Իրազեկ աղբյուրներից տեղեկացանք, որ դատախազությունը 1993-ին մեկ տարուց ավելի հետաքննել էր «Վեմ» կոնցեռնի գործունեությունը եւ որեւէ մեղադրանք չէր առաջադրել։ «Վեմ» կոնցեռնում որեւէ գումարի կորուստ չէր եղել։ Գործունեությունը օրինական էր եւ ուղղված երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։ Հակառակի մասին այն ժամանակ եւս դաշնակցության պաշտոնաթերթի հրապարակումները զրպարտություն էին համարվել։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ընդհանրապես, չիմանալն ամոթ չէ։ Եվ երբ Նաիրի Հունանյանի շահերը ներկայացնող փաստաբանին լրագրողները հարցրել էին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է, որ իր պաշտպանյալը հոկտեմբերի 27-ին դահլիճից զանգահարել էր ՀԱԲ-ի նախկին հրամանատար Ռազմիկ Վասիլյանին, նա ուղղակի կարող էր «չգիտեմ» պատասխանել՝ հերքելու փոխարեն։ Համոզվելու համար, որ իր բացասական պատասխանն իրականությանը չի համապատասխանում, պրն փաստաբանին հրավիրում ենք «Առավոտի» խմբագրություն՝ ունկնդրելու հակառակի մասին վկայող ձայնագրությունը։ Սակայն նաեւ նշենք, որ Ռազմիկը, որին սպանդից կարճ ժամանակ անց զանգահարել էր Նաիրի Հունանյանը, այդ պահին տանը չէր։