Վարչապետի խորհրդական Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 27-ին խորհրդարանում էր եղել ժամը մոտ 17.40-ից:
-Ուժային մարմինների՝ այդ առնչությամբ հայտարարություններից տպավորությունս է, թե կարծես մրցակցություն է՝ ով ավելի կկարեւորի իր դերը, ով է ավելի օպերատիվ գործողություններ ձեռնարկել եւ այլն։ Որպես ականատես կներկայացնեք, թե իրավապահներն իրոք վերահսկո՞ւմ էին իրավիճակը, կատարված քայլերը որքանո՞վ էին գրագետ։
– Այդ օրն անընդհատ զինված մարդիկ էին մտնում ԱԺ, եւ դժվար էր գնահատել, թե որ խումբը որ ծառայությանն էր ենթարկվում։ Այն տպավորությունն էր, որ բոլորը գալիս էին կրակոցների ետեւից եւ ոչ թե արդեն որոշակի խնդիր ունենալով։
– Չկա՞ր որեւէ մարմին, որն ինչ-որ կերպ համակարգեր ուժային տարբեր խմբերի գործունեությունը։ Նախագահը կարծեմ իր վրա՞ էր վերցրել ընդհանուր ղեկավարումը։
Կարդացեք նաև
– Նախագահն ավելի ուշ եկավ ԱԺ։ Այդ պահին այնտեղ իրավապահ տարբեր մարմինների ղեկավարներ էին։ Այսինքն, բոլորն այնտեղ էին, բայց ընդհանուր ղեկավարում՝ թե ով ինչով պիտի զբաղվի շենքի ներսում՝ այդ պահին դեռեւս չկար։ Դեռեւս կրակոցներ էին հնչում եւ բանակցային որեւէ գործընթաց դեռ սկսված չէր։ ՆԳ նախարարը դահլիճից արդեն դուրս էր եկել եւ փորձում էր իր կառույցների հետ պարզել, թե ինչ միջոցառումներ պիտի իրականացնեն։
– Բայց լուրեր կային, թե ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալուց անմիջապես հետո է Սուրեն Աբրահամյանը խոստացել, որ հրաժարական կտա։
– Ո՛չ, ո՛չ։ Սուրեն Աբրահամյանն այդ պահին նման բան չէր կարող անել, քանի որ ակնհայտորեն այնտեղ ՆԳ աշխատակիցներն ավելի շատ էին, քան այլ կառույցներինը։ Եվ բնական էր, որ բոլորի հայացքը դեպի ՆԳ նախարարն էր՝ թե ինչ վճիռներ պիտի կայացվեին այդ իրավիճակում։ Դա բարդագույն խնդիր էր, քանի որ նախ պիտի ճշտեին, թե դահլիճում ինչ է տեղի ունենում, հետո պիտի հնարավոր վատագույն զարգացման հաշվարկով գնահատեին իրավիճակը եւ օպերատիվ ճիշտ լուծումներ գտնեին։ Եվ ներկա տարբեր մարմինների միջեւ մեկը մյուսին խանգարելու միտում կար։ Ազգային անվտանգության համակարգը նման իրավիճակների համար դեռ հնուց ունի նախատեսված ծրագրեր, որոնք, որպես կանոն, հաստատված են կառավարությունում։ Ահաբեկչական որոշակի գործողությունների դեպքում կան հատուկ ծառայություններ, որոնք պարտավոր են համապատասխան գործողություններ իրականացնել։
– Նաեւ նմա՞ն ծավալի ահաբեկչական գործողությունների դեմ։
– Իհարկե։ Սկսած ինքնաթիռների գրավման դեպքում «Նաբաթ» ծրագրից՝ ավարտած նման իրավիճակների համար նախատեսված միջոցառումներով։ Տրամաբանական էր, որ եթե կատարվածը գնահատվում էր ահաբեկչական գործողություն՝ նախաձեռնությունը պիտի զիջեին այդ կառույցներին, որոնք պետք է որ պատրաստված լինեին նման խնդիրներ լուծելու համար։ Բայց ես չտեսա այդ կառույցների եւ նրանց ղեկավարների որոշակի եւ ոչ էլ ծրագրավորված գործողությունները։ Հակառակը, գտնվելով լիակատար անօգնական վիճակում՝ ստիպված էին դիմել ՌԴ համապատասխան ծառայության ղեկավարությանը, որ որեւէ ստորաբաժանում ուղարկվի Հայաստան։
