ այս տիպի ուժեր էլ գոյություն ունեն։

Այնուամենայնիվ, իրադարձությունների մանրամասները գաղտնի պահելու միտումը եւ Հայաստանի քաղաքական իրավիճակից թելադրված խորհրդապահական հարաբերությունները մեզ հնարավորություն չեն տալիս ավելի հստակ կերպով մեկնաբանելու այդ իրադարձությունները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930