Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՊԵՍ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՍ ԴԵՌ ԿԱՏԱՐՅԱԼ ՉԵՆՔ

Նոյեմբեր 13,1999 00:00

Բնականոն է՝ ինչպես լրագրողները կարող են քննադատել քաղաքական գործիչներին, այնպես էլ նրանք լիովին իրավունք ունեն մեզ քննադատել։

Սակայն կարող ենք, չէ՞, ակնկալել, որ քննադատելիս նրանք պահպանեն այն սկզբունքները, որոնք միշտ լրագրողներին են առաջադրում։ Այն է, առիթը պիտի լինեն ստուգված եւ հիմնավոր փաստերը։

Այս առումով տարակուսանք հարուցեց ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի մեկնաբանությունը, որը հերքելով, թե Նաիրի Հունանյանը 1998-ին Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբի անդամ չի եղել, այն համարելով «բացահայտ ապատեղեկատվություն, չճշտված եւ անհիմն լուր», նաեւ նշել էր. «Միաժամանակ խստագույնս դատապարտում եմ նման ապակողմնորոշիչ լուրեր տարածող լրատվամիջոցների ոչ լրջախոհ կեցվածքը»։

Այս օրերին լրագրողներին խորհրդարանում բորոտների պես են վերաբերվում եւ գուցե դա կարելի էր մարդկայնորեն հասկանալ՝ մի ահաբեկիչը եւ նրան աջակցելու մեջ կասկածվող մեկը լրագրողներ են։ Չնայած նույն տրամաբանությամբ ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովի բոլոր անդամներին կարելի է կասկածով վերաբերվել, քանի որ այդ հանձնաժողովի անդամ է նույն ահաբեկչությունը դրդելու եւ կազմակերպելու մեջ մեղադրվող Մուշեղ Մովսիսյանը։

Ինչ որ է, Արմեն Խաչատրյանի մեղադրանքը լրատվամիջոցներին լիովին անտեղի եւ արդեն չափազանց էր։ Քանի որ որեւէ լրագրող չի նշել Կարեն Դեմիրճյանի շտաբին Նաիրի Հունանյանի առնչակցության մասին, այլ նախ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը («Հայոց աշխարհ» 29-ը հոկտեմբերի, «Ժամն է միասնականության» հարցազրույցում՝ «Նաիրի Հունանյանն աշխատել է նաեւ «Միասնություն» դաշինքի՝ առնվազն Կարեն Դեմիրճյանի շտաբում» եւ «Առավոտ», 30-ը հոկտեմբերի, «Միջամտությունը կարող էր այլ իմաստով ընկալվել» հարցազրույցում՝ «Իմ տեղեկությունների համաձայն, Նաիրի Հունանյանը եղել է նաեւ Կարեն Դեմիրճյանի շտաբի անդամ»)։ Հետո էլ նույնը վկայել էր Նաիրի Հունանյանի հայրը՝ Հրաչյա Հունանյանը («Ազգ», 30-ը հոկտեմբերի, «Ավելի լավ է՝ ինձ սպանեին» հարցազրույցում՝ «Ինքը համակրում էր Դեմիրճյանին, ինչ-որ տեղ օգնում էր նրան, շտաբում էր աշխատում, եւ խոսակցություն կար, որ եթե նա նախագահ ընտրվի, ինքը կարող է աշխատակազմի ղեկավար աշխատել»)։ Որեւէ հիմք չկար չվստահելու գոնե հոր ասածին եւ, երբ դրան (հասկանալի պատճառներով) հերքում չհետեւեց էլ՝ այլ լրատվամիջոցներ երկրորդեցին այդ փաստը։ Ուրեմն, արդարացի գտնվելու դեպքում ո՞ւմ պիտի խստագույնս դատապարտեր ԱԺ նախագահը։

Նրանից հետ չի մնում նաեւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որը մեկ «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում էր հայտարարել, թե կառավարության կազմի քննարկումները մամուլի համար չեն, մամուլի գործը միայն վճիռներն են, մեկ էլ «ՀՀ»-ում էր դժգոհություն արտահայտել, թե «սահմաններ չճանաչող» լրագրողներն անհարկի պիտակներ են փակցնում պատգամավորներին եւ գրում, թե հոկտեմբերի 27-ին ով է զենք հանձնել կամ ոչ եւ ինչու զենք չի գործադրել, եթե այն մնացել էր իր մոտ։ Նորից խեղաթյուրում է՝ այդ լուրն «Առավոտն» էր հրապարակել եւ այնտեղ ոչ պիտակներ կային, ոչ էլ «ինչու» հարցի որոնումներ։ Զուտ զուսպ եւ սեղմ շարադրանքն էր փաստերի՝ այնքանով, որքանով դրանք ճշտել էին իրենք՝ դահլիճում գտնվողները (հարկ եղած դեպքում կարող ենք նրանց անուններն էլ հրապարակել)։ Իսկ ինչ վերաբերում է հրապարակելուն՝ այս ամենը հատկապես արժանի էր հրապարակման, քանի որ նշված անձանցից ոմանք այժմ անտեղի հերոսներ են ներկայանում, իսկ ընդհանրապես «ցանկացած լուր արժանի է հրապարկման». սա մենք չենք կարգախոս դարձրել, այլ «Նյու Յորք թայմսը»։ Թե՞ Տիգրան Թորոսյանի համար նախընտրելի էր, որ իրոք միայն վճիռները հրապարակվեին։ Այդ դեպքում արժեր, որ միայն մի պարբերական լույս ընծայվեր՝ «Պաշտոնական տեղեկագիրը»։

