«Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը «Առավոտի» հարցին ի պատասխան հերքեց որոշ հրապարակումներում պարունակվող այն պնդումը, թե ինքն ԱԺ նախագահի պաշտոնում չի առաջադրվել, քանի որ այդպես էր ցանկացել ԶՈՒ հրամկազմը. «Նրանք չեն զբաղվում քաղաքականությամբ եւ իրավական ոչ մի հիմք էլ չկա, որ որոշեն՝ ով պիտի լինի ԱԺ նախագահը, ով՝ ոչ»։ Իսկ իրական պատճառն իրոք էլի դեռ գարնանը ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունը պահպանելն է եղել։ Իսկապես, հրամկազմը չի զբաղվում այնպիսի մանր, անկարեւոր եւ զուտ արարողակարգային պաշտոններով, ինչպիսին է ԱԺ նախագահը։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ազգային ռադիոյի աշխատակիցները չեն ստացել օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների աշխատավարձը։ Գանձապետարանից ռադիոյի աշխատակիցներին հավատացրել են, թե գումարը փոխանցված է, իսկ ռադիոյի հաշվապահությունն այդ գումարը չի ստացել։ Նույնիսկ այսպես խաբված, առանց աշխատավարձի ռադիոյի աշխատակիցները շարունակում են իրենց գործը, հույսով, թե իրենց էլ վերջապես կհիշեն եւ կվճարեն աշխատած ամիսների փոխարեն։