– Բայց անհասկանալի է, թե ՊՆ-ում հայտնվելուց հետո ի՞նչ կատարվեց ռուսաստանյան այդ «Ալֆա» ջոկատի հետ։ Նրա՞նց վնասազերծման գործողությունների դիմելու հնարավորություն չտրվեց, թե՞ իրենք ավելորդ գտան։
– Այդ ընթացքում արդեն խորհրդարան էին գալիս զինվորական տարբեր հրամանատարներ, որոնց մղումն էր՝ եթե վարչապետն ու ԱԺ նախագահը կենդանի են՝ իրենք իրենց վրա վերցնեին նրանց ազատելու խնդիրը։ Բայց սա ոչ թե զենքով մարդկանց, այլ մասնագիտական օպերատիվ լուծումների խնդիր էր։ Վահան Շիրխանյանն «Առավոտին» արդեն ներկայացրել է, թե ինչպես են որոշել հրամկազմին ԱԺ-ից հեռացնել։
– Դուք նրա՞նց հետ գնացիք ՊՆ։
– Ես հեռացա ավելի ուշ։ Մնացի շենքում եւ տարբեր մարդկանց հետ փորձում էի վերլուծել եւ հասկանալ դեպքերի հնարավոր զարգացումը եւ օգնել, աջակցել, քանի որ ծանոթ էի ծառայություններին, մարդկանց ու նրանց հնարավորություններին։ Բայց այդ ընթացքում այնուամենայնիվ այդպես էլ չստեղծվեց այն խումբը, որ պիտի օպերատիվ վճիռներ կայացներ։ Եվ որոշ ժամանակ անց ես էլ գնացի ՊՆ եւ իմ գնահատականներն ասացի ե՛ւ հրամանատարներին, ե՛ւ նախարարին։
– Իսկ ինչպե՞ս էիք գնահատում ստեղծված վիճակը։
– Ներսում՝ անկառավարելի։ Տպավորություն էր, թե մեր անվտանգության համակարգն ուղղակի համազգեստով մարդիկ են։ Չգիտեինք, թե այս ահաբեկչությունն ավարտվում է միայն ԱԺ-ի ներսո՞ւմ, թե՞ ունի իր շարունակությունը։ Պիտի նկատի ունենայինք վատագույն տարբերակը։ Հետագայում պաշտպանության նախարարը կայացրեց վճիռներ՝ հաշվի առնելով, որ դեպքերի զարգացումը կարող է շատ ավելի ահավոր լինել։ Եվ կարծում եմ, որ այդ վճիռների, օպերատիվ գործողությունների շնորհիվ կարողացանք իրավիճակը խիստ վերահսկելի դարձնել։ Երբ նախարարը համոզվեց, որ ժամը 19-ի դրությամբ ՀՀ նախագահը դեռ չէր կարողանում վճռականորեն գնահատել՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ո՞ղջ են, թե՞ սպանված, բայց այդ մասին արդեն գիտեին բոլորը՝ պաշտպանության նախարարը որոշակի գործողություններ ձեռնարկեց, որ բավական արագ եւ առանց խուճապային մթնոլորտի իրականացվեցին։ Ե՛վ ես, ե՛ւ, կարծում եմ, բոլորը համոզվեցին, որ այսօր մեր երկրի անվտանգության համակարգում ամենաօպերատիվ արձագանքող միակ օղակը շարունակում է մնալ բանակը։ Եվ եթե Նաիրի Հունանյանն ու նրա խումբն ինչ-որ բանի էին սպասում, բանակի անմիջական գործողությունների շնորհիվ ի չիք դարձան այդ սպասելիքները։ Երբ ահաբեկչական գործողությունների հետադարձ ճանապարհը փակելու եւ պետության անվտանգությանն առնչվող խնդիրները լուծված էին։
Հաջորդը, որ շատ կարեւոր էր՝ ահաբեկիչների կյանքին պիտի վտանգ չսպառնար, քանի որ խնդիրն արդեն հնարավորինս նվազագույն կորուստներով այդ մարդկանց վնասազերծելն էր։
– Սակայն տեղեկություն ունեմ, որ նրանց դահլիճում սնայպերների միջոցով ոչնչացնելու ծրագիր է եղել։
