Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանին խնդրեցինք ճշտել այն լուրը, թե հոկտեմբերի 28-ին ՊՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր, որ երկու շաբաթ անց հրաժարական է տալու։ Եվ պրն Շիրխանյանը դրական պատասխանեց։ Նախագահն այդ հավաքին նաեւ սպառնացել էր, թե կարող է բոլոր հրամանատարներին ազատել, զորացրել եւ այլն։ Կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում։
ԱՆԼՈՒՐՋ ՑՈՒՑԱԿ
Հոկտեմբերի 27-ին կատարվածում «ղարաբաղյան հետք» փնտրողները թերեւս պիտի դադարեցնեին իրենց որոնումները, քանի որ ֆիզիկական ոչնչացման ենթակա անձանց Նաիրի Հունանյանի ցուցակի մեջ նաեւ նշված էր «Իժոյի ցեղը»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Իժոն» ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի կեղծանունն է։ Սակայն այս ցուցակն իրոք լուրջ քննարկման արժանի չէ, քանի որ նշված անձանցից մեկը՝ Ծաղիկ Ռուբոն, հոկտեմբերի 27-ին մինչեւ լույս ԱԺ նիստերի դահլիճում էր անփորձանք անցկացրել։
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈ՞ՒՄ
Վարչապետի խորհրդական Անդրանիկ Քոչարյանին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել Վահան Շիրխանյանի տան շեմին մարտական վիճակի չբերված նռնակի հայտնաբերման փաստը. «Այդ միջադեպը կարելի է գնահատել որպես ահաբեկչական ինչ-որ ժեստ։ Այսինքն, ոչ թե գործողություն ենք կատարում, այլ՝ ցանկացած պահի պատրաստ ենք այն իրականացնել»։
ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՆ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ Է
Հոկտեմբերի 27-ից հետո Ազգային ռադիոյում ոչ մի հաղորդում չի հեռարձակվում ուղիղ եթերով։ Պատճառը՝ ռադիոյի ղեկավարության մտավախությունն է, թե ուղիղ եթերով կարող են, Աստված գիտի, ինչ կոչեր հնչել։ Ուղիղ եթերի ավանդույթը, ամենայն հավանականությամբ, կվերականգնվի երկու, երեք շաբաթ անց։