ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի կենսագրության մեջ հպարտորեն նշված է, որ նա «Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է»։ «Առավոտին» հայտնի է դարձել, որ այդ բարձր կոչումը ստանալու համար ոչ մի առանձին նվաճումներ գիտության բնագավառում պետք չեն։ Պարզապես պետք է վճարել 115 դոլար (եթե ԱՄՆ քաղաքացի ես՝ 95) եւ դու «իսկական անդամ» (active member) ես։ Համոզվելու համար, որ դա այդպես է, «Ինտերնետ» ունեցող ընթերցողներին առաջարկում ենք դիմել www.nyas.org հասցեով։
ԿԵՑՑԵ՛Ս, ՆԱԽԱՐԱՐ
Հայաստանի փոստի եւ հեռահաղորդակցության նախարար Ռուբեն Տոնոյանն «Առավոտին» ասաց, որ հակառակ տեղական հեռախոսազանգերի համար սակագներ սահմանելու «ԱրմենՏելի» պնդմանը, մինչեւ Երեւանում ավտոմատ հեռախոսակայանների 75%-ը չթվայնացվի, իրենք թույլ չեն տա ներդնել սակագների համակարգը։ «Հակառակ դեպքում,- ասաց Ռուբեն Տոնոյանը,- խիստ կմեծանա ոչ թվային հեռախոսակայանների ծանրաբեռնվածությունը, որովհետեւ թվային հեռախոսահամարների տերերը կնախընտրեն ոչ թե իրենք զանգահարել, այլ զանգեր ստանալ ոչ թվային հեռախոսահամարներից»։
Կարդացեք նաև
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ԱԺ-ՈՒՄ
Աշխատակազմի ղեկավարի փոփոխություն է կատարվել ոչ միայն նախագահի նստավայրում, այլեւ՝ ԱԺ-ում։ Աշխատանքից ազատվել է Տիգրան Բալայանը։ Նրան փոխարինել է Հայկ Քոթանյանը։ Տեղյակ աղբյուրները վկայում են, որ նա հոկտեմբերի 27-ի զոհ դարձած պատգամավոր Միքայել Քոթանյանի ազգականն է։
3-Ը ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման, հոկտեմբերի 27-ի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված 3 հոգի պահվում են ռազմական ոստիկանությունում։ Խոսքը Նաիրի Բադալյանի, «ՌԱՖ»-ի վարորդ Աշոտ Կնյազյանի եւ Համլետ Ստեփանյանի մասին է։