– Պաշտպանության նախարարը կարգադրել էր զինվորական ոստիկանությանը՝ բացառել գրոհի բոլո՛ր երեւույթները։ Փակել ու «կաթսայի մեջ» թողնել այդ տարածքը, որ որեւէ ստորաբաժանում ինքնագլուխ գրոհ չիրականացնի։ Սրան զուգահեռ, երբ իմացվեց, որ այդպիսի խնդիր իրականացնելու համար հատուկ ստորաբաժանում է գալիս, պաշտպանության նախարարի միջնորդությամբ՝ ՌԴ-ից այդ զորամիավորման ենթակայությունը փոխանցվեց ՊՆ-ին, որ համարում եմ կարեւորագույն քայլերից մեկը։ Դրանից հետո, երբ այդ ջոկատն արդեն այստեղ էր՝ նրանց բացատրվեց, որ հիմա ոչ թե պիտի իրականացվի հարձակման եւ ոչնչացման գործողություն, այլ՝ բանակցային գործընթաց այդ խմբի հետ, որ 5-7 վայրկյանում կառավարության ու ԱԺ-ի ղեկավարությունը գլխատելուց հետո ակնհայտորեն այլեւս ոչ մի անելիք չուներ։ Լեոնարդ Պետրոսյանի կանխամտածված սպանությունն էլ մտածելու տեղիք է տալիս։
– Լեոնարդ Պետրոսյանի անվան շեշտադրությունը կարծես վկայում է, որ Դուք է՞լ եք հակված «ղարաբաղյան հետքի» մասին վարկածին։
– Ես ոչ մի տրամաբանական վարկած բացառելու իրավունք չունեմ։ Քանի որ այսպիսի սպանությունները մարդկանց զուտ հոգեկան վիճակին վերագրելը պարզապես անտրամաբանական է։
– Ի դեպ, պիտի խնդրեմ մեկնաբանել «Առավոտին» տրված հարցազրույցում ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի սպառնալից հայտարարությունները. «Եթե ինչ-որ խումբ մարդիկ փորձում են իրենց կամքը թելադրել Հայաստանի նախագահին, եթե, իհարկե, ժողովուրդը դրա կարիքը զգա, իհարկե, զորքը մտցնելու ենք Հայաստան»։ Եվ շեշտել էր, որ հրամանը պիտի նախագահը տա. «Չի կարող պատահի, որ Սամվել Բաբայանը նախարարի հրամանով զորքը վերցնի եւ գա Երեւան»։
– Կարծում եմ, որ այս հայտարարությունը պիտի անմիջապես մտահոգեր հանրապետության այսօրվա նախագահին, քանի որ սա բանակի կանոնակարգի դեմ ուղղված հայտարարություն է։ Նախ, Արցախն ունի իր պաշտպանության նախարարը՝ Սամվել Բաբայանն առաջին հերթին պիտի նրան ենթարկվի։ Հետո նա պիտի ենթարկվի ԼՂՀ նախագահին։ Ինքը շրջանցելով երկու անմիջական ղեկավար օղակներին, անհրաժեշտության դեպքում Հայաստան զորք մտցնելու մասին հայտարարությո՞ւն է անում։ Եվ սա պիտի ոչ միայն մտահոգի՝ Սամվել Բաբայանը պետք է այս լրջագույն հայտարարության համար անմիջապես որոշակի բացատրություններ եւ պատասխաններ տա։ Նա սովորական մարդ չէ՝ զինվորական է, եւ իր ձեռքի տակ ստորաբաժանումներ ունի։ Այս հայտարարությունը կարող է բավական սրել Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի միջեւ հարաբերությունները։ Եվ պետք է երբեք թույլ չտալ, որ այսպիսի ապակայունացնող հայտարարությունների միջոցով սեպ խրվի մեր բանակի երկու հատվածների միջեւ։
– Ինչեւէ։ Փաստորեն Դուք հոկտեմբերի 27-ի գիշերն ԱԺ էիք վերադարձել մեկ էլ հայտնի ցուցակը նախագահին ներկայացնելու համա՞ր։
– Երբ բանակում իրավիճակը շարունակում էր գերլարված մնալ, երբ հրամանատարները՝ բոլո՛րը, միարժե՛ք, անվստահության նախկին մթնոլորտից ձեւավորված կարծիքին էին, թե սա միտումնավոր սպանություն է եւ հրամկազմին հանգստացնելու եւ ավելի սթափ իրավիճակում հարցերը կարգավորելու խնդիր կար՝ բարձրաստիճան տարբեր զինվորականների հետ վերադարձա ԱԺ։ Մեզ հետ նաեւ պատգամավորներ կային։ Միասին մտանք հանրապետության նախագահի մոտ եւ փորձեցինք նրան ներկայացնել մի տարբերակ, որ կհանգստացներ բանակին։
– Ինչպիսի՞ն էր Ռոբերտ Քոչարյանի արձագանքն այդ ցուցակին։
