Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ՝ Հայաստանն ու Ադրբեջանը միասին

Նոյեմբեր 13,1999 00:00
Volcic

Ավարտվեց Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության հարցով զեկուցող իտալացի Դեմիտրիո Վոլչիչի աշխատանքային երկօրյա այցը մեր հանրապետություն։

Հիշեցնենք, որ նրան ուղեկցում էր ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովի մասնագետ Պիտեր Աիչը։ Երկու օրվա ընթացքում նրանք բազմաթիվ հանդիպումներ են ունեցել քաղաքական շրջանակների հետ՝ տեսակետներ փոխանակելով խորհրդարանական խմբերի ու խմբակցությունների, ԱԺ նախագահի, վարչապետի, հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաեւ արդարադատության, ներքին գործերի, պաշտպանության նախարարների եւ գլխավոր դատախազի հետ։ Իսկ ի՞նչ է խոսվել հանդիպումների ժամանակ հարցին ի պատասխան ասվեց, որ հիմնականում զրույցներ են եղել այն պայմանների մասին, որոնց բավարարումն անհրաժեշտ է Հայաստանի՝ ԵԽ ընդունվելու համար։ –

Ճիշտ է,- ասաց պարոն Վոլչիչը,- ահաբեկչական այդ գործողությունից հետո բավականին դժվար կացություն էր ստեղծվել, բայց, այդուհանդերձ, մենք որոշեցինք այցելել Հայաստան, ցույց տալու, որ սատարում ենք ժողովրդավարական գործընթացների շարունակմանը։ ԵԽ ընդունվելու ճանապարհին Հայաստանի առջեւ դրված պայմանները մնում են նույնը, որեւէ նոր բան չի ավելացել՝ առաջին՝ փոխզիջումների գալ Լեռնային Ղարաբաղի հարցում, որպեսզի պատերազմը չվերսկսվի եւ երկրորդ՝ շարունակել Հայաստանում սկզբնավորված ժողովրդավարացման գործընթացը։ Հայաստանում այս տարի տեղի է ունեցել 2 ընտրություն, որոնք, միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, բավականին հաջող, եթե ոչ շատ հաջող ընթացք են ունեցել։ Օրենսդրական ոլորտում էլ մեծ ծավալի վերափոխումներ են կատարվել, սակայն դեռեւս շատ անելիք կա։

Պարոն Վոլչիչը տեղեկացրեց, որ համապատասխան ոլորտների նախարարների հետ մտքեր են փոխանակել, թե ինչպես արագացնել այդ գործընթացը, ու էլի՝ ինչ է հարկավոր անել եւ որտեղ են սխալներ թույլ տրվել, որոնք հարկավոր է շտկել։

– Էական է, որ գործընթացը դեմոկրատացման ուղղությամբ շարունակվում է,- ընդգծեց իտալացի պատգամավորը,- եւ դա է կարեւորը մեզ համար։

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությանը, Դ. Վոլչիչն ասաց. «Ամբողջ աշխարհում դա շոկ առաջացրեց, եւ հարց առաջացավ՝ ինչպես վարվել հետագայում։ Սակայն մի քանի օրվա ընթացքում մենք համոզվեցինք, որ ժողովրդավարական բոլոր գործընթացները շարունակվում են, թեպետ տեղի ունեցած ողբերգության ժամանակ զոհվեցին այդ գործընթացի 2 հիմնական ղեկավարները»։ ԵԽ-ում շրջանառվող այն տեսակետին, թե Հայաստանն ու Ադրբեջանը կազմակերպությանը պիտի անդամակցեն համատեղ, պարոն Վոլչիչը հավաստեց, որ, այո, 2 կողմին միաժամանակ ընդունելու մոտեցումը Ստրասբուրգում բավականին կենսունակ է։

Հայաստանի հարցով զեկուցողը հույս հայտնեց նաեւ, որ կշարունակվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները եւ նրանց 5-րդ հանդիպումը կնշանավորվի այնպիսի հայտարարությամբ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի սկիզբը։ Ինչ վերաբերում է այս այցի արդյունքում կազմվելիք զեկույցին, ապա այն, պրն Վոլչիչի հավաստմամբ, պատրաստ կլինի հունվարին, որից հետո փաստաթուղթը կմտնի շրջանառության մեջ՝ սկզբից քաղաքական հանձնաժողովում, իսկ ավելի ուշ՝ ԵԽ ԽՎ-ում. «Եթե մեծամասնությունը համաձայնի, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունվեն ԵԽ, ապա հույս ունենք, որ դա տեղի կունենա 2000 թվականին»,- ամփոփեց Դ. Վոլչիչը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

«Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930