Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը դեռ ձեւավորված չի

Նոյեմբեր 12,1999 00:00
sahmanadrutyun

Հանրապետությունն արդեն 15 օր ապրում է առանց կառավարության։ Կիսանախագահական մի երկրի համար սա չափազանց մեծ ճոխություն է։ ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «ՀՀ նախագահը նշանակում եւ ազատում է վարչապետին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին։ Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնվելու դեպքում քսանօրյա ժամկետում ընդունում է կառավարության հրաժարականը, նշանակում վարչապետ եւ կազմավորում կառավարություն»։

Հոկտեմբերի 27-ից հետո 20 օրը լրանում է այս ամսվա 15-ին։ ՀՀ նախագահ Քոչարյանը նշանակել է վարչապետ՝ Արամ Սարգսյանին։ Վերջինս պետք է նոր կաբինետ ձեւավորի, այն ներկայացնի նախագահին, այնուհետեւ՝ ԱԺ։ Վերջիններիս խոսքից հետո նոր կառավարությունը հաջորդ 20-օրյա ժամկետում պետք է խորհրդարանին ներկայացնի կառավարության ծրագիրը։ Փաստորեն, կառավարության կազմի հարցում տարաձայնություններն ակնհայտ են։ Այսպիսի հետեւություն անելու իրավունք է տալիս այն իրողությունը, որ դեռեւս կառավարության կազմի հարցում ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետը փոխհամաձայնության չեն եկել։ Եթե լիներ այդ միակարծությունը, ապա վարչապետ Արամ Սարգսյանը օրեր առաջ կներկայացներ կառավարության նոր կազմը։

Նոր վարչապետն, ակնհայտորեն, չի ուզում նախագահի ձեռքին խաղալիք դառնալ։ Նախագահն էլ իր հերթին ձգտում է լծակներ ձեռք գցել, կամ՝ գուցե պահե՞լ ունեցած լծակները։ Լուրեր են պտտվում, որ տարաձայնությունները հիմնականում ծագել են ուժայինների նշանակման հետ կապված։ Սակայն հնարավոր է մեկ այլ սցենար եւս։ Ասենք՝ մոտավորապես այսպիսի. նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թեպետ, Վազգեն Սարգսյանի եղբորը հայտնի ուժերի ճնշման տակ նշանակել է վարչապետ, բայց դա բոլորովին իր սրտով չէ։ Եվ հիմա ժամանակ է շահում, ձգձգում է կառավարության կազմի վերաբերյալ բանակցությունները, մինչեւ կլրանա 20 օրը։ Սահմանադրությունը նախագահին իրավունք տալիս է, որ 20 օր անց, երբ վարչապետի ներկայացրած կազմը նախագահը չի հաստատի, ապա նաեւ լրիվ ազատ կլինի նոր վարչապետ նշանակել։ Արդեն մեկ այլ խնդիր է, թե սրան ինչպես կվերաբերվի ՊՆ հրամանատարական կազմը։ Մի նոր արյունահեղություն այս ժողովրդի համար արդեն չափից դուրս շատ կլինի։

Սցենարը կարող է զարգանալ նաեւ այլ կերպ, այսինքն՝ հրաժարական կտա ՀՀ նախագահը։ Որեւէ այլ երկրի համար սա հնարավոր ընթացք է, քանի որ խորհրդարանական մեծամասնություն վայելողն այս պահին ոչ թե նախագահն է, այլ՝ վարչապետը։ Մանավանդ նախադեպն արդեն տեսել ենք՝ 98-ին խորհրդարանական մեծամասնություն դարձավ երկրապահը, նախագահ Տեր-Պետրոսյանը զրկվեց թիկունքից եւ հրաժարական տվեց։ Վերջին իրադարձություններից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ նոր վարչապետը պետք է վայելի խորհրդարանական մեծամասնության համակրանքը։ Վայելում է, բայց, հավանաբար, այդ բանն այնքան էլ ոգեւորիչ չէ հենց այդ բանն առաջարկողի համար։

Ժամանակին, երբ գրվում էր Սահմանադրությունը, որոշվեց գնալ ֆրանսիական ճանապարհով։ Իսկ ֆրանսիական ճանապարհին Ժակ Շիրակը կարողացավ համակերպվել եւ քաղաքական համաձայնության քայլ կատարեց։ Հավանաբար, հայ լինելը խանգարում է գնալ ֆրանսիական ճանապարհով։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930