– Բավական կոշտ։ Փորձեցինք նրան բացատրել նպատակները, բայց Ռոբերտ Քոչարյանը գերլարված վիճակում էր։ Իրեն էլ կարելի է հասկանալ։ Եվ այդպիսի վիճակում վճիռներ կայացնելը շատ բարդ էր նաեւ իր համար։ Ես գիտեմ, որ հաջորդ օրը կեսօրին, երբ ահաբեկիչներն արդեն ձերբակալված էին, ՊՆ-ում ողջ հրամկազմի հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ժամանակ նրան բացատրել էին, թե այդ ցուցակը պարզապես իրավիճակային լուծում էր, քանի որ բանակը չգիտեր էլ, թե հետագա զարգացումներն ինչպիսին կլինեն։
Պետք է մի քիչ սթափ գնահատենք՝ մնացել էր միայն հանրապետության նախագահը, կառավարությունը պատանդ էր, իսկ անընդհատ օպերատիվ վճիռներ կայացնելու խնդիր կար։ Եվ երբ որ հանգուցալուծում եղավ՝ նույն հրամանատարները հանրապետության նախագահին եւ ՍԴ նախագահին ասացին, մոռացեք այդ ցուցակի մասին, միակ պահանջը մնում է այն, որ կատարվածի պատճառն իրավապահ մարմինների ոչ համապատասխան աշխատանքը եւ իրենց գործառույթները չկատարելն է եւ նրանց ղեկավարները պիտի պաշտոնազրկվեն։
– Տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց նաեւ ՊՆ-ում հոկտեմբերի 28-ի հավաքը, որին, ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ մասնակցել էին «հիմնականում մեր քաղաքական դաշտի թափոնները», ըստ Արտաշես Գեղամյանի՝ «թիկունքային առնետները», ըստ նախագահամետ ուժերի՝ «ռեւանշիստները», իսկ ըստ տարածվող տեսակետի՝ բանակի հետ կապ չունեցող անձինք նախագահի դեմ բանակում տրամադրություններ էին սերմանելու։
– Նախ, ընդհանրապես, ով տվյալ պահին եղել է ՊՆ-ում, բոլորն էլ բանակի հետ կապ ունեցող մարդիկ են։ Ի սկզբանե ուզում եմ հերքել՝ նախագահի դեմ նման տրամադրություններ չէին կարող սերմանվել։ Դրա վառ ապացույցը ՊՆ-ի, բանակի կոլեգիայի հայտարարություններն էին, որտեղ հստակ շեշտված էր հանրապետության նախագահին սատարելու պատրաստակամությունը։
– Սակայն նախագահը մատնանշեց. «Անդրանիկ Քոչարյանն ընդհանրապես կապ չունի բանակի հետ»։
– Ինձ համար շատ զարմանալի էր նրա այդ հայտարարությունը։ Քանի որ բազմիցս, դեռ նախագահ չեղած ժամանակ՝ Ռոբերտ Քոչարյանը ՊՆ-ում եղել է ինձ մոտ։ Եվ առաջին անգամ նա ՊՆ եկավ, երբ ես պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էի եւ ՊՆ-ն լուրջ կասկածներ ուներ այդ ժամանակ Արցախի պաշտպանության կոմիտեի թիկունքի գծով տեղակալ Ամուլյայի նկատմամբ, եւ այդ գիշեր որոշակի գործողություններ էինք իրականացրել։ Հաջորդ օրն այդ հարցը քննարկելու համար ինձ մոտ եկան Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Բաբայանը։ Արդյունքում լուծում գտանք, թե Ամուլյան հետագայում Հայաստանի պաշտպանության նախարարության հետ որեւէ ձեւով չի առնչվելու։ Նաեւ շատ կառուցողական եւ հետաքրքիր զրույց ունեցանք մեր հետագա համագործակցության շուրջ եւ այդ մասին տեղյակ է նաեւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը։ Այս պատմության հիշեցումով ուզում եմ ասել, թե Ռոբերտ Քոչարյանը պետք է որ շատ լավ հիշեր, որ Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր, իսկ այսօր շարունակում է մնալ վարչապետի խորհրդականը պաշտպանության, անվտանգության եւ այլ հարցերով։
– Այնուամենայնիվ, եթե պնդում եք, թե բանակի հետ կապ չունեցող մարդիկ ՊՆ-ում չկային՝ ինչպե՞ս եք բացատրում քաղաքական բազմաթիվ գործիչների ներկայությունը։
