Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼ՝ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԹԱԼԱՆԵԼ

Նոյեմբեր 18,1999 00:00
tntesutyun

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը կասկածող ու այդ պայքարը 21-րդ դարի անելիքների թվում դասակարգողներին ուզում ենք կոնկրետ գործնական աջակցություն ցույց տալ: Ստորեւ կներկայացնենք մի ուռճացած ու բոլորովին ավելորդ կառույց, որը բարեփոխելու համար ո՛չ մեծ ներդրումներ են հարկավոր, ո՛չ եվրոպաներում վերապատրաստված կադրեր, ո՛չ շատ խելք, եւ ո՛չ էլ մեծ խիզախություն: Ընդ որում, այդ կառույցը վերացնելուց ոչ միայն կոռուպցիայի ու հովանավորչության օջախը կվերանա, այլեւ կշահեն ձեռներեցները, կթեթեւանա պետբյուջեն: Դե՞, շարժեցի՞նք պետական շահերով մտահոգ պաշտոնյաների հետաքրքրությունը: Խոսքը վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վիճակագրական վերլուծության նախարարության մասին է, մասնավորապես՝ պետական ռեգիստրի վարչության: Ինչո՞վ են զբաղված այս վարչությունն ու իր տարածքային միավորները: Ի՞նչ մեթոդներով են նրանք գործում: Ովքե՞ր են այստեղ աշխատում:

Հայաստանյան ձեռներեցները լավ գիտեն այս օղակի գործունեության ուղղությունները: Այն զբաղված է ձեռնարկությունների գրանցմամբ: Արագ ու անպրոբլեմ գրանցման համար գանձվող գումարների մասին չէ մեր խոսքը: Այդ հարցում չգրված օրենքներ են գործում եւ դրա դեմն առնելն ավելի դժվար է, քան հայ ձեռներեցներին ազնիվ աշխատելու ու պետական հարկ վճարելու սովորույթ պարտադրելը: Ըստ նոր քաղաքացիական օրենսգրքի՝ բոլոր ձեռնարկատիրական կազմակերպությունները մինչեւ 2000 թվականի հունվարի 1-ը պարտավոր են վերագրանցվել պետռեգիստրում: Առայսօր մոտ 100 հազարի հասնող ձեռնարկություններից վերագրանցվել է մի չնչին մասը (10%-ից պակաս): Ինչո՞ւ է ուշանում վերագրանցումը, եւ ինչո՞ւ են ձեռնարկատերերը խուսափում դրանից:

Ըստ մեր դիտարկումների՝ պատճառը այդ «անվճար ծառայության» դիմաց գանձվող գումարներն են ու քաշքշուկը: 50-ից մինչեւ 100 դոլար է անհրաժեշտ վճարել նոր կանոնադրության համար, որի տպագրումն ու տրամադրումը պետռեգիստրի աշխատողները դարձրել են իրենց եկամտի աղբյուրը: Վիճակագրության նախարար Ստեփան Մնացականյանը համառորեն հրաժարվեց տիպային կանոնադրության հրապարակումից, այդ կանոնադրության տպագրության «պատասխանատու» գործը վստահելով միայն իր աշխատողներին: Բավական էր պետռեգիստրի յուրաքանչյուր բաժնի պատին փակցնել այն, եւ ձեռնարկատերը կազատվեր այդ «հարկի» վճարումից, իսկ պետռեգիստրի աշխատակիցները՝ եկամտի ապօրինի աղբյուրից: Նվազագույն հաշվարկներով 50-100 մլն դոլար է մտնելու պետռեգիստր: Անշուշտ այդ գումարը ներքեւի օղակներում չի մնում, այլ համամասնորեն բաշխվում է:

Միայն այս եկամտաբեր երակի առկայությամբ է բացատրվում այն հանգամանքը, որ պետռեգիստրում տարբեր օղակներում աշխատում են նախարարի եւ փոխնախարարների եղբայրները, ուսանողական ու մանկության ընկերները, ազգականները: Սա է պատճառը, որ ատեստավորման անվան տակ հեռացվել են հին աշխատողները եւ աշխատանքի ընդունվել հարազատները: Աշխատատեղերի սղության, տնտեսության անկման պայմաններում նույնքան անբարոյական է ե՛ւ աշխատակիցներին ընկեր-բարեկամության սկզբունքով նշանակելը, ե՛ւ յուրաքանչյուր դուռը բացողից 100 դոլար կորզելը: Ուզում եք պայքարե՞լ կոռուպցիայի դեմ եւ պայքարել հենց այսօր, այլ ոչ թե 2004 թվին, խնդրեմ, լուծարեք պետռեգիստր կոչվող օղակը եւ նրա ֆունկցիան դրեք հարկային մարմինների վրա: Մի փոքր խումբ մարդիկ կարող են գրանցման ու վերագրանցման գործողությունը իրականացնել առանց մեծ դժվարության ու առանց ամեն կողմից թալանված ձեռնարկատիրոջ վրա լրացուցիչ հարկ դնելու: Պայմանով, որ վերագրանցվող ձեռնարկություններին անհրաժեշտ օրինակելի կանոնադրության նմուշը ձեռնարկատերը ստանա առանց լրացուցիչ ծախսի ու քաշքշուկի՝ տեղում:

Ինչ վերաբերում է ընդհանրապես վիճակագրությանն ու վիճակագրական վերլուծությանը: Այդ կարեւոր գործը մեզանում այնքան է արժեզրկվել ու արժանահավատությունից զրկվել, որ մնացել է որպես զուտ ձեւական պրոցես: Վիճակագրությանը ներկայացվող առաջին պայմանի՝ արժանահավատության, կորուստը ավելորդ է դարձրել այդ նախարարությունն ու նրա աշխատանքը: Երբ ոչ միայն մասնագետն է նկատում վիճակագրական տվյալների նկարված լինելու հանգամանքը, այլեւ շարքային քաղաքացին, դժվար է բացատրել՝ բացի սոսկ դրա գոյության փաստից, ինչ դեր ու նշանակություն կարող է ունենալ վիճակագրությունը մեր կյանքում: Կեղծ տվյալների ու սարքովի վերլուծության հիման վրա ո՛չ տնտեսություն կզարգացնես, ո՛չ իրավիճակի ռեալ պատկերը կունենաս: Այս նախարարության ներկայացրած թվերն այնքան արժանահավատ չեն, որ անգամ 92-95թթ. ներկրված մազութի շուրջ սադոյանական մտահանգումներն են ավելորդ թվում՝ իսկ գուցե վիճնախից վերցված թվերի հիման վրա ընդհանրապես չարժե՞ ինչ-ինչ եզրահանգումների գալ:

ՀԱՍՄԻԿ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930