Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԻԱՐԺԵՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ»

Նոյեմբեր 19,1999 00:00
Smbat Ayvazyan

Կառավարության հերթական նիստից դուրս եկող պաշտոնյաները, ինչպես միշտ, հակված չէին շատախոսության։ Ավելի ստույգ՝ մեկմեկու հետ լավ էլ խոսում էին, բայց լրագրող տեսնելիս դեմքերին մի տեսակ անբնական արտահայտություն էին տալիս եւ հրաժարվում էին որեւէ հարցի պատասխանել։ Հասկանալի է, որ վարչապետ Արամ Սարգսյանին տեսնելու պատիվը չունեցանք։ Հավանաբար, ելումուտի համար նա ներքին դռներն էր օգտագործում։ Իսկ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պարզապես հիացրեց իր լռակյացությամբ։ Նույնիսկ «այո» կամ «ոչ» ասելիս նա գլուխն էր օգտագործում։ Ի վերջո, մեր համառ պնդումներից ճարահատ ասաց, թե ինքը ասելու բան չունի, թե խոսողներն առանց այդ էլ չափազանց շատ են եւ որ կարեւորը կայունության ապահովումն է։ Ամենապատրաստակամն ու սիրահոժարը պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանն էր։

Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո ոճրագործության հնարավոր սադրողների շարքում շրջանառության մեջ մտավ նաեւ իրավագետ Վլադիմիր Նազարյանի այն վարկածը, թե «այս սպանությունների ընդհանուր պատվիրատուն կոռուպցիայով զբաղվող պետական պաշտոնյաներն են»։ Այս վարկածի մասին փորձեցինք իմանալ պետական եկամուտների նախարարի կարծիքը։ Վերջինս ասաց, թե այդ հարցին չի ուզում պատասխանել, քանի որ «գնահատական տալը բավականին վաղ է։ Նախաքննություն է գնում, քննության ընթացքում միգուցե լրացուցիչ փաստեր կհայտնվեն, որից հետո արդեն հնարավոր կլինի գնահատական տալ»։ Որոշակի ժամանակ է անցել, եւ երեւի նոր վարչապետն արդեն տիրապետում է իրավիճակին։

Պարոն Այվազյանի կարծիքով, այո. «կառավարությունն արդեն ամբողջությամբ ձեւավորված է, վարչապետն անցել է աշխատանքի։ Այսօրվա նիստը կարելի է համարել լիարժեք կառավարության նիստ»։ Սմբատ Այվազյանը մտադիր է առաջարկել, որ հետագայում կառավարության նիստերը նման մեծ օրակարգ չընդգրկեն։ Երեկ կառավարության նիստում քննարկվել էր 34 հարց։ Այս բազմահարցությունը պարոն Այվազյանը բացատրեց նրանով, որ կառավարության մի քանի նիստերը կամ տեղի չունեցան, կամ՝ լիարժեք չէին։ Երեկվա նիստը փաստորեն վարչապետն ինքնուրույն անցկացրեց, եւ քանի որ նիստին ներկա չէինք, չենք կարող փաստել, թե ինչպես անցկացրեց։ Պետական եկամուտների նախարարը հայտնեց, որ Հայաստանում գտնվող արժութային հիմնադրամի պատվիրակության հետ ընթացող բանակցությունների արդյունքում ամենայն հավանականությամբ դեկտեմբեր ամսվա վերջին Հայաստան կհասնի SAC-3 տրանշը։ Վերջին իրադարձություններն առայժմ որեւէ կերպ չեն անդրադարձել տնտեսության վրա։ Բենզինի եւ ծխախոտի ակցիզային հարկերի բարձրացման արդյունքները կամփոփվեն տարվա վերջին. «Առաջին ծրագիրը կազմված էր 5-6 ամիսների համար։

Այս պահի դրությամբ մի փոքր պակասեց բենզինի ներկրումը (նախորդ ամսվա մասին է խոսքը), իսկ դրան նախորդող երկու ամիսների ընթացքում կարծես թե ծավալային առումով ավելի էր, քան 98 թվականի նույն ժամանակահատվածում։ Վերջին երկու ամսվա ընթացքում ավելի հստակ կերեւա։ Ամեն դեպքում բենզինի մուտքերը ավելացել են»։ Նույնը կարելի է ասել նաեւ ծխախոտի ոլորտում։ Այստեղ սակայն խնդիրներ կան, քանի որ գների բարձրացման հետ կապված մի փոքր պակասեցման միտում կա։ Ալկոհոլային խմիչքների հարցը շատ ավելի բարդ է. «Ես կողմնակից եմ եղել այդ ոլորտում հաստատագրմանը, քանի որ ամբողջ աշխարհում ավելի շատ ստվերայնություն պարունակող ոլորտներից մեկն է, այժմ լուծումը չունենք, բայց քննարկումներն ընթանում են»։

Ի՞նչ ճանապարհով կգնա նոր վարչապետը, նա կշարունակի՞ եղբոր ճանապարհը, թե՞ երբեմն նաեւ կշեղվի այդ ճանապարհից։ Սմբատ Այվազյանն այս հարցին պատասխանելիս հիշեցրեց, որ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը կգնա Վազգեն Սարգսյանի ճանապարհով։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930