Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ցույցին մասնակցած այծը, որը նույն ցույցի ժամանակ առգրավվել է եւ տարվել ՆԳ համապատասխան բաժին, վերջերս հղիացել է։ ՆԳ իրավասու մարմիններից «Առավոտին» հայտնեցին, որ ոստիկանության աշխատակիցները այդ գործընթացի հետ որեւէ կապ չունեն։ Մյուս կողմից ցուցարարների ներկայացուցիչները, մեր թղթակցի հետ զրուցելիս, հույս հայտնեցին, որ մեր առգրավված այծի փոխարեն, իրենց կվերադարձնեն երկուսին։
ՎԱՏ ԼՈՒՐ
1999 թվականի սեպտեմբերի 30-ին Կանանց հանրապետական խորհրդի նախաձեռնությամբ, գեղեցիկ սեռի ներկայացուցչուհիները քննարկեցին ղարաբաղյան հարցը եւ եկան, մասնավորապես, այն եզրակացության, որ «արտաքին քաղաքականության համար պատասխանատու մեր ծառայություններն իրենք են ձեւավորել խնդրի պատմաքաղաքական ու իրավական հիմքերին անհնարին, իրականությանը չհամապատասխանող աննպաստ կարծիքի ձեւավորմանը» (ընդգծումները մերն են)։ Եթե կանայք են սկսել զբաղվել ղարաբաղյան հարցով, այն էլ՝ նման ձեւակերպումներով, այդ հարցը հաստատ կլուծվի։