Վարչապետ Արամ Սարգսյանը նոյեմբերի 15-ին ներկա չի եղել ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանին աշխատանքային կոլեկտիվին ներկայացնելու արարողությանը։ Վերջինիս ներկայացրել է նախագահ Քոչարյանը, իսկ վարչապետը եւ Վահան Շիրխանյանը միասին ներկայացրել են արդյունաբերության նոր նախարար Կարեն Ճշմարիտյանին։ Հարկ է նշել նաեւ, որ նախագահն ու վարչապետը միասին ՆԳ աշխատակիցներին են ներկայացրել նախարար Հայկ Հարությունյանին։
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ շուտով Սերժ Սարգսյանը կարող է նոր աշխատանքի նշանակվել։ Նույն լրատու աղբյուրը նշում է, որ նա, հավանաբար, կդառնա անվտանգության խորհրդի քարտուղար, այդ պաշտոնում փոխարինելով նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանին։
Կարդացեք նաև
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
«Առավոտը» փորձեց պարզել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի վերաբերմունքն այն հեռանկարի նկատմամբ, թե իր հակառակորդները պատրաստվում են լրատվամիջոցներին հանձնել նրան վարկաբեկող նյութեր։ Աղվան Հովսեփյանի պատասխանն էր. «Ես խնդրում եմ իմ բոլոր հակառակորդներին՝ անպայման տպագրեք այդ վարկաբեկիչ նյութերը»։
ՀՐԱՎԵՐԸ՝ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՁԵՎ
Լրագրողները շատ են տրտնջում, թե իրենց աշխատանքը չի գնահատվում։ Որպես հակառակի վկայություն ԱԳՆ խոսնակ Արա Պապյանը նշեց, թե իրենց գնահատականն է, որ հետաքննական լրագրության մասին սեմինարին «Ա1+»-ից երեք լրագրողի էին հրավիրել, «Ար»-ից՝ երկու հոգու, իսկ «Արմենիա» հեռուստաընկերությունից ոչ մեկի չեն հրավիրել։