– Այո՛, քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ հոկտեմբերի 28-ին եղել են ՊՆ-ում։ Բայց, նախ, ինչքան գիտեմ, հրավիրված են եղել բոլո՛ր կուսակցությունների ներկայացուցիչները, եւ նպատակն այն էր, որ նրանք տային իրավիճակի իրենց գնահատականը։ Այսինքն, չի արհամարհվել Հայաստանի քաղաքական դաշտը։ Եվ ինձ համար շատ տարօրինակ էր, որ եկան անգամ փոքր կուսակցությունների ղեկավարները եւ չեկավ, ասենք, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը։
– Նա պատճառաբանել է իր դիրքորոշումը, թե բացասական է վերաբերվում, երբ նման դեպքերի ժամանակ մարդիկ ՊՆ են գնում։
– Չեմ ընդունում այդ դիրքորոշումը։ Եվ չեմ ընդունում Վազգեն Մանուկյանի հաջորդ օրն իսկ տված գնահատականը, թե ոչ ոք չկա այդ մարդկանց ետեւում եւ սա պարզապես արկածախնդիրների խումբ է, որոնք սոցիալական իրավիճակից եւ իրենց պատկերացումներից ելնելով են փորձում ինչ-որ խնդիր լուծել։ Իմ կարծիքն է, որ քաղաքական դաշտից միտումնավո՛ր հեռացվեցին այդ դաշտը լրացնող երկու հզորագույն անձինք՝ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը։ Եվ եթե այդ խմբում արկածախնդիրներ էին, որոնք հետո հայտարարեցին, թե իրենք հարց ունեին միայն Վազգեն Սարգսյանի հետ՝ այդ դեպքում բացատրություն չունի զուգահեռ անմիջապես Դեմիրճյանի եւ նրա տեղակալների գնդակահարությունը։ Ակնհայտ էր, որ այդ խումբը քաղաքական իշխանության խնդիր էր լուծում։
– Ի դեպ, ՊՆ-ի հավաքի վերաբերյալ «Հայոց աշխարհը» մի սխեմա էր հրապարակել, որտեղ անգամ նշված էր, թե ով որտեղ է նստած եղել։ Այն ճշգրի՞տ էր։
– Գիտեք ինչ, լավ կլիներ, որ ե՛ւ «Հայոց աշխարհը», ե՛ւ «Իրավունքը», ե՛ւ այլ թերթերը ոչ թե սխեմաներ կազմեին, թե քաղաքական գործիչները որ հրամանատարի հետ որտեղ հանդիպեցին… Եվ բոլորովին պարտադիր չէր, որ բանակի տարբեր աստիճանների ղեկավարներին սկսեին մականուններով նշել՝ ավելի լավ կլիներ, դրանց փոխարեն նշեին նրանց այսօրվա կոչումները՝ ամեն մեկը մի ստորաբաժանման ղեկավար է։ Բանակը վաղուց, դեռ 1991-ից կանոնավոր է դարձել եւ այսօր ոչ թե մականուններով են առաջնորդվում, այլ զինվորական կոչումներով եւ կանոնակարգով։ Այսինքն, այդ մարդիկ դեռեւս չեն գիտակցում, որ Հայաստանն ունի բավականին կառավարելի եւ ուժեղ բանակ։ Պարզապես լավ կլիներ, որ այն կազմակերպությունները, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին եկել կամ նրանք, ում, եթե նույնիսկ մոռացել եւ չէին հրավիրել՝ փորձեին անմիջապես ՊՆ-ի ղեկավարության հետ ճշտել, թե վերջապես բանակն ինչի՛ համար է այսպիսի քայլերի գնացել եւ ոչ թե վախենային, որ բանակն ու ինչ-ինչ կուսակցություններ քաղաքական ինչ-որ միություն են կազմում։ Նման բան գոյություն չունի, բանակը նման միության որեւէ մտադրություն չունի։ Բանակն իր որոշակի խնդիրներն ունի, իսկ այս իրավիճակում պարզապես կատարեց այն, ինչ պարտավոր էին ձեռնարկել անվտանգության համակարգի մնացած օղակները։
– Մականունները նշող խմբագիրները փաստարկում են, թե իրենք նկատի ունեն ոչ ամբողջ բանակը, այլ նրա, այսպես ասած, Էջմիածնի թեւը։
