ՀՀ նախագահը պնդում է, որ ինքը պետք է նշանակի ուժային նախարարներին։ Բայց դրա օրինակը մենք ունենք, եւ դա մեզ դարձրեց որդեսպան, ծնողասպան եւ ամենինչասպան։ Նախագահն անընդհատ կրկնում է, որ եթե ուժայիններին ինքը չի նշանակում, ուրեմն՝ հրաժարական կտա։ Վարչապետ Արամ Սարգսյանը, աչքի առաջ ունենալով ավագ եղբոր՝ մեր ժամանակների ամենահզոր եւ մեծաշնորհ հայի՝ Վազգեն Սարգսյանի, նախագահի նույնատիպ պահանջին տեղի տալը եւ ի ցավ ու ի ամոթ մեր սերնդակիցների՝ դրա զարհուրելի հետեւանքները, այսօր անզիջում է եւ համաձայն Սահմանադրության ցանկանում է կազմել կառավարություն եւ ներկայացնել նախագահի հաստատմանը։
Պետք է խոստովանեմ, որ ի պատիվ մեր նոր վարչապետի, նա լիովին առաջնորդվում է աշխարհիկ հայրմերով՝ Սահմանադրությամբ։ Մեծարգո նախագահ, ինչո՞ւ եք մեզ վախեցնում, առանց այդ էլ մի լավ վիճակում չենք։ Ժողովուրդը Ձեզ ընտրել է ոչ ուլտիմատումի համար, այլ սահմանադրորեն Ձեր պարտականությունները կատարելու։ Դուք կոչված եք ապահովելու երկրի ու ժողովրդի անվտանգությունը, մինչդեռ Դուք եւ Ձեր ուժային կառույցները չկարողացան պաշտպանել մեր երկրի ամենանվիրյալ զավակին ու ամենանվիրյալ հորը։ Եվ հիմա ինչո՞ւ եք ուզում, որ վարչապետ նշանակող եւ ազատող լինելուց, երկրի նախագահ լինելուց բացի դառնաք նաեւ պաշտոններ նշանակող։ Դուք եք մեր նախագահը։ Եթե այդպես է, սթափ եղեք, թեւ ու թիկունք դարձեք վարչապետին, թույլ տվեք, որ նա իր կաբինետը ձեւավորի եւ միասին առաջ տարեք մեզ՝ ձեր ժողովրդին, ձեր հայրենիքը, եւ թող մեր մեծ մեռելների երազանքը կատարվի։
ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ,
ԱԺ պատգամավոր