Նոյեմբերի 14-ին Ինքնորոշում միավորում կուսակցության Սյունիքի մարզային կազմակերպության օրակարգում ԻՄ նախագահի խորհրդարանականների, ինչպես նաեւ կուսակցության նախագահի ընտրություններն էին։ Կուսակցության նախագահ առաջադրված չորս թեկնածուներից միան երկուսն էին ներկա մարզում՝ Նորայր Խանզադյանն ու Ներսես Զեյնալվանդյանը։
Թե ինչու Պարույր Հայրիկյանի անունը չկա ցուցակում հարցին ԻՄ-ի փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը բացատրեց, որ Հայրիկյանն ինքն է խնդրել իրեն ձայն չտալ. գիրք է գրում Սահմանադրության, պետականության, քաղաքականության մասին։ «Բայց դա չի նշանակում, որ Հայրիկյանը մեր կողքին չի լինի»,- ավելացրեց նա։ ԻՄ խոսնակ Նորայր Խանզադյանն էլ ներկայացնելով իր կենսագրությունը կոչ արեց իրեն տրվող ձայները տալ Ներսես Զեյնալվանդյանին, որը եւ հավաքեց ձայների գերակշիռ մասը։
Հարց ու պատասխանի ժամանակ Մեղրու պատվիրակներին ամենահետաքրքրողը կուսակցության խոսնակ Արամ Հարությունյանի հետ կատարված վերջին անախորժ իրադարձություններն էին։ Նրանց համար ցանկալի էր վերջինիս ներկայությունը, եւ իրենց համար, ինչպես մի ժամանակ Արամազդ Զաքարյանի կուսակցությունից հեռացումը, այնպես էլ Արամ Հարությունյանի հետ կապված անախորժությունները հանելուկ են մնում եւ իրենք ոչնչի մասին հստակ պատկերացում չունեն։ Ընտրությունների արդյունքների վրա իբր չազդելու համար Նորայր Խանզադյանը հարկ չհամարեց ընտրություններից առաջ այդ մասին որեւէ բան ասել։ Իսկ Ներսես Զեյնալվանդյանն ուղղակի զարմացավ, որ մարզում հստակ պատկերացում չունեն եւ կկողմնորոշվեին, եթե հեռուստաալիքներ դիտեին։
Իսկ մի՞թե Մեղրին մեղավոր է, որ մի կողմից սահմանակցում է Իրանին, մյուս կողմից՝ ներող կլինեք, Հայաստանին, որտեղ հեռարձակվող եւ տեղեկատվություն ապահովողն այդ ամենի մասին երբեմն լռող, երբեմն կցկտուր բաներ հաղորդող ազգային հեռուստատեսությունն է, իսկ իրադարձությունները լուսաբանող անկախ հեռուստաալիքները տրամաբանորեն այնտեղ չեն հեռարձակվում, ինչ վերաբերում է մամուլին՝ նրա վրա հույս կարելի է դնել 2-3 օր հետո։
Կարդացեք նաև
ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