Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԵՎՆԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ

Նոյեմբեր 12,1999 00:00

 Ասենք՝ չեն էլ կարող

Հոկտեմբերի 27-ից հետո թվում էր՝ երկրի ճգնաժամը հաղթահարվում է. ընտրվեց ԱԺ նախագահ, ՀՀ նախագահը պաշտպանեց իրեն ներկայացված վարչապետի թեկնածությունը։ Սակայն կառավարության ձեւավորման, մասնավորապես՝ ուժային նախարարների նշանակման հարցում, նախագահ-վարչապետ լարվածությունը հասել է կիզակետին. նախագահը սպառնացել է հրաժարական ներկայացնել։ Ըստ էության՝ վարչապետը օգտվում է իր սահմանադրական իրավունքից եւ կառավարությունը փորձում է կազմել սեփական նախասիրությունների շրջանակներում։

Կառավարության կազմը չհաստատելու սահմանադրական իր իրավունքից օգտվում է նաեւ հանրապետության նախագահը՝ չհաստատելով նոր կառավարության կազմը։ Ըստ Արթուր Բաղդասարյանի, Սահմանադրություն գրողները հաշվի չեն առել այն պարագան, որ երկրի նախագահն ու վարչապետը կարող են եւ համախոհներ չլինել։ Այս ֆոնի վրա իր լիազորությունները լայնացնելու եւ քաղաքական լուրջ գործոն դառնալու փորձ է անում խորհրդարանը։

Երեկ ԱԺ խմբերի ու խմբակցությունների ղեկավարներն ավանդաբար հանդիպեցին լրագրողներին։ Նրանք բոլորը միաբերան դեմ էին հանրապետության նախագահի հրաժարականին, հատկապես Ստամբուլի գագաթաժողովից առաջ։

Կոմկուսի խմբակցության նախագահ Սերգեյ Բադալյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը պարտավոր է դրսեւորել ըմբռնում, իսկ հրաժարականի մասին խոսելը նա համարեց փոքրոգություն. «Նախագահը պարտավոր է լեզու գտնել իր կողմից նշանակված վարչապետի հետ։ Միջնորդի դեր պիտի կատարի «Միասնությունը»։

Նախագահի հրաժարականը, ըստ ԱԺՄ ֆրակցիայի անդամ Արշակ Սադոյանի, ԱԺՄ-ն հիմա չի ծրագրում։

«Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանն իր խմբակցության զորակցությունը հայտնելով ՀՀ նախագահին՝ ամեն դեպքում կարծում է. «Եթե մարդը չի ուզում աշխատել, ժողովրդի համար բարենպաստ պայմաններում, կարող է հրաժարական տալ։ Հոկտեմբերի 29-ին խոսվել է հրաժարականի անհնարինության մասին։ Խնդիրն առաջ է եկել կառավարության կազմի հետ կապված. ո՞նց կարող է լինել երկրի նախագահ, որը մի նախարար չի կարող նշանակել»։

«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանի կարծիքով, «Նավը սուզվում է, մարդիկ մտածում են՝ սուզվող նավի մեջ գնանք, մի երկու ժամ «լյուքս» համարի մեջ ապրենք»։ Սակայն եթե դեպքերը զարգանան այնպես, ինչպես հիմա են զարգանում, եւ եթե նախագահը բարձրացնի վարչապետի պաշտոնանկության հարցը, «Իրավունք եւ միաբանությունը» դա կհամարի միակ ճիշտ սահմանադրական որոշումը եւ կողջունի, ընդ որում՝ երկու ձեռքով։

«Կայունություն» խմբի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն, նույնիսկ վարչապետի հետ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում գտնում է, որ նախագահը այնքան խոհեմ կլինի, որ չի ազատի վարչապետին։ «Այսինքն՝ ի՞նքը հրաժարական կտա» հարցին ի պատասխան պրն Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ նրանք կոմպրոմիսի կգան։

Իրեն հատուկ ընդհանուր ոճով խոսք ասաց նաեւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը. ճիշտ համարեց խնդրի քաղաքական կարգավորումը՝ հիշեցնելով, որ երկրում քաղաքական պատասխանատվությունը կրում է «Միասնություն» դաշինքը։ Ինչ վերաբերում է նախագահի եւ վարչապետի գործողությունների սահմանադրական լինելուն, պրն Թորոսյանը նկատեց, թե այդ հարաբերությունները միայն օրենքի տառով չէ, որ կարգավորվում են։

ՀՅԴ խմբակցությունը նույնպես դեմ է նախագահի հրաժարականին։ Թեեւ նախագահի քաղաքական հենարան լինելու փաստը Դավիթ Լոքյանը սահուն ձեւակերպեց այս կերպ, թե իրենք նախագահի հենարանը չեն։ Պարզապես ընտրություններին նրան աջակցել են։ Ինչպես 96-ին աջակցել են Վազգեն Մանուկյանին։ Արտաշես Գեղամյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը ներկա քաղաքական ճգնաժամը արհեստականորեն հրահրվող են համարում։

Եթե Արթուր Բաղդասարյանի կարծիքով խորհրդարանը քաղաքական պրոցեսներից այսօր հեռու է մնացել, Սերգեյ Բադալյանի տեսակետն այն է, թե հիմա քաղաքական կայունության հիմնական երաշխիքը ԱԺ-ն է։ Ամեն դեպքում, մի հարցում բոլորը համակարծիք էին՝ նախագահն ու վարչապետը պարտավոր են միմյանց հետ լեզու գտնել եւ նեղ, խմբակային շահերը ստորադասել պետության շահերին։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Ֆրակցիայի նախագահները եւ պատգամավորները ավելի անկեղծ նախընտրում են լինել խորհրդարանի միջանցքներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930