– Բանակն այդպիսի թեւերի բաժանված չէ։ Բանակը միատարր է, որի ապացույցը ՊՆ կոլեգիայի հայտարարությունն է, որին համամիտ է եղել ողջ հրամկազմը։ Կուզենայի, որ ինչ-ինչ սխեմաներ կազմելուց վերանանք, եւ եթե լրագրողական հետաքննության դաշտ գոյություն ունի, լավ կլիներ, որ նույն թերթերը պարզեին եւ վերլուծություն կատարեին, թե ով էր Նաիրի Հունանյանը 1988-ից ի վեր, ովքեր էին նրա մերձավոր շրջապատում, ով նրան գործուղեց Թուրքիա, ինչպես նա կարողացավ ինչ-ինչ ճանապարհներով Ազգային հեռուստատեսությունում որոշակի խնդիրներ լուծել, ինչպես էր նա կարողանում անընդհատ ԱԺ մտնել եւ քաղաքական հատկապես որ կուսակցությունների հետ էր անմիջական ու մերձավոր շփման մեջ։ Նախագահի աշխատակազմ մտնում-դուրս գալի՞ս էր, թե՞ ոչ, ո՞ւմ հետ էր նա հանդիպում։
Նույն լրագրողներն անաչառորեն կարող են նաեւ քննությանն օգնող որոշակի հետաքննություն իրականացնել՝ կառավարման այլ համակարգերի ներկայացուցիչների հետ հանդիպո՞ւմ էր, թե՞ ոչ։ Ինչպե՞ս էր, որ Նաիրի Հունանյանն անընդհատ պնդում էր, թե Ալիկը պիտի գա եւ վերջապես որոշեն՝ այս երկիրն ո՞ւր են տանելու։ Ես տեսել եմ այդ տեսաժապավենը, որ Նաիրին նստած, ատրճանակը ձեռքին ասում է այդ բառերը՝ երբ նրան փոխանցում են, որ հանրապետության նախագահը չի գա նրա հետ հանդիպման, նա պատասխանում է. «Այդ դեպքում թող Ալիկը գա»։ Պետք է պարզել, թե ինչպես էր, որ դահլիճում մարդիկ կային, որոնք բացառիկ ազատ հարաբերությունների մեջ էին Նաիրի Հունանյանի հետ՝ ներսուդուրս էին անում ե՛րբ ցանկանային։ Իսկ Արմենակ Արմենակյանը գնդակահարվեց միջանցքում…
-Ձեզ համոզիչ եւ բավարար չի՞ թվում նախաքննության վարկածը, որ Նաիրի Հունանյանն ԱԺ-ում Մուշեղ Մովսիսյանի հետ էր հանդիպում եւ այդ պատճառո՞վ եք այս հարցի պարզաբանումը լրագրողական հետաքննության առարկա մատնանշում։
-Ես գիտեմ, որ Նաիրի Հունանյանը միայն Մուշեղ Մովսիսյանի հետ չէ, որ հանդիպում էր։ Չեմ կարող ասել, թե ում հետ էր հանդիպում։ Լավ կլիներ, որ ԱԺ-ի անցագրային բաժնից (եթե փաստաթղթերը պահպանված են), ճշտեին, թե Նաիրի Հունանյանն անցած տարվա ընթացքում քանի՞ անգամ է մտել շենք, ո՞ւմ միջնորդությամբ, ինչպե՞ս, ո՞ւմ հետ է հանդիպել։
Վերջապես Նաիրի Հունանյանը պատահական մեկը չէր՝ վերջին 10 տարվա ընթացքում ուսանողական շարժման ղեկավարներից էր, ժամանակին ստեղծել էր «Հայլուր» լրատվական գործակալությունը (ՀՅԴ մամուլի տեղեկատու կենտրոնը, որի հիմնադիր աշխատակիցներից մեկն էր Նաիրի Հունանյանը, շատ ավելի ուշ՝ Տիգրան Նաղդալյանի ղեկավարման օրոք վերանվանվեց «Հայլուր»- Ա. Ի.), հետո ՀՅԴ երիտասարդական մի կազմակերպության ղեկավարներից էր եւ այլն։ Այսինքն, գործ ունենք մարդու հետ, որը կարծես կյանքում իր ճանապարհը չի գտել։ Բայց համոզված եմ, որ եղել են մարդիկ, որ գտել են Նաիրի Հունանյանի ճանապարհը եւ մղել են այսպիսի գործողությունների։
Ես գիտեմ, որ Նաիրի Հունանյանը նաեւ չէր կարող չգտնվել ազգային անվտանգության համակարգի տեսադաշտում, քանի որ, վերջին հաշվով, որոշակի առաքելություն է իրականացրել Թուրքիայում։ Ուրեմն, ճիշտ կլիներ, որ հետաքննությունն անընդհատ մղվեր դեպի հոկտեմբերի 27-ը եւ դրան նախորդած շրջանը։ Այլապես տպավորությունն այն է, թե հոկտեմբերի 27-ն այժմ մոռացված է եւ ավելի շատ քննում են, թե դեպքերի հետագա զարգացման ընթացքում բանակի հետ ով է եղբայրություն արել եւ ով՝ ոչ։ Եվ չպիտի փոխարենը ՊՆ-ի հավաքները մասնավորեցված քննարկվեն՝ որի անհրաժեշտությունը բոլորովին չկա, քանի որ որեւէ մեկը գաղտնի ոչինչ չի արել ՊՆ-ում։
