Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԿԸ ՓՈՂ ԽՈՍՏԱՑԱՎ ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ

Նոյեմբեր 19,1999 00:00
eahk

Եվ նեղացրեց Ելցինին

Ինչպես եւ սպասվում էր՝ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ճակատագրական նշանակություն ունեցող որեւէ փաստաթուղթ չի ընդունվելու։ Այսօր, ըստ երեւույթին, ստորագրվելու է Եվրոպական անվտանգության խարտիան եւ ամփոփիչ հռչակագիրը։

Սպասվում է, որ վերջին փաստաթղթում ԵԱՀԿ-ն ընդամենը ողջունելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ջանքերը ղարաբաղյան հարցը կարգավորելու ուղղությամբ։ ԵԱՀԿ նախագահ Կնուտ Վոլեբեկը «Ազատություն» ռ/կ-ին ասաց, որ այս հարցում անվերապահորեն աջակցում է Ալիեւին եւ Քոչարյանին։ Հայաստանի նախագահի ելույթը գագաթաժողովում սպասվում է այսօր։ Իսկ Հեյդար Ալիեւն իր երեկվա ելույթում ինչպես միշտ բողոքեց, որ Հայաստանը գրավել է Ադրբեջանի 20%-ը, բայց եւ հույս հայտնեց, որ խնդիրը կհանգուցալուծվի եւ Ղարաբաղը կդառնա այն վայրը, որտեղ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ կապրեն կողք կողքի։

Մնացած ելույթ ունեցողները ղարաբաղյան խնդրին ընդհանրապես չանդրադարձան։ Բացառություն կազմեց միայն Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, որը նույնպես բարձր գնահատեց Քոչարյան-Ալիեւ հանդիպումները եւ կարծիք հայտնեց, որ նրանք խիզախ եւ հեռատես քաղաքական այրեր են, որոնք ձգտում են իրենց ժողովուրդներին տանել խաղաղության եւ առաջընթացի ճանապարհով։ Ֆրանսիայի նախագահը խոստացավ նաեւ, խնդրի կարգավորման դեպքում երաշխավորել միջազգային հանրությանը, որ նա շոշափելի օգնություն ցուցաբերի Հայաստանին եւ Ադրբեջանին։

Երեկ տեղի ունեցավ նաեւ այսպես կոչված «2+3» ֆորմատով հանդիպում, որին մասնակցում էին Քոչարյանը, Ալիեւը եւ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Վերջիններս հույս հայտնեցին, որ Հայաստանի խորհրդարանում վերջերս տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, ինչպես նաեւ ադրբեջանական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները չեն խոչընդոտի խաղաղ գործընթացին։ Էական դիվանագիտական արդյունք է նաեւ այն, որ Մինսկի խմբի համանախագահների կարծիքով, սկզբունքային պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո բանակցային գործընթացում պետք է ներգրավվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Նրանք նշեցին, որ առանց նրանց մասնակցության հարցի վերջնական լուծումն անհնարին է։

Չորեքշաբթի, ուշ երեկոյան, կայացավ Քոչարյան-Դեմիրել կեսժամանոց հանդիպումը, որին հետեւած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահը կրկնեց այն հայտնի թեզը, թե իր երկիրը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, եթե կարգավորվի ղարաբաղյան հարցը, իսկ նախագահ Քոչարյանը պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպիսի առաջընթաց է նկատվում հայ-թուրքական հարաբերություններում, հակիրճ ասաց, որ դա երկուստեք բարի կամքն է։

Եթե ղարաբաղյան խնդրում ԵԱՀԿ գագաթաժողովում ամեն ինչ հարթ էր ընթանում, ապա ստամբուլյան հանդիպման առանցքային հարցում, չեչենական խնդրում հակադրությունները բավականին սուր էին։ Նախ, չափազանց կոշտ ելույթ ունեցավ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, որի կարծիքով ոչ ոք իրավունք չունի Չեչնիայի համար քննադատել Ռուսաստանին։ Ակնարկելով հավանաբար Թուրքիան, Ելցինն ասաց, որ շատ լավ գիտի, թե որ երկրներից են աջակցություն ստանում չեչենական տեռորիստները։ ՌԴ նախագահը կտրականապես մերժեց ելուզակների եւ ահաբեկիչների հետ բանակցությունների հնարավորությունը։ Այդ մարտաշունչ ելույթից հետո Բորիս Ելցինը նույն օրը լքեց Ստամբուլը եւ վերադարձավ Մոսկվա, քանի որ գագաթաժողովի վերջնական փաստաթղթերը, սպասվածին հակառակ, պատրաստ չէին։ Այսօր նախատեսված ստորագրման արարողությանը մասնակցելու է ՌԴ արտգործնախարար Իվանովը, որի խոսքերով ամփոփիչ հռչակագրում անպայման կլինի կետ Ռուսաստանի տարածքային ամբողջականության մասին։

Իր երեկվա ելույթում Ռուսաստանի ղեկավարին որոշ աջակցություն ցուցաբերեց ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը՝ հարց տալով պետությունների ներկա գտնվող ղեկավարներին, թե ինչ էին նրանք անելու, եթե լինեին Ելցինի տեղը։ Անհամեմատ ավելի կոշտ ելույթ ունեցավ Ժակ Շիրակը, որն ասաց, թե այն երկրները, որտեղ ժողովրդավարությունը ստիպված է նահանջել ուժի ճնշման տակ, պետք է հեռացվեն ԵԱՀԿ կազմից։ Դա էր հավանաբար պատճառը, որ Քլինթոնի հետ Ելցինը մեկ ժամանոց ջերմ զրույց ունեցավ, իսկ Շիրակի եւ Շրյոդերի հետ՝ 5 րոպե, առաջացնելով վերջիններիս մեծ զարմանքը։

Ռուսաստանյան պատվիրակության տրամադրությունը չբարձրացրեց նաեւ Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման մասին պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը (նկարում)։ Պայմանագիրը ստորագրեցին Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները, եւ այդ առիթով նավի վրա կազմակերպված շքեղ քեֆ-ուրախությանը մասնակցում էր նաեւ Բիլ Քլինթոնը։ Ռուսաստանը շրջանցող, տնտեսապես աննպատակահարմար այս նավթամուղը (եթե այն երբեւէ կառուցվի) ունի զուտ քաղաքական նշանակություն։ ԶԼՄ-ների նյութերով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930