Ինչպես հայտնի է, Արաբկիրի թաղապետ է դարձել Ֆելիքս Յայլոյանը, որը մրցակցում էր Բուդկչի Մաթոսի հետ։ Պարզվում է, որ մրցակիցներն իրար ընտրություններից հետո էլ հանգիստ չեն տալիս՝ հիմա էլ նոր մականուն են հնարել Ֆելիքս Յայլոյանի համար՝ նրա անուն-ազգանունը հապավելով Ֆայլոյան ձեւով։ Ոչ մի գործիչ՝ առանց մականվան։
ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի համար զրահապատ «Մերսեդես» է բերվել Հայաստան։
Կարդացեք նաև
ԴՈՒ Ո՞ՒՄ ՏԵՂԱԿԱԼՆ ԵՍ
Դեռեւս նախորդ նախարարի օրոք ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Մովսես Ձավարյանը հայտնվել էր երկակի դերում։ Լինելով Հայկ Գեւորգյանի տեղակալը, նա վերջինիս հետ աշխատում էր չհանդիպել, եւ իր օրվա մեծ մասն անց էր կացնում էկոնոմիկայի նախարարությունում։ Արդյունքում, ըստ նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների՝ դեպք է գրանցվել, երբ արդյունաբերության նախարարություն էկոնոմիկայի նախարարությունից թղթեր են եկել Մովսես Ձավարյանի ստորագրությամբ։ Ի դեպ, չենք կարծում, որ վերջինիս դիրքերը Հայկ Գեւորգյանի հեռանալուց հետո լավացել են։ Գառնիկ Նանագուլյանի նախկին առաջին տեղակալ, այժմյան նախարար Կարեն Ճշմարիտյանը, որին ծանոթները բնորոշում են որպես շատ խիստ եւ կարգապահություն սիրող պաշտոնյայի, դժվար թե հանդուրժի «ինքնագլուխ» փոխնախարարին, որն առայժմ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իր լավագույն ընկեր Արմեն Դարբինյանն այլեւս ՀՀ վարչապետ չէ։
ԻՆՉՈ՞Ւ Է ՓՐՓՐՈՒՄ ԳԵՏԸ
Հայրենի բնության ուսուցիչներն աշակերտներին սովորեցնում են, թե հայրենի բնությունը պետք է պահել, պահպանել, դողալ ամեն թուփ ու ծառի, ամեն թիզ հողի եւ ջրի համար։ Սակայն մեր բնությունը եթե զննողաբար ուսումնասիրենք, ակնհայտ է, որ ոչ պաշտոնյաները, ոչ ՍՊԸ-ի ղեկավարները, ոչ էլ գործազուրկները հայրենի բնության դասը լավ չեն սովորել։ Մեր մանկության Զանգուն հոսում է քաղաքի միջով։ Երկու օր առաջ մենք ահազանգ ստացանք, որ Կարմից Բլուրի մերձակա հատվածում (միլիցիայի բարձրագույն դպրոցին հարող մասում) գետն են լցվում Էջմիածնի խճուղու ձախ մասում տեղավորված ՍՊԸ-ների արտադրական թափոնները։ Այդ հատվածում գետն անմխիթար վիճակում է։ Ակնհայտորեն փրփուրը վնասակար է բնությանը, քանի որ այդ հատվածում կենդանի թռչուն կամ ծառ դժվար է գտնել։ Վերոհիշյալ աղետի մասին «Առավոտը» երեկ հայտնեց բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանին։ Վերջինս այս աղետի մասին տեղեկություն չուներ եւ խոստացավ անմիջապես զբաղվել խնդրով։