Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻ՞Ն ԱՐԺԵՔՆԵՐՆ ԵՆՔ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ, ԹԵ՞ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ

Նոյեմբեր 19,1999 00:00
Fadey Tachatich

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանից սկսած, ակադեմիայի որոշ աշխատակիցներ 1998թ. Գերմանիային հանձնած գերմանալեզու գրականության մասին հարցին անդրադառնալիս համարյա զայրույթով են լցվում։ «Առավոտը» 1998թ., դեռ Գերմանիային տալուց առաջ, գրեց այդ մասին, նաեւ զրուցելով ակադեմիայի գրադարանի տնօրեն Հասմիկ Մանասերյանի հետ։ Վերջինիս հետ զրույցից ակնհայտ էր, որ գերմանալեզու այդ գրականությունը, որ 40-ական թվերից Հայաստանում էր, ոչ մի անգամ չի ուսումնասիրվել։ Երբ տիկին Մանասերյանին դիմել էինք, թե արդյոք Հայաստանի, մեզ հետ առնչվող նյութեր չկայի՞ն, կամ, առհասարակ, ի՞նչ գրականություն էր, նա ասել էր, թե միայն Գերմանիայի հետ կապված գրականություն էր, որը հետեւություն էր արվել այն բանից, որ գրականության մեջ գերմանական քաղաքների անուններ էին հիշատակվում։ Այսինքն՝ ուսումնասիրվել էր այդ չափով։ Լուրջ ուսումնասիրման փորձերի կարիք թերեւս էլ չի նկատվել։

Ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը մեր թերթի այս համարում տպագրված իր հարցազրույցում հավանություն է տալիս Հայաստանում մնացած (չհանձնված) գերմանալեզու գրականության վերադարձմանը եւս։ Եվ տարօրինակն այն է, որ պրն Սարգսյանը որպես Գերմանիայի կողմից մեր «նվիրաբերությանը» արված փոխհատուցում, հիշատակում է Գերմանիայից մեզ ուղարկված Հայաստանին վերաբերող նյութերը, որոնք գտնվում են Ցեղասպանության մեր թանգարանում։ Ֆ.Սարգսյանը գերմանացիների այդ վերաբերմունքը որակում է որպես «մարդասիրական քայլ» (Ֆ.Ս.)։ Ի՞նչ տեղի ունեցավ. մենք Գերմանիային հանձնեցինք համաշխարհային չափերի արժեք ունեցող գրականության բնագրերը (գոնե մեզ համար պատճենահանեինք-պահեինք), իսկ Գերմանիան մեզ ուղարկեց իրենց արխիվներում պահվող Հայաստանի, ցեղասպանության վերաբերյալ նյութերի պատճենները։ Եվ զարմանալի է, նման գրականության դեպքում ի՞նչ ասել է՝ նրանց արժեքներ կամ մեր արժեքներ։ Սա էլ ազգայինի եւ համաշխարհայինի վեճերի արդյունքն է։

Իսկ առայժմ լուրջ փոխհատուցման եւ փոխանակումների մասին ոչ մի խոսք չի հնչել կամ մատուցվել լայն հանրությանը։ Ուշագրավ է նաեւ Ֆ.Սարգսյանի այն կարծիքը, թե մեզ (հայերիս) համար ավելի մեծ արժեք ունեն մեր հին ձեռագրերը, քան Պուշկինի կամ Մոցարտի գրած մի փոքրիկ երկտողը։ Այո, եթե միմիայն ազգային մտածողությամբ մոտենանք հարցին, սակայն մշակույթը մեծ է ու մշակույթ է նրանով, որ որեւէ (առավել եւս ազգային) սահմաններ չի ճանաչում։ Սա նույն բանն է գրեթե, երբ որեւէ ճանաչված դերասանուհու կամ երգչի (եւ այլն) հայերը անմիջապես հայ են «սարքում»։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930