Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհն այլեւս բաց է ամբողջ երկարությամբ։ Ավտոճանապարհի շինարարությունը 1995-ից ի վեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գլխավոր ծրագիրն է։ Ճանապարհի երկարությունը 64 կիլոմետր է, այն սկիզբ է առնում Գորիսի շրջանի Տեղ գյուղից եւ ձգվում է մինչեւ Ստեփանակերտի Մազի կամուրջ։
Նոյեմբերի 12-ին ԼՂՀ իշխանությունները, «Հայաստան» հիմնադրամի ղեկավարները բացեցին ճանապարհի Շուշի-Ստեփանակերտ հատվածը։ Ճանապարհի բացումը «շատ համեստ էր կազմակերպված, հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի» պատճառով։ 1996-ին Ստեփանակերտում սկսված «Ազգային տուրքի մարաթոնն» ընդգրկեց Ղարաբաղից մինչեւ Լոս Անջելես, Մերձավոր Արեւելքից մինչեւ Եվրոպա, Հարավային Ամերիկա ու Ավստրալիա։ Այս տարվա նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսից կհեռարձակվի նոր հեռուստամարաթոն, որի շնորհիվ հանգանակված գումարը նախատեսված է արդեն Հյուսիս-Հարավ ճանապարհի համար։
Մ. Ե.