Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱԿԻ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻՆ ՀԱՆԴԱՐՏԵՑՆԵԼՆ ԷՐ

Նոյեմբեր 17,1999 00:00

Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանն էլ երեկ հեռուստալրագրողների հետ հարցազրույցում պատմեց հոկտեմբերի 27-ին ժամը 22-ի սահմաններում իրեն ներկայացված ցուցակի մասին, որի վերաբերյալ ավելի վաղ հրապարակումներ էին եղել մամուլում։ Եվ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանը, որն ավելի վաղ նպատակահարմար չէր գտել այդ ցուցակի վերաբերյալ մանրամասներ պատմել «Առավոտին», այս անգամ չհրաժարվեց հանգամանալից պարզաբանումներից։

-Նախ, թերեւս վերջապես բացահայտեք, թե իրականում ինչպես եղավ, որ դեռեւս սպանվածների դիակները չսառած, 5 հոգու տարբեր պաշտոնների նշանակելու վերաբերյալ ցուցակ ներկայացվեց նախագահին։

-Ես այն համոզմունքին եմ, որ այդ ծանրագույն կորստից հետո ե՛ւ մեկնաբանումները, ե՛ւ մոտեցումներն ու քայլերը չպետք է տեղափոխվեին անձնական հարաբերությունների դաշտ։ Ինչ էր պատահել այդ երեկոյան, երբ ես նախագահի համաձայնությամբ ԱԺ-ի միջանցքներից հանեցի բոլոր հրամանատարներին…

-Համաձայնությա՞մբ, թե՞ ցուցումով։

-Համաձայնությա՛մբ։ Քանի որ զեկուցեցին, թե արդեն կա բավական լուրջ լարվածություն հրամանատարների եւ ներքին գործերի, իրավապահ մարմինների աշխատակիցների ու ընդհանրապես ներկաների միջեւ։ Հրամանատարները լսել էին, բայց դեռեւս համոզված չէին, որ սպանված է Վազգեն Սարգսյանը։ Ասացին, որ դա կարող է բերել լուրջ բախումների։ Այսինքն, եթե հրամանատարներն այնտեղ իմանային, որ Վազգեն Սարգսյանը սպանված է՝ այդ պահին ոչնչի առջեւ կանգ չէին առնի՝ կմտնեին դահլիճ ե՛ւ գնդակահարելով, ե՛ւ գնդակահարվելով։ Կանխելու համար այդ բախումները, նախագահին ասացի, որ վիճակն այսպիսին է, թույլ տվեք, որ նրանց հանեմ ԱԺ-ից եւ տանեմ պաշտպանության նախարարություն։ Ասաց, որ ճիշտ կլինի։

Պաշտպանության նախարարությունում արդեն իսկ հավաքված էին գրեթե բոլոր գնդերի, կորպուսների հրամանատարները եւ ռազմական վերնախավը։ Երբ վերջնականապես տեղեկացանք, որ Վազգեն Սարգսյանը զոհված է՝ հրամանատարների առաջին արձագանքն այն էր, որ պետք է անմիջապես մտնել քաղաք եւ պատժել մեղավորներին։

-Ո՞ւմ էին մեղավոր համարում։

-Կային ավելի շուտ տարբեր կռահումներ, քան համոզմունք։ Բայց այս ամենն արդեն կարեւոր չէր դառնա, եթե նրանք մտնեին քաղաք։ Լարումն այն աստիճանի հասավ, որ գրեթե ոչինչ չէր կարող նրանց կանգնեցնել։ Փորձեցինք վերլուծել, թե ում պատճառով է դա եղել, ով է մեղավոր ոչ թե սպանության, այլ, որ այդ դեպքը, ոճիրն իրականացվել է եւ սպանվել է Սպարապետը՝ մարդ, որ բանակի խորհրդանիշը եւ կուռքն է։ Բոլորը միահամուռ այն կարծիքին էին, որ այս առումով մեղավորը ԱԱՆ-ն եւ ՆԳՆ-ն են՝ իրենց ղեկավարներով, եւ մեղավոր է դատախազությունը, քանի որ մինչ այսօր չեն բացահայտվել նախկին սպանությունները։ Եվ զայրույթն ու գործողությունները (եթե այդպիսիք լինեին), հիմնականում կուղղվեին այդ մարմինների դեմ։ Այս մթնոլորտն ինչ-որ կերպ լիցքաթափելու, գոնե այդ պահին իրավիճակը փրկելու համար որոշեցինք դիմել նախագահին եւ խնդրել, որ անմիջապես քննարկվի այդ երեք կառույցների ղեկավարների պաշտոնանկության խնդիրը։