Իհարկե, լիովին տեղին է ԱԺ նախագահի կոչը՝ «առավել եւս այս ծանր ժամանակաընթացքում լինել զգոն, մանրամասն ստուգել ցանկացած տեղեկատվության հավաստիությունը՝ նախքան այն տարածելը լրատվության միջոցներով»։ Բայց գործնականում մենք հաճախ ուղղակի զրկված ենք լինում տեղեկությունը ստուգելու հնարավորությունից։ Կարդացեք «Հայոց աշխարհի» նոյեմբերի 9-ի համարում «Իսկ ո՞ւմ կհրամայեիք դիմել» հրապարակումը, որտեղ մեջբերված է դատախազության լրատվական ծառայության ղեկավարի տեսակետը, թե իր ծառայությունը նրա համար չէ, որ պատգամավորի ձերբակալության մասին շրջող լուրերի ճշտումներով զբաղվի։ Կարդացեք «Երկիր» օրաթերթի նոյեմբերի 11-ի համարում, թե ինչպես են լրագրողին մի գերատեսչության լրատվական ծառայությունից մյուսը տշել ֆուտբոլի գնդակի պես, որեւէ որոշակի տեղեկատվություն չհաղորդելով ՊՆ ավագ սպա Վարդգես Գնունու մահվան հանգամանքների մասին։

Ինքս այս օրինակներին կարող եմ հավելել միայն այս շաբաթ կատարված երկու դեպք։ 5 անգամ զանգահարել էի Վահան Շիրխանյանին՝ փորձելով ճշտել նրա տան շեմին նռնակ հայտնաբերելու լուրը՝ ապարդյուն էր, նախարարը կամ որեւէ մեկը այդպես էլ մի րոպե ժամանակ չգտան պարզաբանումների համար։

Դաշնակցական 5 գործիչների հետ զրույցների միջոցով փորձել էի ճշտել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է, որ Արամ Սարգսյանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ի տարբերություն իր եղբոր՝ ինքը որեւէ պարտավորություն չունի հրամանատարների հանդեպ։ 7-րդ դաշնակցական գործիչը, որի հետ զրուցեցի, հաստատելու կամ հերքելու (վերջինիս դեպքում, իհարկե լուրը չէր հրապարակվի) փոխարեն՝ նախ հետաքրքրվեց, թե որտեղից եմ տեղեկացել զրույցի մանրամասների մասին։ Ես էլ, քանի որ երբեք աղբյուրներս չեմ բացահայտում՝ միտքս եկած առաջին իսկ պատահական պաշտոնյայի անունը տվեցի։ Փոքրիկ սուտը լիովին արդարացված եւ տեղին դուրս եկավ. այդ գործիչը, որ խիստ հայտնի դաշնակցական է, անմիջապես շանտաժի դիմեց՝ սպառնալով, որ եթե ես հրապարակեմ այդ լուրը, ինքն էլ այդ պաշտոնյայի անունը կհրապարակի։

Ինչեւէ, նման տհաճ պատմություններն ու խոչընդոտները մեր մասնագիտության առանձնահատկություններն են։ Եվ երբեք նման խոհանոցային մանրամասներ չէինք հրապարակի, եթե հենց մեզ խոչընդոտողներն էլ չսկսեին մեղադրել չստուգված լրատվության հրապարակման համար։ Ասենք, ինչպես վերոհիշյալ նույն դաշնակցական գործիչն ու նրա շրջապատն են մամուլին կշտամբում չստուգված լուրեր հրապարակելու մեջ։

Ավելին, դեռ խոստանում են զրպարտության համար պատասխանատվության կանչել («Իրավունք», նոյեմբերի 9-15-ը, կլոր սեղանի շուրջ քննարկման ընթացքում Աղվան Վարդանյանի խոստումը)։ Միայն հայտնի չէ, նրանք մամուլի ասուլիսում ամպագոռգոռ հայտարարություններով խոստացածի պես՝ Հայաստանի առաջին նախագահին պատասխանատվության ենթարկելուց առա՞ջ են որոշ լրատվամիջոցների հետ հարցեր լուծելու, թե՞ հետո։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930