Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՆԱ ՄՏԵԼ ԷՐ ՈՒԹ ՀՈԳՈՒ ՍՊԱՆԵԼՈՒ»

Նոյեմբեր 12,1999 00:00

 Հարցազրույց Նաիրի Հունանյանի պետական փաստաբան Արտաշես Պահլավունու հետ

Նախապես պայմանավորվածություն կար, որ պրն Պահլավունին առանձին հարցազրույց կտա մեր թերթին, բայց քանի որ այլ լրատվամիջոցներ եւս դիմել էին նման խնդրանքով, փաստաբանը միաժամանակյա հարցազրույց տվեց։

«Առավոտ»- Ձեր կամքո՞վ եք դարձել Նաիրի Հունանյանի փաստաբանը, թե ձեզ պարտադրել են։

-Ես կարող եմ հրաժարվել, կարող եմ ընդունել առաջարկը։ Ես ընդունել եմ եւ պետպաշտպանության կարգով ես Նաիրի Հունանյանին պաշտպանում եմ։

«Առավոտ»- Դուք այդ պաշտպանության համար վարձատրվում եք պետական բյուջեի՞ց եւ որքա՞ն եք ստանում։

-Այո, ստանում եմ դատախազի մեկ օրվա վարձատրության չափով։

«Առավոտ»- Քանի՞ անգամ եք հանդիպել Հունանյանին։

-Չեմ հանդիպել երեք օր միայն, մնացած օրերին հանդիպել եմ։

«Առավոտ»- Ինչպիսի՞ առողջական վիճակում է Նաիրի Հունանյանը, նկատի ունեմ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեւոր։

-Առողջական վիճակը նորմալ է։ Գրագետ տղա է, հարցերին պատասխանում է։ Առաջին օրը մի քիչ ազդված էր դեպքից, հետո կամաց-կամաց փոխվեց։ Դուք գիտեք հե՞շտ բան է։

«Առավոտ»- Զղջում, անհանգստություն, ափսոսանք կա՞, թե՞ դեռ վստահ է, որ ինքը ճիշտ է վարվել։

-Դա չի արձանագրվում։ Իհարկե, զղջում կա, բայց երեւի պետք է ճշտվի, թե ի՞նչ հոդվածներ են դրված, այսօրվա դրվածները կա՞ն, թե՞ ոչ։ Ինքն ընդունում է ինչ-որ կատարվել է, բայց մեղավոր է, թե մեղավոր չի, այդ բանը պարտադիր չէ, որ ասվի։ Թող քննությունը շարունակվի, հետո դուք կամաց-կամաց կտեսնեք, թե ի՞նչ ուղղությամբ է գնում։

«Առավոտ»- Մուշեղ Մովսիսյանի անունից բացի, նախաքննության ընթացքում այլ անուններ շոշափվե՞լ են։

-Այլ անուններ շոշափվում են, բայց անուններ չեմ ասի, որովհետեւ քննության գաղտնիք է։

«Առավոտ»- Որպես Նաիրի Հունանյանի փաստաբան, ձեզ վրա ճնշում զգո՞ւմ եք, քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերից։

-Ես ոչ մի ճնշում չեմ զգում, եթե լիներ՝ ես կասեի։

«Ազատություն» ռ/կ- Գործողություն կատարելուց հետո Նաիրի Հունանյանը չգիտե՞ր, թե հետո ինչ պետք է անի, արդյո՞ք ինչ-որ մարդկանց էր սպասում։

-Դուք ինքներդ լսեցիք, որ դատախազը ասաց, թե ինչի համար են Մուշեղ Մովսիսյանին ձերբակալում եւ կալանավորում՝ որպես կազմակերպիչներից մեկի։ Եթե կազմակերպիչներից մեկը նա է, ուրեմն նա էլ կարգավորել է որոշ հարցեր։

«Առավոտ»- Հնարավոր է հայտնի դառնա, որ գործի հետ առնչություն ունեցողների ցուցակը շատ երկարի, մինչեւ ո՞ւր կհասնի շարքը։ Եթե ավելի բարձր հասնի ցուցակը, դատախազը ի զորու կլինի՞ ավելի բարձր մեղադրանք ներկայացնել։

-Մինչեւ չապացուցվի, ինչպես որ Մուշեղ Մովսիսյանի մասով ապացուցվեց, չի կարելի մարդկանց մասին տեղեկություն տալ։ Կերեւա գործընթացից, այսօր չեմ կարող ասել։ Եթե մի բան էլ կա, քննության ժամանակ կերեւա։

«Ազատություն» ռ/կ- Բացի Մուշեղ Մովսիսյանից ուրիշ ո՞ւմ հետ է առերեսում կատարվել։

-Միայն Մուշեղի հետ։

«Ազատություն» ռ/կ- Իսկ մյուս մեղադրյալների հե՞տ։

-Նրանց միջեւ հակասություն չկա։

«Առավոտ»- Նաիրի Բադալյանի ձերբակալությունը նո՞ւյնպես Նաիրի Հունանյանի ցուցմունքի հիման վրա է կատարվել։