-Չբացառելով, որ Նաիրի Հունանյանը ԱԺ-ում այժմ էլ հանցակիցներ ունի՝ նրանց ձեռքի գո՞րծն եք համարում երկուշաբթի խորհրդարանում հայտնաբերված պայթուցիկ փաթեթը։
-Երկու տարբերակ կա. կամ այնտեղ շարունակում են մնալ որոշ համախոհներ, որոնք փորձում են նման փոքրիկ գործողություններով անընդհատ անկայուն մթնոլորտ պահպանել պետական համակարգում, կամ էլ սա ինչ-որ մեկի չար կատակն է, որն, իմ գնահատականով, կարող է պարզապես սադրանքների տեղիք տալ, քանի որ շատ զգայուն վիճակում է այսօր կառավարման համակարգը։
-Թերեւս վերջապես անցնենք հոկտեմբերի 27-28-ից հետո ծագած խնդիրներին՝ կառավարության ձեւավորման շուրջ։ Որքան տեղյակ եմ, որպես օպերատիվ հարցերի կամ ԱԱ նախարարի թեկնածու Ձեր անունն էր շրջանառության մեջ, բայց նախագահը պնդել էր, թե չի ստորագրի կառավարության կազմի վերաբերյալ հրամանագիրը, եթե այնտեղ լինի Անդրանիկ Քոչարյանի անունը։ (Հարցազրույցից հետո տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանն իր այս դիրքորոշումն այսպես էր պատճառաբանել, թե նրան ԱԱ նախարար նշանակելն աղետալի հետեւանքներ կունենա պետական անվտանգության համար)։
-Ես տեղյակ չեմ այս ամենին։ Ամեն ինչ սկսեց ընթանալ շատ ավելի հանգիստ մթնոլորտում՝ նշանակվեց վարչապետ եւ սկսեց գործել Սահմանադրությունը, որը, պարզվեց, միակ բանն է, որ պահպանված է Հայաստանում։ Եվ Սահմանադրությունը հնարավորություն ընձեռեց բանակցային գործընթացում լուծել կառավարության կազմավորման խնդիրը։ Իհարկե, բարդություններ եղան։ Իհարկե, վարչապետը ցանկանում էր պահպանելով Վազգեն Սարգսյանի կառավարության զգալի մասը, այս պահին ունենալ այնպիսի թիմ, որն առաջին հերթին ի վիճակի լիներ այսօր նվազագույնի հասցնել կամ վերացնել անվստահության մթնոլորտը, որը միայն հոկտեմբերի 27-ի արդյունք չէր եւ հնուց էր գալիս՝ երբ իրականացված սպանությունները կա՛մ չէին բացահայտվում, կա՛մ էլ բացահայտվում էին վստահություն չներշնչող տարբերակներով։ Բնական է, որ որոշ թեկնածուների նախագահը պիտի չհամաձայներ, որոշ տարբերակների էլ՝ վարչապետը։ Գիտեմ, որ վարչապետը գնաց ավելի կառուցողական ճանապարհով եւ փորձեց գտնել այնպիսի տարբերակներ, որտեղ նախագահի կարծիքն առավելագույնս էր հաշվի առնվում։
-Ռոբերտ Քոչարյանը քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների ընթացքում, վերջիններիս վկայությամբ, շեշտել է, թե վարչապետն, ըստ էության, որոշ հրամանատարների լիակատար ազդեցության տակ է եւ ինքը՝ Արամ Սարգսյանն էր խոստովանել, որ իր նկատմամբ ճնշում կա։
