ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ պաշտպանության բանակի հրամանատարության հետ էլ հարաբերություններն աշխատանքային են եւ բնականոն։ «Հակառակորդի հետ շփման գծի ողջ երկայնքով որեւէ լուրջ միջադեպ կամ արտառոց վիճակ չի գրանցվել։ Ինչ վերաբերում է ներքին իրավիճակին, ապա այստեղ էլ որեւէ լարում չկա. Ղարաբաղն ապրում է սովորական, առօրյա կյանքով»,- հավաստեց պարոն Օհանյանը։ Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ողբերգությանը, պաշտպանության նախարարն ասաց, որ ողջ հայ ժողովրդի պես ղարաբաղցիները ցնցված են տեղի ունեցած ոճրագործությունից եւ հույս ունեն, որ կբացահայտվեն բոլոր հանցակիցները։ «Մենք սգում ենք Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Լեոնարդ Պետրոսյանի եւ ահաբեկչության մյուս զոհերի ողբերգական մահը։ Վազգեն Սարգսյանը մեզ համար ոչ միայն Հայաստանի վարչապետն էր, մեր բանակի Սպարապետը, այլեւ՝ Ղարաբաղի ամենանվիրյալ պաշտպանը։ Գիտեք, որ ղարաբաղցիները Վազգեն Սարգսյանին շնորհել էին «Արցախի հերոս» կոչումը…»։
Ա. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