Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՅՂՈՒՇՈՒԹՅԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ

Նոյեմբեր 20,1999 00:00
artur baxdasaryan

Որքան էլ «Միասնություն» դաշինքի անդամները հրապարակավ աշխատում են համոզել, թե դաշինքն այսօր առավել քան կուռ եւ համախմբված է, ոչ ոք չի հավատում։

Հավատ չեն ներշնչում նաեւ խորհրդարանական այլ կուսակցությունների ղեկավարների երդումներն ու իրենց անկեղծությանը հավատալու կոչերը, թե իրենց կյանքի գլխավոր ցանկությունը համերաշխ «Միասնությունն» է։ Ոչ պակաս ոգեւորություն էր պատել երեկ նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին, երբ նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսում էր «Միասնություն» դաշինքի թեմաներով։

Մեր այն հարցին, թե ամեն դեպքում, եթե դաշինքի պառակտումը տեղի ունենա եւ ԱԺ-ում ձեւավորվեն նոր խմբեր եւ միավորվեն որոշ խմբակցություններ, պատրաստվո՞ւմ է «Օրինաց երկիրը» միավորվել որեւէ քաղաքական ուժի հետ, պրն Բաղդասարյանն ասաց, որ ԱԺ-ում այսօր ներգրավված եւ ոչ մի քաղաքական ուժի հետ միավորվելու խնդիր իրենց կուսակցությունը չունի։

Նոր վարչապետի նշանակումը Արթուր Բաղդասարյանի կարծիքով, կարեւոր էր երկրում կայունություն ապահովելու տեսակետից։ Եթե այդ նշանակումը ուշանար մեկ-երկու օրով, հանրապետությունում անորոշ վիճակ կստեղծվեր։ Իսկ «Օրինաց երկիրը» արդեն նկատել է նորանշանակ վարչապետի առավելությունները՝ նա տնտեսական գործիչ է, ունի Վազգեն Սարգսյանին սատարող ուժերի վստահության քվեն, հոկտեմբերի 27-ի դեպքերը բացահայտելը Արամ Սարգսյանը համարում է իր գենետիկ պարտքը։ Սակայն տեղում պրն Բաղդասարյանը չմոռացավ հիշատակել նաեւ վարչապետի՝ քաղաքական դաշտին ծանոթ չլինելու հանգամանքը։

Այս կապակցությամբ առաջ քաշվեց երեք հնարավոր տարբերակ.

ա) վարչապետը կարողանում է տիրապետել իրավիճակին, եւ կառավարությունը նորմալ աշխատում է,

բ) «Միասնությունը» տարրալուծվում է, ԱԺ-ում առաջանում են նոր ուժեր,

գ) վարչապետը հաջողության չի հասնում, եւ առաջանում է նոր վարչապետի նշանակման խնդիր։

Ի դեպ, պրն Բաղդասարյանի կարծիքով՝ յուրաքանչյուրը (նախագահը եւ վարչապետը) փորձում է իր քաղաքական հենարանը փնտրել ԱԺ-ում։ Հայաստանում ստեղծված ճգնաժամի իդեալական լուծում է համարվում այս տարբերակը. մեկ տարի անց նախագահը լուծարում է ԱԺ-ն, ինքը հրաժարական տալիս եւ նշանակում նոր նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Ինքը (տվյալ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանը) իր թեկնածությունը չի առաջադրում եւ խոստանում է լինել օրինական ընտրությունների երաշխավորը։ Մինչ այդ, սակայն, նախագահը պետք է վերադառնա Ստամբուլից։ Բացառված չէ, որ նրա վերադարձից հետո որոշ քաղաքական ուժեր դարձյալ բարձրացնեն նրա հրաժարականի հարցը։

Քաղաքական որոշ ուժերի դժգոհությունը, սակայն, միայն նախագահին չի վերաբերվում։ Օրինակ, հենց «Օրինաց երկիրը» դժգոհ է նաեւ մեր կառավարության «տնտեսական բլոկի» նախարարների գործունեությունից եւ համարում է, որ նրանք իրենց տեղում չեն։ Այդ նախարարների իրական տեղը պրն Բաղդասարյանը չմատնանշեց։

Խորհրդարանի մասին խոսելիս Արթուր Բաղդասարյանը խնդրեց լրագրողական հետաքննությամբ պարզել, թե քանի-քանի պատգամավոր այս տարիների ընթացքում որեւէ խոսք չի հնչեցրել։ Պարզվեց, նա անգամ չէր ճանաչում Մուշեղ Մովսիսյանին եւ նրան առաջին անգամ տեսել է նրա իսկ ձերբակալության օրը։

Կատարելով որոշ հաշվարկներ՝ պատգամավոր Բաղդասարյանը պարզել է, որ այսօրվա խորհրդարանում կան 11 պատգամավորներ, որոնց եթե փողոցում տեսնի, չի ճանաչի։ Խորհրդարանի դահլիճում նրանց տեսնելու հնարավորություն պրն Բաղդասարյանը չունի։

Լիրիկական շեղում անելով՝ խոսվեց այնպիսի արժեքների «տրորումից», որպիսիք են մարդկությունը, սերը։

Կոմպլիմենտներ հասցեագրվեցին նորանշանակ նախարարների (ուժային) հասցեին, հիշատակվեց նրանց պրոֆեսիոնալիզմը։ Թեեւ «Օրինաց երկիրը» համարվում է խորհրդարանում լոկալ խմբակցություն, սակայն առաջիկա ամսիներին սպասվող քաղաքական զարգացումների ընթացքում նա անպայման ստիպված կլինի ավելի անկեղծ լինել իր քաղաքական համակրանքներում եւ, ամենայն հավանականությամբ, կմիավորվի որեւէ ուժի հետ։ Իսկ առայժմ կուսակցական ողջ ներուժը պատրաստվում է դեկտեմբերի 15-ին կայանալիք «Օրինաց երկրի» համագումարին, որը, ինչպես սիրում է նշել Արթուր Բաղդասարյանը, անպայման մարդաշատ կլինի։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930