-Վարչապետի նկատմամբ որեւէ ճնշում չէր կարող լինել։ Բնական է, որ Արամ Սարգսյանը պետք է խորհրդակցեր բազմաթիվ ուժերի հետ։ Նա խորհրդակցել է ե՛ւ ԱԺ խմբակցությունների, ե՛ւ բանակի, ե՛ւ երկրապահների հետ։ Թե՞ կարծում եք, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը չէր խորհրդակցում բոլոր ուժերի հետ, որի հետեւանքը հանրապետությունում ներքաղաքական բավական հանդարտ մթնոլորտն էր։ Չարաչար սխալվում են այն ուժերը, որոնք պնդում են, թե Արամ Սարգսյանի վրա որեւէ ճնշում կար։ Ասեմ ավելին, ԱԺ մեծամասնությունը նրան «քարտ- բլանշ» էր տվել, այսինքն՝ հնարավորություն, որ կառավարությունն իր հայեցողությամբ կազմի, եւ Արամ Սարգսյանը խնդիր չուներ որեւէ ճնշման ենթարկվելու։ Վերջին հաշվով, նա Վազգեն Սարգսյանի եղբայրն է եւ այն ուժերը, որոնք պիտի ճնշեին նրան, ըստ էության, պիտի ճնշեին Վազգեն Սարգսյանին, իսկ նման բան բացառվում էր զուտ բարոյական տեսանկյունից ելնելով։ Պարզապես կարող էին խորհրդակցել, իսկ Արամ Սարգսյանը, բնական է, առաջին հերթին պիտի խորհրդակցեր այն մարդկանց հետ, որոնց հետ տարիներ շարունակ անընդհատ խորհրդակցում էր Վազգեն Սարգսյանը։
Եվ մի բան էլ. շարունակում են ասել, որ Արամ Սարգսյանն անփորձ տղա է։ Ուզում եմ, որ այդ անհեթեթ մեկնաբանությունները չլինեն՝ վարչապետի նշանակումից հետո նրա փորձառության կամ անփորձության մասին խոսելը պարզապես անբարոյական է եւ անթույլատրելի։ Եթե մտահոգություն կա, որ վարչապետին ինչ-ինչ հարցերում պետք է օգնել՝ դա պիտի արվի անձայն, առանց հայտարարությունների։
-Ձեզ համար մտահոգիչ չէ՞ այս մոտեցումը. վարչապետը ՆԳ նախարարի պաշտոնում պնդում էր Արարատի ոստիկանության պետի թեկնածությունը։ Գլխավոր դատախազն էլ այժմ Արարատի նախկին դատախազն է։ Ինչ է, մեր ողջ ինտելեկտուալ եւ կադրային ներուժը հենց Արարատ գյուղում եւ Արարատի մարզո՞ւմ է կենտրոնացած։
-Ո՛չ։ Պիտի հաշվի առնվի ողջ հայ ժողովրդի ինտելեկտուալ եւ կադրային ներուժը։ Բայց պիտի ելնենք այն իրողությունից, թե ինչ կատարվեց հոկտեմբերի 27-ին, եւ Արամ Սարգսյանի համար որոշակի երկընտրանքի խնդիր կար՝ ուժային կառույցներում պիտի իր հայեցողությամբ ունենար ամենավստահելի մարդկանց։ Եվ, ինչքան գիտեմ, ՆԳ նախարարի պաշտոնում որեւէ մեկի թեկնածությունը պնդելու խնդիր չի եղել, այլ ուղղակի տարբերակներ են քննարկվել։ Եթե վարչապետը պնդեր՝ հաստատ համոզված եղեք, որ կամ կիրականացներ իր պնդած տարբերակը, կամ էլ հրաժարական կտար՝ ըստ Սահմանադրության։ Եվ բացի հանրապետության գլխավոր դատախազից՝ ուրիշ ոչ մի արարատցու նշանակման խնդիր չի եղել։ Վազգեն Սարգսյանն էլ իր առջեւ երբեք տեղայնացած խնդիրներ չի դրել՝ օգտագործում էր այն բոլոր կադրերին, որոնք, իր հայեցողությամբ, կարող էին օգտակար գործ կատարել որոշակի պաշտոններում։
-Ինչեւէ, ոչ վարչապետը հրաժարական տվեց, ոչ էլ նախագահը. գտնվեց փոխզիջում։ Իսկ ցանկացած փոխզիջում նաեւ լիովին չի բավարարում կողմերից եւ ոչ մեկին։
-Եթե փոխզիջման արդեն հասել են՝ ուրեմն այն բավարար է բոլորի համար։ Այլ հարց է, որ յուրաքանչյուրի մեջ կարող է յուրովի նստվածք մնալ։ Բայց եթե անգամ փխրուն կամ կարկատած կայունություն ունենք՝ բոլորիս խնդիրը այդ կարկատանների արանքներում եղած ճեղքերը վերացնելն է։ Քանի որ Վազգեն Սարգսյանի կարեւորագույն նպատակը միշտ կայունություն ապահովելն ու այդ իրավիճակում պետությունը հզորացնող գործողությունների իրականացումն էր։ Եվ, կարծում եմ, որ նրա ճանապարհից շեղվելու իրավունք ոչ մեկս չունենք։
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