Մի հանգամանք էլ կար՝ բարձրագույն հրամանատարական կազմը շատ լավ էր պատկերացնում, թե ինչ է կատարվել, ինչ իրավիճակ է։ Եվ ես այսօր էլ եմ համոզված, իսկ այն օրն առավել եւս բոլո՛րը համոզված էին, որ դա պետական հեղաշրջում է։ Այն կարելի էր կասեցնել միայն աշխարհում ընդունված կանոններով՝ այլ կերպ հնարավոր չէ։ Եվ եթե որեւէ մեկը ցույց տա մի որեւէ երկիր, որտեղ պետական հեղաշրջումը կասեցնում են ոստիկանները՝ գուցե հավատամ, որ դա պիտի նրանք անեին։ Բանակը երկրի անվտանգության ապահովման գլխավոր մարմինն է։ Եվ եթե դա, ասենք, Թուրքիայում լիներ՝ 5 րոպե հետո զինված ուժերը վերցնելու էին ամբողջ իշխանությունը։

-Թերեւս նաեւ ներկայացնեք, թե ինչ կռահումներ կային պետական հեղաշրջման կազմակերպիչների կամ իրագործողների վերաբերյալ։

-Այս հարցին կարող է պատասխանել միայն քննությունը։ Տվյալ պահին իրավիճակի ամբողջական վերլուծության եւ եզրակացությունների համար հիմք էին նրանց՝ դուրս ուղղված կոչերը՝ «եկեք, մենք մեր գործն ավարտել ենք», ու նաեւ Սյունիքից ու տարբեր մարզերից՝ մե՛կ հյուսիսից, մե՛կ հարավից պաշտպանության նախարարություն հասնող ահազանգերը, թե նկատվում են շարժակազմերի, մեքենաների եւ այլ շարժեր։

-Այնուամենայնիվ, նախագահին միայն պաշտոնանկությունների հարցը քննարկելու խնդրո՞վ էիք դիմել։

-Դիմել էինք հեղաշրջումը կասեցնելու խնդրով։ Եվ երկրորդը՝ այն մարդկանց նշանակելն էր, որոնք անմիջապես կսկսեին կառավարել այդ երեք համակարգերը եւ քննությունը կտանեին ճիշտ ուղղությամբ։ Եթե զինվորականը, հրամանատարը, բանակը համոզված է, որ այստեղ մեղավորն այսինչն ու այս համակարգն են, ուրեմն պիտի առաջարկվի մի մարդ, որին հավատում եւ վստահ է, թե ճիշտ ուղղությամբ կտանի քննությունը։ Սա էր ամբողջ իմաստը։ Երբ կազմվեց այդ ցուցակը, հրամանատարները պնդեցին, որ այնտեղ ավելացվի նաեւ վարչապետի խնդիրը։

-Ձե՞ր նախաձեռնությունն էր։ Ես նաեւ այսպիսի մի վարկած եմ լսել, թե նախագահի առաջարկով է ներկայացվել այդ ցուցակը։

-Ո՛չ։ Դա պատահական հնչեց։ Այդ աղմուկ-աղաղակի, հրամանատարների շարժման մեջ մեկը (հիմա չեմ հիշում, թե ով էր) ասաց, թե եկեք մի այսպիսի քայլ անենք։ Ես ասացի, որ եթե համաձայն են սպասել այդ ցուցակի պատասխանին՝ ուղարկենք։ Համաձայնեցին եւ ցուցակն ուղարկվեց նախագահին։

-Ի դեպ, ինչպես այդ ցուցակում ԱԱՆ նախարարի թեկնածու նշված Վյաչեսլավ Հարությունյանը, այնպես էլ մյուսները նախագահի առջեւ արդարացել էին, թե իրենք բացարձակապես տեղյակ չեն եղել, որ իրենց անունները ներառվել են այնտեղ։