-Չէ, երեւի միայն այդպես չէ, երեւի քննությունը գտավ, որ նրա կատարածի մեջ էլ ինչ-որ հանցանք կա։

«Ազատություն» ռ/կ- Ցուցմունքներում Նաիրի Հունանյանը նշե՞լ է, թե զենքը որտեղից է ձեռք բերել։

-Դուք արդեն քննության մեջ եք մտնում։ Այդ ամենը կհրապարակվի մեղադրական եզրակացության մեջ։ Ով որ ձեռք է բերել, նա էլ պատասխան է տալիս։

«Ազատություն» ռ/կ- Նա՞ էլ է ձերբակալված։

-Այո, չգիտեմ մեղադրանք կա, թե ոչ, բայց գիտեմ, որ ձերբակալվել է։ Ամեն մեկը մի ձեւով օժանդակել է։ Նաիրիին զենք որտեղի՞ց, ինչ-որ մեկը պետք է օգներ։

«Առավոտ»- Դուք քիչ առաջ Նաիրի Հունանյանի ծնողներին հանդիպեցիք, ո՞ւմ խնդրանքով։

-Նաիրին էր ուզել, ծնողները նույնպես։ Մորը ես առաջին անգամ էի տեսնում։ Խեղճ ծնողներն ի՞նչ անեն, իրենք էլ են շվարած։

«Ազատություն» ռ/կ- Ասում են որպես լիդեր Նաիրի Հունանյանը կարողացել է խմբին համոզել։

-Ամեն մեկն իր պատճառն է ունեցել։ Իհարկե, ասել-խոսելը նշանակություն ունեցել է եւ դա փակ պետք է լիներ, չէր կարելի ամեն մեկին խմբի մեջ վերցնել եւ նման հանցագործություն կատարել։ Բայց ինչո՞ւ է այդպես ստացվել, ինչո՞ւ են այդքան զոհեր եղել, դա կերեւա հետո։ Ես չեմ կարծում, որ նա մտել էր ութ հոգու սպանելու, այդպես չի եղել։ Ինքը չի ընդունում, որ սպանության համար է մտել, վախեցնելու համար են մտել, որ կառավարությունը հրաժարական տա։ Ինքն ասում է, որ չէր մտել սպանություն կատարելու համար։

-Բայց օդ կկրակեր։

-Այդպես էլ եղել է։

«Առավոտ»- Բայց հետո տեսնելով, որ օգնողները չեկան, սպանե՞լ է։

-Ես այդ մանրամասներն իրավունք չունեմ ասելու։ Հունանյանը տեռորիստական ակցիա է կատարել։ Ես նրան պաշտպանում եմ, բայց հարցեր կան, որ չի կարելի հրապարակել։ Թող սենսացիաներ չլինեն, պետք չէ, որովհետեւ մի բան կարող է ապացուցվի, մի բան՝ ոչ։

«Առավոտ»- Հունանյանին բժիշկները զննե՞լ են, ի՞նչ վիճակում է։

-Պետք է քննության ենթարկեն։

«Առավոտ»- Մինչեւ հիմա չե՞ն ենթարկել։

-Եզրակացությունը դեռ չկա, բոլորին պետք է ստուգեն։

«Ազատություն» ռ/կ- Իսկ խմածությունը ստուգվե՞լ է։

-Արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել։

«Ազատություն» ռ/կ- Հունանյանը իսկապե՞ս զանգել է ՀԱԲ-ի Ռազմիկ Վասիլյանին։

-Ոչ, այդպիսի խոսակցություն չի եղել, եթե լիներ էլ, դա հրապարակման ենթակա չէր լինի։

«Առավոտ»- Այս ամբողջ պատմության մեջ չի բացառվում Ռուսաստանի եւ Արեւմուտքի դերակատարումը։ Նախաքննության ընթացքում վերոհիշյալի մասին ինֆորմացիա հնչո՞ւմ է։

-Դեռ չի բացահայտվում նման բան։ Ամեն մեկը մի բան ասում է, բայց չի բացահայտվել։

«Առավոտ»- Ձեր պաշտպանյալին ծեծե՞լ են։

-Չէ, ոչ, դա բացառվում է, որովհետեւ պետք չէ, գրագետ տղա է, խելոք տղա է, եթե մի բան թաքցնում է, հետագայում ասում է։ Հարցերին պատասխանում է, ինքն էլ է գրում։ Եթե մի բան մոռանում է, հետո հիշում է եւ ասում։

«Առավոտ»- Գոնե հիշո՞ւմ է, թե ով է կրակել Վազգեն Սարգսյանին։

-Դուք էլի գնացիք դեպի քննություն։ Այդ մասին ոչինչ չեմ կարող ասել։

«Առավոտ»- Նաիրին գիտի՞, թե ով է ՀՀ նոր վարչապետը։

-Այո, գիտի, բացարձակապես ոչ մի վերաբերմունք, ոչ մի ռեակցիա։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930