Սեւանի հեռախոսային կապի հանգույցի 52 աշխատողներ դեկտեմբերի 8-ից գործադուլ են հայտարարելու՝ ի բողոք «ԱրմենՏելի» ղեկավարության գործունեության դեմ։
99 թվի հոկտեմբերի 14-ին կոլեկտիվի արհմիության ընդհանուր ժողովում կայացվել է հետեւյալ որոշումը. «… Սեւանի կապի հանգույցը մինչեւ «ԱրմենՏելի» կազմի մեջ ընդգրկվելը քիչ աշխատակազմով ապահովել է բարձր արտադրողականություն եւ դրա շնորհիվ աշխատողներին վճարվել է բարձր աշխատավարձ՝ մինչեւ 1998 թ. հուլիսը։ Սակայն «ԱրմենՏելի» կազմի մեջ անցնելիս նշված հանգամանքը հաշվի չի առնվել եւ նոր աշխատավարձի գործակիցներ դնելիս խախտվել է նախկին աշխատավարձի չափը յուրաքանչյուր աշխատողի նկատմամբ։ «ԱրմենՏելի» կնքած պայմանագրի հիման վրա պետք է պահպանվեր նախկին աշխատավարձը։ Կոլեկտիվը բազմիցս ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր դիմել է ղեկավարությանը՝ վերականգնելու նախկինում գոյություն ունեցող դրույքաչափը, սակայն՝ ապարդյուն…»։
Նոյեմբերի 5-ին կոլեկտիվի ընդհանուր ժողովում ստեղծվեց գործադուլային կոմիտե։ Կոլեկտիվը «ԱրմենՏելի» ղեկավարությունից պահանջում է՝ բարձրացնել աշխատավարձի չափերը՝ պայմանագրով նախատեսված չափով, բացառել աշխատավարձի չափերի չհիմնավորված փոփոխություններն՝ առանց կոլեկտիվի հետ համատեղ քննարկման, ապահովել աշխատանքային վայրերում անվտանգության տեխնիկայի նորմալ պայմանները, արտահագուստը, եւն։ Կոլեկտիվը, հաշվի առնելով հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերը, գործադուլը սկսում է դեկտեմբերի 8-ից, որի մասին տեղյակ է պահվում ՀՀ նախագահին, վարչապետին, «ԱրմենՏելի» գործադիր տնօրենին, ՀՀ կապի աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեին, Գեղարքունիքի մարզպետին, Սեւանի քաղաքապետին, դատախազին։
Այս մասին զրուցեցի ՀՀ կապի աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Վիկտոր Ադամյանի հետ, որն այս խնդրով կոլեկտիվին աջակցում է։ Պրն Ադամյանն ասաց, որ «ԱրմենՏելի» միջին օղակներում աշխատող ազգությամբ հայ պետերը սպառնացել են բողոքող կոլեկտիվին, թե աշխատանքից կազատեն, եթե չլռեն։ Եվ ըստ պրն Ադամյանի, «ԱրմենՏելի» բուն ղեկավարությանն ուղարկված նամակները կա՛մ ասում են՝ չի հասնում, կա՛մ՝ անգլերենի թարգմանելիս աղավաղվում են։
Կարդացեք նաև
– Արդյունքում ղեկավարությունը անհեթեթ պատասխան է ուղարկում, որը կապ չունի նամակի բովանդակության հետ,- ասում է Վ. Ադամյանը։ Վ. Ադամյանի՝ Կ. Խրիստոդուլիդիսին հղած առաջին նամակը հետ է ուղարկվել՝ «Մեզ կարգադրված է այդ կարգի նամակներ չընդունել» պատասխանով։ Իսկ կապի աշխատողները լավ գիտեն՝ ինչպես ուղարկել, որ հասնի։ Վ. Ադամյանն իր երկրորդ նամակն ուղարկել է փոստի կապի նախարարության տեղեկանքով։ Կոլեկտիվի բողոքը քննարկվել է ՀՀ կապի աշխատողների արհմիության նախագահությունում։ Պրն Խրիստոդուլիդիսին Վ. Ադամյանի հղած նամակում ասվում է. «Հաշվի առնելով, որ Սեւանի ՀՀ աշխատողները հրաժարվել են մտնել «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ կողմից ստեղծված «ԱրմենՏել» հասարակական կազմակերպության (արհմիությանը) կազմի մեջ, Ձեր կողմից հետապնդվում են, ինչը ՀՀ Սահմանադրության խախտում է։ Սեւանի հեռախոսային հանգույցի բարձրացրած հարցերից զատ Ձեր ղեկավարած հիմնարկում մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել 5 մահացու դեպք, որոնք Ձեր աշխատակիցները չեն կապել արտադրության հետ, եւ բազմաթիվ ծանր դժբախտ դեպքեր, որոնց մասին տեղեկացվել է OTE ղեկավարությունը, որից հետո ոչ միայն չի փոխվել աշխատակիցների անպաշտպանվածությունը, այլեւ միջոցներ չեն ձեռնարկվել դրանց կարգավորման համար, պատասխան չեն տրվել ուղարկված նամակներին, հեռագրերին եւ ֆաքսերին։
Այդ ամենը ստիպում է եզրակացություն անել, որ Ձեր ներկայությունը Հայաստանում միայն գումարի ձեռքբերումն է, իսկ ընկերությունում աշխատողների աշխատանքային պայմանները եւ սոցիալական հարցերը բացարձակ չեն հետաքրքրում ոչ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ին, եւ ոչ էլ OTE ֆիրմային։ Այժմ արդեն պարզ է, թե ինչո՞ւ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ ղեկավարությունը ստիպեց աշխատողներին, աշխատանքից ազատելու վախից ելնելով, մտնել իրենց կողմից ստեղծված «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ հասարակական կազմակերպության կազմի մեջ, որը տերերի նման միայն գումարներ է ձեռք բերում եւ ոչ մի արհմիութենական աշխատանք չի կատարում…»։
Մեր զրույցի ընթացքում պրն Ադամյանն ասաց, որ կապի աշխատողներն իրենց պարտականությունները կատարելիս, անվտանգության տեխնիկայի անսարքության պատճառով, մահացության եւ ծանր վնասվածքներ ստանալու դեպքեր են եղել։ «Դեպքը ճիշտ չի ուսումնասիրվել եւ դատախազությանը ներկայացվել է, որ հեռախոսալարի գողություն անելու կամ տանձ քաղելու հետեւանքով է աշխատողը մահացել։ «ԱրմենՏելը» դրանով խուսափում է փոխհատուցումից եւ պատասխանատվությունից»։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