-Այդ պահին որեւէ մտադրություն չի եղել, որ ցուցակում նշված մարդիկ պետք է զբաղեցնեն այդ պաշտոնները։ Եղել է մի խնդիր, այնպես անել, ինչպես ցանկանում են հրամանատարները, որ նրանք հանգստանան։ Վյաչեսլավ Հարությունյանը խիստ բարձրակարգ մասնագետ է եւ նրան ընդգրկելը հրամանատարների առաջարկն էր։

-Ցուցակը նախագահին իրոք Անդրանիկ Քոչարյա՞նն է ներկայացրել։

-Նա մենակ չէր՝ 3-4 հոգու հետ էր։ Պատգամավոր է եղել հետները, զինվորական (այլ աղբյուրներից պարզեցինք, որ խոսքը Մյասնիկ Մալխասյանի եւ Աստվածատուր Պետրոսյանի մասին է- Ա. Ի.), մնացածներին չեմ հիշում։

Գագիկ Հարությունյանը պաշտպանության նախարարությունում էր եւ տեսնում էր առկա վիճակը։ Ո՛չ նախագահը, ո՛չ էլ որեւէ մեկը չէր պատկերացնում, թե ինչ էր այնտեղ կատարվում, բացի այդ պահին այնտեղ գտնվողներից։ Տեղեկություն էին հասցրել, թե ՊՆ-ում 3-4 խռովարարներ աղմուկ են բարձրացնում, որը նույնպես հասավ հրամանատարներին։

Ցուցակն ուղարկելուց հետո անմիջապես, մոտ կես ժամ անց Գագիկ Հարությունյանը գնացել էր նախագահի մոտ, ներկայացրել ողջ վիճակը եւ բառացիորեն փոխանցել այն, ինչ ես էի նրան խնդրել՝ որ այդ ցուցակը կողքի դնի՝ այն ծնվել է այսպիսի իրավիճակում եւ նպատակը հրամանատարներին նախարարությունում պահելն է։ Բացի այդ, նրան խնդրել էի ասել եւ նա հաղորդել էր, որ Շիրխանյանը խնդրեց, թե «վարչապետ» տողն ընդհանրապես ջնջի։ Եվ եթե ինքը քննելու է այդ թեկնածությունները՝ թող մյուսներին անդրադառնա։

Գագիկ Հարությունյանը վերադարձավ եւ ասաց, թե նախագահը զայրացած է, որ այս ինչ է՝ դիակները դեռեւս տաք, պաշտոննե՞ր եք բաժանում։ Չգիտեմ, թե այստեղ ով էր ավելի շատ զայրացած՝ ե՞ս, ի՞նքը, թե՞ հրամանատարները, որոնք այնուամենայնիվ պատասխանի էին սպասում։

Առժամանակ անց Գագիկ Հարությունյանը նորից գնաց։ Լարվածությունն ավելի էր մեծացել։ Նախ, ԱԺ-ն շրջապատված էր զորքով. սա ամենաճիշտ քայլն էր, որը, համարում եմ, ինչ-որ տեղ խափանեց հեղաշրջման շարունակությունը։ Երկրորդը, կեսգիշերին կամ քիչ անց քաղաքի բոլոր մուտքերն արդեն փակված էին տանկերով։ Փակված էին սահմանները։ Մարտական պատրաստության վիճակի բերվեց բանակը, որը շատ բնականոն է, այլ կերպ հնարավոր չէ։ (Այլ հարց է, որ գրեթե բոլոր գործողություններն արվել էին առանց նախագահի հետ, որը գերագույն հրամանատարն է՝ անգամ համաձայնեցման։ Սակայն այս առնչությամբ պրն Շիրխանյանը չէ, որ պիտի պարզաբանումներ տա, այլ պաշտպանության նախարարը- Ա. Ի.

-Եթե այդ ցուցակի նպատակը վստահություն ներշնչող մարդկանց պաշտոնների նշանակելով բանակին հանգստացնելն էր, որ զորքը մայրաքաղաք չմտներ, Ձեր բացատրությունից պարզ է դառնում, որ այդ պահին արդեն իսկ որոշակի տեղաշարժ արվել էր։

-Ցուցակն ուղարկելու պահին քաղաքի մուտքերը դեռ փակված չէին։ Երբ Գագիկ Հարությունյանի միջոցով ստացանք նախագահի պատասխանը, եւ ժամը 12-ի, 1-ի կողմերը բազմաթիվ ահազանգեր ստացանք, թե 30 մեքենա մի տեղից է շարժվել, ինչ-որ խմբավորումներ հավաքվում են մի այլ տեղ եւ այլն՝ այդ ժամանակ արդեն փակվեցին քաղաքի մուտքերը։

Գագիկ Հարությունյանը նախագահին երկրորդ հանդիպման ընթացքում ասել էր, որ «ՊՆ-ում վիճակը շատ ավելի ծանր ու լարված է եւ հարկավոր է արագ լիցքաթափել ու լուծումներ գտնել»։ Եվ նորից նույն պատասխանով հետ եկավ։ Ասաց, թե լսել անգամ չի ցանկանում, այդ ցուցակը դրել է գրպանը, բոլորին ցույց է տալիս եւ այլն։ Գիշերվա ժամը 4-ին կամ 5-ին մի քանի հրամանատարների հետ ես գնացի ԱԺ։ Մտա նրա մոտ եւ ասացի, թե խոսելու բան, կարեւոր ասելիք ունեմ։ Պատասխանեց, թե ժամանակ չունի։

-Տեղյակ եմ, որ նախագահը նաեւ ասել էր, որ Ձեզ չի կանչել. «Ինչո՞ւ ես առանց հրավերի ներս մտել»։

-Այո՛։ Ասաց, թե ինձ չի կանչել։ Պատասխանեցի՝ բայց շատ կարեւոր է խոսելը։ Ասաց, որ զբաղված է։

Սերժ Սարգսյանն իմ հետեւից դուրս եկավ, ասաց. «Մի նեղացիր, նստիր, խոսենք, տեսնենք։ Վիճակն այնպիսին է, որ չի կարելի հապճեպ քայլեր անել»։

Վերադարձանք ՊՆ։ Վիճակը գնալով ավելի սրվեց։ Արդեն տեխնիկա էր հանված՝ իրենց անձնակազմերով։ Եվ մինչեւ առավոտ այդ լարվածությունը պահպանվեց պաշտպանության նախարարությունում։ Առնվազն երկու անգամ պատրաստվում էին դուրս գալ՝ պահել ենք։ Առաջին անգամ կանխեց այդ ցուցակը։ Հաջորդ անգամ՝ պատվիրակություն էինք ուղարկել նրա մոտ։ Ասացինք, մենք գնանք խոսենք, քանի որ անհասկանալի էր՝ ինչ քայլեր, լուծումներ էին առաջարկվում հեղաշրջման դեմ։

-Ի՞նչ բացատրություն ունեին ձեզ համար նախագահի կոպիտ պատասխանները եւ լուծումներին ու քայլերին հրամկազմին եւս մասնակից չդարձնելը, գոնե փոքրիշատե չիրազեկելն ու չպարզաբանելը։

-Հրամանատարներն այս ամենին տեղյակ էին եւ, իհարկե, շատ վատ էր դա իրենց տրամադրում, արձագանքը խիստ բացասական էր։

Երեկոյան ժամը 6-ին, երբ խոսեցի այդ Նաիրի կոչեցյալի հետ եւ ասացի, որ նախագահը կարող է ընդունել քո առաջարկը ու հանդիպել, եթե դու այլեւս ոչ մի կրակոց չարձակես՝ ասաց, թե կրակոց չի լինի եւ չեղավ։ Դահլիճում գտնված պատգամավորները հաջորդ օրը պատմում էին, որ նրանք իրենց «գործն» այդ պահին արդեն ավարտել էին եւ ուրիշ մտադրություններ չունեին։ Անհասկանալի էր, թե ինչու էր ավելի լարվում այդ իրավիճակը, սրացվում, հակասություններ եւ վստահության կորուստ ծնում։

Մինչեւ առավոտ մի կերպ անցկացրինք։ Հաջորդ օրը ՊՆ եկավ Վեհափառը։ Նրան էլ բացատրեցի, թե ինչպես, ինչ պայմաններում է ծնվել այդ ցուցակը՝ պետք չէ դա շահարկել, մատի փաթաթան դարձնել։ Նա էլ էր խոսել Ռոբերտ Քոչարյանի հետ…

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ոչ մի բան չեմ հավատում,ոչ մեկին չեմ հավատում,որովհետեւ՝ Երկիրը,երկիր չէ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930